Ծակից ելավ, ծակը մտավ

Ասք «քաղաքականությամբ զբաղվելու համար առանձնապես խելք պետք չէ» տեսության հեղինակի մասին

Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը լքում է ՀՀԿ-ն, կամ՝ ՀՀԿ-ն է լքում իրեն: Հանրապետական կուսակցությունից դուրս գալու մասին շրջանառվող տեղեկությունները նա հաստատել է «Առավոտի» հետ զրույցում: Միաժամանակ Հովիկ Աբրահամյանն հայտարարել է, որ մնալու է քաղաքականության մեջ:

Հիմա այս քայլի քաղաքական ինտրիգը ո՞րն է:

Երբ Հովիկ Աբրահամյանը պաշտոնանկ արվեց վարչապետի պաշտոնից, արդեն իսկ պարզ էր, որ նա այլեւս ՀՀԿ-ում ու իշխանության մեջ այն տեղն ու դերակատարությունը չի ունենալու, ինչ ուներ մինչ այդ: Այդ ժամանակվանից նա անցավ ընդհատակ, գրեթե չէր մասնակցում ՀՀԿ-ի խորհրդի ու գործադիր մարմնի նիստերին, չնայած ղեկավար կազմի անդամ էր:

Վարչապետի աթոռը լքելուց անմիջապես հետո սկսեցին ինտենսիվ խոսակցություններ տարածվել, որ Հովիկ Աբրահամյանը լքելու է ՀՀԿ-ն: Այդ հարցը օրակարգում մնաց այս ողջ ժամանակաշրջանում: Չնայած ինքը կիսաբերան միշտ հերքում էր դա, ՀՀԿ-ի խոսնակները եւս չէին հաստատում այդ լուրերը, սակայն բոլորի համար էլ հասկանալի էր, որ քաղաքական ու պաշտոնեական մեծ ամբիցիաներ ունեցող Հովիկ Աբրահամյանի համար ՀՀԿ-ն այլեւս ճանապարհ չէ եւ վաղ թե ուշ՝ նա դուրս է գալու այդ կուսակցությունից:

Չնայած Հովիկ Աբրահամյանը գտնում է, որ Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելու համար առանձնապես խելք պետք չէ, այնուհանդերձ նա զբաղեցրել է բոլոր հնարավոր բարձր պաշտոնները. մարզպետ, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, նախարար, ԱԺ նախագահ, փոխվարչապետ, վարչապետ: Այսինքն՝ միայն հանրապետության նախագահ չի եղել:

Հովիկ Աբրահամյանի պաշոնեական էական առաջխաղացումը սկսվել է Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին: Չնայած Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք էլ ունեցել է պաշտոններ, սակայն դրանք քաղաքական ազդեցության առումով այնքան էլ հանգուցային չեն եղել: Ռ. Քոչարյանի ձեւավորած իշխանության ու ավազակապետության բուրգում նա եղել է կենտրոնական ֆիգուրներից մեկը. քրեաօլիգարխիկ համակարգի սյուներից մեկը, ընտրակեղծարարական մեխանիզմի առաջամարտիկը, կոռուպցիայի հայրերի թվում առաջնային դերակատարը:

Երբ անսպասելիորեն մահացավ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Հովիկ Աբրահամյանն ուներ այդ աթոռին տիրանալու ախորժակ: Սակայն այն բաժին հասավ Սերժ Սարգսյանին: Հենց այդ ժամանակվանից սկսվեց նրա ու Սերժ Սարգսյանի միջեւ բացահայտ, բայց լուռ հակամարտությունը: Չնայած իր իշխանության օրոք Սերժ Սարգսյանը ամենաբարձր պաշտոններն է վստահել Հովիկ Աբրահամյանին, սակայն դա արել է ստիպված, ոչ իր սրտով:

Երբ Ռոբերտ Քոչարյանն ու Գագիկ Ծառուկյանը հիմնադրեցին ԲՀԿ-ն՝ որպես ՀՀԿ-ին մրցակից, Հովիկ Աբրահամյանն ընկալվեց այդ կուսակցության ոչ պաշտոնական անդամ: Մնալով ՀՀԿ-ի կազմում, նա ինչ-որ տեղ համարվում էր նաեւ ԲՀԿ-ական, կամ գտնվում էր ԲՀԿ-ի քաղաքական ծրագրերի առանցքում: Նա մշտապես շեշտում էր, որ ինքը քաղաքական դաշտում հավասարակշռող դերակատարություն ունի: Ըստ էության, նկատի ուներ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ հավասարակշռությունը:

Սերժ Սարգսյանի իշխանության օրոք նա բարձր պաշտոնների նշանակվեց հենց այդ հավասարակշռության գործոնի շնորհիվ, ինչ-որ տեղ ԲՀԿ-ի ու իր խնամի Գագիկ Ծառուկյանի պահանջով:

Չնայած Ծառուկյանին լիկվիդացնելու սերժսարգսյանական օպերացիայի ընթացքում Հովիկ Աբրահամյանն էլ լծվեց իր խնամուն «բամփելու» գործին, սակայն նրա այդ հայտարարություններն ընդամենը ձեւական, ի պաշտոնե բնույթ ունեին: Հետո նա ակտիվ դերակատարություն ունեցավ Ծառուկյանի հարցերը սահուն ջրելու գործին, որպեսզի իր խնամին շատ վնասներ չկրի:

Հիմա վերը նշված ինտրիգի մասին: Եթե Հովիկ Աբրահամյանը հեռանար ՀՀԿ-ից եւ հայտարարեր, որ քաղաքականությամբ չի զբաղվելու, այլ ամբողջապես նվիրվելու է, ասենք, բանջարաբոստանային գործին, այդ ժամանակ որեւէ ինտրիգ չէր լինի: Այդ դեպքում կարելի կլիներ մտածել, թե մարդը խելքովցել է ու այլեւս չի ցանկանում զբաղվել քաղաքականությամբ:

Սակայն նա հայտարարել է, թե մնալու է քաղաքականության մեջ, եւ այդ դեպքում ինտրիգն այն է, թե ո՞ր ուժի կազմում ու ի՞նչ դաշտում: Չնայած իրականում այստեղ այնքան էլ ինտրիգ չկա, քանի որ Գագիկ Ծառուկյանի վերջին հայտարարությունից հետո (այն հայտարարության, որ ինքը վերադառնալու է քաղաքականություն ու մեծ դաշինք ձեւավորելով՝ մասնակցելու է խորհրդարանական առաջիկա ընտրություններին), հարցի պատասխանն առավել քան պարզ է. քոչարյանական ուժերը հավաքվում են իրար գլուխ՝ որպես «ընդդիմադիրներ»:

Հայոց քաղաքականության հերթական զավեշտներից մեկը:

Համլետ Կիրակոսյան

Դիտումներ՝ 241

Մեկնաբանել

comments