ՀՀԿ-ական լինելու «պատիվն ու հպարտությունը»

«ՀՀԿ-ական լինելն ինձ համար պատիվ ու հպարտություն է, եւ կարծում եմ` բոլորի համար պիտի լինի պատիվ ու հպարտություն»,- հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդվարդ Շարմազանովը: Նման է, չէ՞, կոմունիստների ասած՝ «կուսակցությունը մեր միտքն է, մեր խիղճն ու պատիվը»:

Որքան էլ Շարմազանովը ասի, թե՝ «եթե ձեզ թվում է, որ ՀՀԿ-ն Կոմկուս է, ու մեզ մոտ ոչ մի քննարկում չի լինում, չարաչար սխալվում եք, երբ քվեարկություն է լինում ու քննարկում, լինում են կողմ ու դեմ ձայներ, բայց որոշում կայացնելիս մենք միակամ ենք», միեւնույն է, շարմազանովյան բոլոր տեսակի վերամբարձ հայտարարություններում ու կեցվածքում կոմերիտական շունչն ու ջանադրությունն առավել քան ակնառու են երեւում: Դրանք ամեն անգամ փայլատակում են շարմազանովյան խոսքի հնչերանգներում:

Շարմազանովը ՀՀԿ-ական լինելու հպարտության ու պատվի մասին հայտարարությունն արել է ի պատասխան իր կուսակից, ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի, որը նախօրեին մի քանի «ընդդիմադիր» բնույթի, հակաՀՀԿ-ական հայտարարություններ էր արել, մասնավորապես նշելով, թե՝ ՀՀԿ անդամ լինելն իրեն ավելի շատ կխանգարի ընտրություններում շատ ձայներ ստանալու առումով: Ավելին՝ փորձելով իրեն սահմանազատել ՀՀԿ-ից, հայտարարել էր, թե իրեն համարում է ոչ այնքան ՀՀԿ-ական, որքան պետական գործիչ:

Կարեն Կարապետյանի այստեսակ հայտարարությունները բոլորովին այլ թեմա են: Նա ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է Լոռու մարզում, թեեւ դեմ է այս կարգին ու գտնում է, որ այդ համակարգը կարող է լարվածություն առաջացնել հանրության շրջանում. «Ժողովուրդը սոված վիճակում, կարծես թե, էլ խնդիր չունի, սաղս գնացել ենք, կոպիտ ասած՝ սաղին իրար դեմ ենք հանելու։ Իսկ հակասություններ, իհարկե, լինելու են։ Մենք թողնելու ենք, գանք, էլի հանգիստ ստեղ նստենք, մարդիկ իրար թշնամի են դառնալու»։

Նա ժամանակ առ ժամանակ իշխանությանը, ՀՀԿ-ին դատափետող հայտարարություններ է անում, նշում ալան-թալանի մասին: Այս անգամ եւս նման հայտարարություններից զերծ չի մնացել. «Դուք շատ լավ գիտեք, երբ հանրության մեջ մեկ միլիոն եւ ավել, դա պաշտոնական թվերն են, որն ասում եմ, ընչազուրկ խավ կա, չկա այդպիսի մի երկիր, որ իր իշխանությանը սիրի, չկա.. .Օբյեկտիվը՝ դա թալանն է, տարիներ շարունակ դա շարունակվել է եւ շարունակվում է: Պետական ինստիտուտներում այդպիսի մարդիկ պետք է տեղ չունենան: Ուզում են լավ ապրեն, իբրեւ խելոք են, կա բիզնես դաշտ, խնդրեմ, գնացեք ձեր ուղեղը, ձեր պոտենցիալը դրեք այնտեղ, ոչ թե պետական ռեսուրսները օգտագործեք ձեր անձնական շահերը սպասարկելու համար: Այդպիսի մարդիկ պետք է ընդհանրապես քաղաքական դաշտից դուրս գան»:

Նմանատիպ հայտարարություններից հետո բնական ու օբյեկտիվ հարց է առաջանում. ինչու՞ Կարեն Կարապետյանը դուրս չի գալիս ՀՀԿ-ից: Մանավանդ որ՝ Շարմազանովի նման ՀՀԿ-ական լինելը պատիվ ու հպարտություն չի համարում:

Համլետ Կիրակոսյան

Դիտումներ՝ 20

Մեկնաբանել

comments