Շիրակի մարզպետի համեստ ու պարզ կյանքի ուղին

«Խնայող էի, ավելի շատ զսպված եմ եղել, ինքնուրույնության սովոր»

«Ժամանակը ամենաթանկ բանն է. երբ սկսում ես ավելի բարձր պաշտոններ զբաղեցնել եւ շատ է լինում ծանրաբեռնվածությունը, նոր ես զգում ժամանակի պակասը»,-Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանն ամփոփում է պաշտոնավարման դժվարություններն ու անկեղծանում, միաժամանակ ափսոսում, որ երիտասարդ տարիներին մարդիկ ժամանակն անխնա են վատնում:

«Երբ երիտասարդ էինք, ժամանակը փորձում էինք ծախսել անխնա, հիմա, երբ ժամանակը չի բավարարում, հասկանում ես, թե տարիների ընթացքում ինչքան սխալ ես եղել, որ ամենաթանկ բանը` ժամանակը, արդյունավետ չես օգտագործել… թեկուզ երիտասարդ տարիներին, թեկուզ միջին տարիքում, զգում եմ, որ, իրոք, ամենաթանկ բանը ժամանակն է, առավել եւս երբ պետական պաշտոն ես զբաղեցնում, հասկանում ես, որ ամենաթույլ կողմը ժամանակն է, որ չի բավարարում օրվա ընթացքում»:

Հ.Սիմոնյանը խոստովանում է` հոգնածություն հաճախ է զգում, սովորաբար աշխատանքից տուն վերադառնում է երեկոյան ժամերին` 20:00-ին, աշխատանքի գալիս է վաղ առավոտյան: Ասում է. «Փորձում եմ անել այն, ինչ չեմ արել երեկոյան»:

Տուն վերադառնալիս փորձում է աշխատանքից կտրվել, սակայն հաջողվում է միայն ֆիզիկապես:  «Մտավոր հաստատ չեմ կտրվում, ընդհանրապես ես միշտ մտածում եմ, որ եթե մարդը ինչ-որ խնդիրներ ունի, նույնիսկ քնած տեղը պետք է մտածի:  Երեւի ընտանեկան պայմաններում եմ միշտ որոշում կայացնում: Տանեցիներին թվում է, թե ես հանգիստ նստած եմ, հեռուստացույց եմ դիտում, բայց այդ ընթացքում հաստատ մտքումս այն խնդիրներն են, որոնք ինձ մոտ թերի են, լուծման կարիք ունեն»,-պատմում է Հ.Սիմոնյանը:

«Մարդ ինչքա՞ն կարող է այդ հեռախոսին, ցանցին կպած լինել»

Տան մթնոլորտում Շիրակի մարզպետը սիրում է ընթերցել, չի առանձնացնում հատուկ գրականություն: «Երիտասարդ տարիներին ամեն ինչ կարդացել եմ, հիմա էլ, չի եղել, որ մի ուղղվածություն ունենամ ու դրանով սահմանափակվեմ, փորձել եմ ամեն ինչից օգտվել, չունեմ նախընտրած այս կամ այն գիրքը»,-բնութագրելով իրեն` ասում է Հ.Սիմոնյանը: Նա չի առանձնացնում նաեւ երաժշտության տեսակը, ամեն ինչ է լսում: «Մոտս ամեն ինչից կա»-շարունակում է:

Շիրակի մարզպետը նորություններին հաճախ է հետեւում, շատ է սիրում դիտել հեռուստացույց` տարբեր հաղորդումներ, չի առանձնացնում թեմաները. ասում է` կենդանիների, խոհանոցի մասին պատմող հաղորդումների եւս հետեւում է: «Սիրում  եմ դիտել գեղարվեստական կինոնկարներ, այդ ընթացքում էլ եմ մտածում»,-ասում է: Մարզպետի համար լրատվության հիմնական աղբյուրը հեռուստացույցն է: Համացանցով շատ քիչ է հետաքրքրված, երբեմն է օգտվում:

«Ինքս մեկ-մեկ ասում եմ` մարդ ինչքա՞ն կարող է այդ հեռախոսին, ցանցին կպած լինել»,-ասում է` ժպտալով:

Մարզպետը ամեն ինչով հետաքրքրված է եղել նաեւ դպրոցական տարիներին: Բոլոր առարկաներն էլ սիրել է, հավասար է սովորել, տարբերություններ չի դրել առարկաների միջեւ:

«Ի տարբերություն մյուսների, համարյա թե բոլոր առարկաները հավասար էին ինձ մոտ, բայց միջին թվաբանականն ինձ մոտ ամենաբարձրն էր, թե աշխարհագրությունը, թե պատմությունը, թե քիմիան, թե մաթեմատիկան, թե ֆիզիկան եղել են հավասար մակարդակի վրա, բայց ունեցել ենք շատ տաղանդավոր երեխաներ»:

Լեռնակերտի միջնակարգ դպրոցում սովորելուց հետո, 8-10-րդ դասարաններում Հովսեփ Սիմոնյանը ուսումը շարունակել է Երեւանի պետական համալսարանին կից ֆիզմաթ դպրոցում, անկեղծանում է` դասարանում եղել են տաղանդավոր երեխաներ, բացարձակ գերազանց աշակերտներ: Ֆիզմաթ դպրոցում ուսանելու տարիները մարզպետը երանությամբ է հիշում:

«Մենք ծնողներից հեռու ենք ապրել, բայց դպրոցում քնել ենք, սովորել ենք, սնվել ենք, բավական լուրջ դաստիարակություն ենք ստացել: Երբ 10-րդ դասարանն ավարտում էինք, արդեն ինքնուրույն մարդիկ էինք, որոշները նույնիսկ Մոսկվա գնացին սովորելու»:

Մարզպետի մանկությունն անցել է Շիրակի մարզի Լեռնակերտ գյուղում, 8 երեխա են եղել, 5-րդ զավակը ինքն է եղել: Երեխաների միջեւ տարիքային տարբերությունը քիչ է եղել, մի քանի տարի, բացառությամբ ավագ եւ կրտսեր քույրերի, ուղիղ 20 տարվա տարբերություն կա նրանց միջեւ:

Հովսեփ Սիմոնյանի ծնողները բավական դժվար ճանապարհ են անցել: «Մերոնց աքսորել են խորհրդային տարիներին, Սիբիրում բավական դժվարությունններ են ունեցել, մեկ քույրս ծնվել է աքսորում: Հայրիկիս` որպես աքսորվածի, աշխատանք չեն տվել»,-պատմում է մարզպետը:

Հայրը աշխատանք չգտնելով Լեռնակերտում` մեկնել է արտագնա աշխատանքի, մայրն է զբաղվել երեխաների դաստիարակությամբ:

«Լավ դաստիարակություն ենք ստացել»,-հիշում է Հ.Սիմոնյանն ու ավելացնում, որ Երեւան տեղափոխվելիս` գիտելիքների առումով կաշկանդված չի եղել: Շատ մեծ նշանակություն են ունեցել ծնողներն ու գյուղի դպրոցը:

Դպրոցական տարիների ամառային արձակուրդներն հիմնականում անցել են Ռուսաստանի պիոներական ճամբարներում: «Ինքնուրույնության սովոր էի, սկսած 3-րդ դասարանից ես պարբերաբար Եկատերինբուրգում պիոներական ճամբարներ եմ մեկնել, հայրիկս այնտեղ է աշխատել»:

Հ.Սիմոնյանի հայրը մահացել է երիտասարդ տարիքում, տան ամբողջ հոգսն ընկել է մոր ուսերին:

«Միշտ հասկացել եմ` որտեղ գումարը ծախսեմ»

Քույրերից եւ եղբայրներից տարբերվել է Հ.Սիմոնյանը:  «Խնայող էի, ավելի շատ զսպված եմ եղել, չգիտեմ` ինչքանով եմ ճիշտ: Երբ որ մեզ փող էին տալիս, եղբայրներս միշտ այդ փողը շատ արագ օգտագործում էին, ծախսում էին, քաղցրավենիք եւ այլն էին գնում: Ես միշտ այդ փողից որոշակի մի բան առանձնացնում էի, երբ որ ինչ-որ խնդիրներ էին լինում, ասում էի` այս հարցը լուծեք, ձեզ փող կտամ,-իրեն բնութագրելով` պատմում է մարզպետն ու լիաթոք ծիծաղում,-միշտ զսպված եմ եղել, իրականում ամեն ինչից օգտվել եմ, բայց կատարել եմ շատ չնչին գումարներով, շատերը չեն էլ զգացել, որ ես այդ գումարն ունեմ, միշտ հասկացել եմ` որտեղ գումարը ծախսեմ, ունեցել ենք ընկերական շրջապատ, երբ ուսանող էի Ռուսաստանում, նաեւ աշխատել եմ իրիկունները, որպեսզի իմ ընկերներից հետ չմնամ, փորձեմ այդ ամենը կարգավորել, երեւի այդ կյանքում ինձ շատ պետք եղավ  ու ոչ մեկն էլ դա չզգաց, թե իրականում ես ինչ փող ունեի, ունե՞ի, թե՞ չունեի, կա՞ր, թե՞ չկար, բոլոր տեղերում էլ եղել եմ, բարձր վիճակում, էնպես չի եղել…»:

Մարզպետը ինչպես դպրոցում, այնպես էլ համալսարանում լավ է սովորել:

«Սովորել եմ շատ լավ, որ չասեին թե, սա հայ է: Երբ որ առաջին կուրսում էի, ասում էին` մի հատ խելացի հայ է եկել, միանգամից տոմս է վերցնում ու պատասխանում է, չի նստում, չի պատրաստվում: Ես կարող էի ուրիշ մասնագիտություն ընտրել, բայց ավարտել էի ֆիզմաթ դպրոցը: Առաջարկություն եղալ Մոսկվայի Լոմոնոսովի համալսարանի ուսանող դառնալ, սակայն հնարավոր չէր, մայրիկս մենակ էր, ես չէի կարող, բայց արդյունքում էլի Ռուսաստանում կրթություն ստացա»:

«Ուրախ եմ, որ մեկ անձի մեջ ամեն ինչ գտել եմ»

Մարզպետի համար կյանքի ամենահետաքրքիր շրջանը ամուսնությունն է եղել: Ամուսնացել է, երբ վերադարձել է խորհրդային բանակից եւ ուսանել ՌԴ Տյումենի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում: Կինը եւս սովորել է նույն համալսարանում` տնտեսագիտության ֆակուլտետում, ամուսնացել են Ռուսաստանում, առաջնեկը` Կորյունը, ծնվել է Ռուսաստանում` 1984 թվականին:

«Հիշում եմ` միասին իրար հետ ինքնաթիռում ենք եղել, ամառային արձակուրդին միասին էինք Ռուսաստանից գալիս, հետո վերադառնում էինք: Մի անգամ եկավ, պիտի թռնեինք, մամաս ասաց` լավ աղջիկ էր եկել, քեզ էլ հարցնում էր, ասացի` մա ջան, ես իրան չեմ ճանաչում, մի 10 օր է` ծանոթացել ենք Ռուսաստանում: Ասաց` լավ աղջիկ է, ամուսնացի հետը: Հետո անցավ մեկ տարի, տարի ու կես, մորս ասածը դուրս եկավ, որ էդպես պետք է լիներ»,-պատմում է մարզպետը:

Կինը` տիկին Հասմիկը, այսօր բանկում գլխավոր հաշվապահ է աշխատում. մարզպետի խոսքով` կինը ծնունդով կիսագյումրեցի, կիսաջավախքցի է, Հայաստանում է հայերեն սովորել գրել-կարդալ, հիմնական խոսել:

«Ինձ համար ավելի շատ եղել է ընկեր, ես ուրախ եմ, որ մեկ անձի մեջ ամեն ինչ գտել եմ», -բնութագրելով տիկնոջը` ասում է Հ.Սիմոնյանն ու նշում.

-Ռուսաստանում շատ քչերն էին, որ ամուսնանում էին հայ աղջիկների հետ, կային տարբեր խնդիրներ: Հայ տղաները փորձում էին ռուսների հետ ամուսնանալ. իրենց սոցիալական խնդիրն էլ դրանով լուծվում էր, նաեւ տան խնդիր էր լուծվում: Այն ժամանակվանից սիրել եմ իմ ազգը, հայրենիքը եւ այնտեղ էլ փորձել եմ միշտ ավելի բարձր մնալ:

Շարունակելի

Լուսանկարները` Հ. Սիմոնյանի

Անի Մկրտչյան

Դիտումներ՝ 1492

Մեկնաբանել

comments