«Վարչության պետը մարզպետի հետ առճակատմա՞ն է գնում»

Դպրոցների թափուր պաշտոնների մրցույթների, կրթօջախների տարբեր խնդիրների մասին պարզաբանում է Շիրակի մարզի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հրայր Կարապետյանը:

Սկիզբը` այստեղ

-Պարոն Կարապետյան, 2014 թվականին կառավարության որոշմամբ Գյումրիում 3 պետական դպրոց միավորվեց. մշակույթի վարժարանը` նախկին թիվ 12 ավագ, թիվ 44, թիվ 17 հիմնական դպրոցները: Այս գործընթացից հետո Դուք ի՞նչ փոփոխություններ եք նկատել:

-Նկատել եմ, որ ուժերի ավելի ռացիոնալ օգտագործում է տեղի ունենում եւ կրթական որակը` տվյալ պարագայում նշված դպրոցներում, ավելի նորմալ վիճակի է հասցված:

-Դուք վերջին օգոստոսյան խորհրդակցության ժամանակ նշեցիք, որ մարզային ենթակայության դպրոցներն ունեն գույքի խնդիր, «Ասպարեզը» եւս այցելել է եւ արձանագրել որոշ դպրոցների գույքի իրական վիճակը: Իսկապես խնդիրները շատ են:  Դուք առաջիկայում այդ դպրոցների գույքի համալրման, թարմացման խնդրի կարգավորման ուղի տեսնո՞ւմ եք:

-Բարձրաձայնել եմ եւ շարունակելու եմ բարձրաձայնել. խնդիրը միայն գույքի հետ կապված չէ, նաեւ դպրոցի շենքային պայմանների հետ է կապված, որը բարոյապես մաշվել է: Ջեռուցման համակարգերի, տանիքների, պատուհանների, աշակերտական գույքի խնդիր ունենք, որ տասը տարուց ավել դպրոցները աշակերտական գույքի թարմացում չեն կազմակերպել, քանի որ լրացուցիչ ֆինանսավորում չի եղել:

-Խնդրի կարգավորման տարբերակը ո՞րն է:

-Այսօր տնօրեններն իրենք փորձում են իրենց ուժերով հնարավորություններն օգտագործել` այլ լրացուցիչ ծրագրերին մասնակցելով, բայց սա հարցի լուծում չէ, պետք է կոնկրետ պետական մոտեցում, որպեսզի կարողանան այդ ամեն ինչը թարմացնել:

-Անդրադառնանք Գյումրու թիվ 23 դպրոցի պատմությանը: Մի քանի ամիս առաջ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել էր քրեական գործ: Նշում եք, որ հիմա դեռեւս շարունակվում է նախաքննությունը: Ի՞նչ եք կարծում, սա արդարացված բողո՞ք էր, կամ արդյո՞ք սպասելի էր տնօրենից նման բան: Տեղյակ եք նաեւ, որ մինչ գործի դատախազություն հայտնվելը «Ասպարեզը» տնօրենի գործունեության մասին նամակ-բողոք էր ստացել: Խոսքը կոնկրետ ներառական կրթության մասին է:

-Իմ դիրքորոշումը ես ավելի հստակ կներկայացնեմ նախաքննության ավարտից հետո: Այս պարագայում չփորձեմ ասել էնպիսի միտք, կարծիք արտահայտել, որը նախաքննության շահերից չի բխում եւ ընդհանրապես դեռ վերջնական հստակեցված չէ` ինչպիսի՞ խնդիր էր` օբյեկտի՞վ էր, թե՞ սուբյեկտիվ:

-Հիմա այդ դպրոցում ուսումնական գործընթացը նորմա՞լ է ընթանում:

-Ամեն ինչ նորմալ ընթանում է, բոլորն իրենց տեղում աշխատում են, նախաքննությունն ընթանում է:

 -Պարոն Կարապետյան, անդրադառնանք նաեւ Գյումրու պետական դպրոցներում իրականացվող նախադպրոցական կրթության ծրագրին: Տեղյակ եք, որ դպրոցների` այդ ծրագրի իրականացման ընթացքում «Ասպարեզը» բազմաթիվ դժգոհություններ է ստացել համայնքապատկան մանկապարտեզներից ու ծնողներից: Ապա դժգոհություններին ու բողոքներին արձագանքելով` Շիրակի մարզպետը գրավոր տեղեկացրեց, որ ծրագիրը կասեցվել է մարզում: Դուք չե՞ք կարծում, որ դա ԿԳ նախարարության մշակած ռազմավարական ծրագրի խախտում էր եւ նման նախակրթարանները պետք է բացվեին միայն գյուղական համայնքներում, եւ ոչ թե Գյումրիում:

-Նույն հարթության վրա չեն գտնվում նախադպրոցական կրթություն կազմակերպող պետական դպրոցներն ու համայնքապատկան մանկապարտեզները: Դրանք բացարձակապես այլ ծրագրեր եւ այլ ուղղվածություն ունեն. դպրոցում 5 տարեկան երեխա են ընդունում, իսկ համայնքապատկան մանկապարտեզներում` այլ տարիքի: Նմանատիպ շատ հարցեր կան` քնելու, սնվելու, ծրագրային առումով որոշակի տարբերություններ կան, իսկ եթե կարողանում են կազմակերպել, ես դրանում վատ բան չեմ տեսնում, նույնիսկ եթե վարձավճարների չափով համեմատենք, դրանք տարբեր հարթության վրա են գտնվում: Դպրոց ընդունվող երեխաների միայն 60 տոկոսն է հաճախել համայնքապատկան մանկապարտեզներ, մնացած տոկոսը ֆինանսական պատճառներով դուրս էին մնում, անհավասար պայմաններ էին ձեւավորվում: Իսկ այսօր այդ հնարավորությունը տրված է` ավելի մատչելի եղանակով, ավելի համեստ կարգավիճակով:

-Սակայն դպրոցներում նախադպրոցական տարիքի երեխաների ընդունելությունը չէր համապատասխանում ծրագրի պահանջներին: «Ասպարեզը» փաստեր ունի, որոնք ապացուցում են, որ կատարվել են խախտումներ: Դպրոցներում երեխաների ընդունելությունը կատարվել է անգամ 3 տարեկանից սկսած, որի իրավունքը դպրոցը չի ունեցել:

-Սկզբնական շրջանում նմանատիպ խախտումներ որոշակի եղել են, բայց հիմա այդ հարցը փակված է: Շատ խստորեն հետեւում ենք, բոլորի կողմից ուշադրության կենտրոնում ենք պահում, որ չկարողանան 3 տարեկան երեխաներ ընդունել:

-Խոսենք նաեւ մրցույթներից: Շիրակի մարզում սպասվում են շատ դպրոցների տնօրենների թափուր պաշտոնների մրցույթներ: Դուք մրցույթների մասնակիցներից ստանո՞ւմ եք դժգոհություններ. օրինակ` փաստաթղթեր ներկայացնելիս, մասնակիցը հանդիպո՞ւմ է խոչընդոտների:

-Ոչ, ի պատիվ դպրոցների կառավարման խորհուրդների` նման տեխնիկական խնդիրների դեռ չենք հանդիպել, նման խնդիրներ չեն բարձրաձայնվել ոչ մեկի կողմից. ովքեր ցանկություն են հայտնել մասնակցելու, մասնակցել են:

-Օրինակ` 5-6 տարի առաջ «Ասպարեզը» դժգոհություն ստացավ այն քաղաքացիներից, որոնք մրցույթին ցանկանում էին մասնակցել, սակայն դպրոցի զարգացման ծրագրի ներկայացման համար անհրաժեշտ տեղեկությունները չէին կարողանում ստանալ, ավելի ճշգրիտ` հանդիպում էին խոչընդոտների, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարները անհրաժեշտ տեղեկություններ չէին տրամադրում: Դուք նման դժգոհություն ստացե՞լ եք մրցույթի մասնակիցներից:

-Չեմ բացառում, բայց այդ բողոքները կարող են նաեւ սուբյեկտիվ լինել` ինչ-ինչ պատճառներով, բնականաբար, յուրաքանչյուրն իր դիմացինին մրցակից է տեսնում: Բայց էսօր նման խնդրի չենք հանդիպել, եթե հանդիպենք, մեծ ուշադրություն կդարձնենք:

-Վերջերս Ձեր նախկին պաշտոնի` Գյումրու թիվ 11 հիմնական դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթն էր, 3 մասնակից էր փաստաթուղթ ներկայացրել, բայց ներկայացան 2-ը: Մրցույթը ինչ-ինչ պատճառներով հետաձգվեց, մարտի 7-ին նոր մրցույթ է կայանալու: Դուք տեսնո՞ւմ եք այս պաշտոնի արժանավորին:

-Իհարկե, տեսնում եմ: Կարեւորը անցնի արժանի մանկավարժ, տնօրենը լինի, էնպիսի անձնավորություն, որը կարողանա վերջին տարիներին հաջողության հասած 11-րդ դպրոցը բարձր պահել: Վերջին 3 տարվա ընթացքում անընդհատ աշակերտական համակազմը աճել է, մոտ 300-ից ավել աշակերտ ավելացել է:

-Վերջին շրջանում տեղեկություններ էին հասել «Ասպարեզին», որ Գյումրու թիվ 11 դպրոցի տնօրենի պաշտոնը կռվախնձոր է դարձել որոշ պաշտոնյաների միջեւ, այդ թվում` շոշափվում էր նաեւ Ձեր անունը: Ինչպե՞ս եք արձագանքում այս տեղեկություններին:

-Ցավով պետք է նշեմ, որ մարդիկ իրենց անհիմն ենթադրությունները փորձում են տեղեկացնել 3-րդ կամ 4-րդ անձի շուրթերից հնչող մտքերով, կարծիքներով: Բացարձակապես նման բան չկա, բացարձակապես սուտ է, իրականությանը չի համապատասխանում: Եթե ավելի խորը վերլուծենք` ո՞նց եք պատկերացնում, վարչության պետը մարզպետի հետ առճակատմա՞ն է գնում, կամ ի՞նչ առճակատման մասին է խոսքը, երբ բոլորին հնարավորություն է տրված մրցույթին մասնակցելու: Ոչ ոք ի պաշտոնե իրավունք չունի եւ չի էլ փորձել ինչ-որ մեկին խոչընդոտել: Հաջորդ քայլն ասեմ` ընտրողը մարզպե՞տն է, թե՞ վարչության պետը, իհարկե, կառավարման խորհուրդն է, իսկ եթե կառավարման խորհրդի կազմը տեսնենք շատ ավելի պարզ կլինի, կհասկանանք, որ կառավարման խորհրդի կազմում գտնվող ծնողի կամ այլ ներկայացուցիչներից ո՞ւմ վրա ի՞նչ ազդեցություն կարող ենք ունենալ մենք: Սա պարզապես ծիծաղելի է, ընդհանրապես հետագայում էլ, եւ ցանկալի կլիներ, եւ նաեւ խորհուրդ բոլորին` ավելորդ մտքեր ու կարծիքներ չարտահայտեն, որոնք իրականության հետ բացարձակ կապ չունեն:

-Իսկ ե՞րբ է կայանալու Ձեր պաշտոնի մրցույթը, ի՞նչ եք կարծում, բացի Ձեզնից այլ մասնակիցներ կլինե՞ն:

-Չեմ կարող ասել` կլինե՞ն, թե՞ չեն լինի, իսկ մրցույթը կայանալու է հունվարի 31-ին:

Զրուցեց Անի Մկրտչյանը

Դիտումներ՝ 663

Մեկնաբանել

comments