Հոլանդիայում ցույցերին մասնակցած քահանային պաշտոնազրկել են, բայց չեն հիմնավորել (տեսանյութ)

«Եկեղեցին սատարում է իշխանությանը, ես ուրիշ մեկնաբանություն չունեմ այս հարցում»

Ինչպես արդեն մեր հրապարակումներից մեկում էինք անդրադարձել («Հոլանդիայում ցույցի մասնակից քահանայի լիազորությունները Մայր Աթոռը դադարեցրե՞լ է», 12 օգոստոսի, 2016), հոլանդահայերը ահազանգում են, որ Ամստերդամում իրենց խոսքի ազատությունը սահմանափակվում է: Ցուցարարների հավաստմամբ` Նիդերլանդների թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը տեղի հայերին խստիվ արգելել է ցույցեր կազմակերպել` ի պաշտպանություն «Սասնա ծռեր» խմբի անդամների, իսկ խաղաղ ցույցին մասնակցող տեր Արմեն քահանա Մելքոնյանին Գարեգին Բ-ի կարգադրությամբ ազատել են Նիդերլանդների Մաաստրիխտ քաղաքի քահանայի պաշտոնից:

-Այժմ ես անպաշտոն եմ, բայց կարգալույծ չեմ, թեեւ, որ կարողանային, դա էլ կանեին: Ես Կիլիկիո միաբան եմ, ինձ զրկել են Արեւմտյան Եվրոպայի պատրիարքության մեջ ունեցած իմ պաշտոնից: Գրավոր նամակով են ինձ տեղեկացրել այդ մասին, բայց պատճառ չկար նշված: Նրանք վրդովվել էին իմ ելույթից, որը ունեցել էի հունիսի 29-ի ցույցի ժամանակ` դեսպանատան շենքի դիմաց,-«Ասպարեզի» հետ զրույցում ասում է տեր Արմեն քահանա Մելքոնյանը եւ փոխանցեց այն ամենը, ինչը ասել է ինքնաբուխ, խաղաղ ցույցի ժամանակ,-ես իմ խոսքում ասել եմ, որ հավաքվել ենք այստեղ` «Սասնա ծռեր» խմբի հերոս տղաներին զորակցություն հայտնելու, որոնք իրենց արյունով պահպանել են մեր սահմանները, իսկ այսօր մեծ ցավ ենք ապրում, որ այդ հերոս տղաները ենթարկվում են բռնության: Նրանք իրենց այդ քայլով հաստատում են, որ հայ ժողովուրդը ծնկի չի գալու, ապրելու է ազատ եւ անկախ Հայաստանում,-պատմում է քահանան:

Տեր Արմեն քահանա Մելքոնյանի ելույթը դիտելուց հետո պարզ է դառնում, որ նա այնտեղ գնացել է միայն խաղաղություն քարոզելու նպատակով: Սակայն ՀԱԵ-ն պատժամիջոցներ է կիրառել քահանայի նկատմամբ:

-Այդ գրությունը ինձ եկել է Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի մակագրությամբ, բայց նրան Գարեգին Բ-ն է ցուցումներ տվել,-նշում է Մաաստրիխտ քաղաքի նախկին հոգեւոր հովիվը:

Տեր Արմեն քահանա Մելքոնյանը կարծում է, որ եկեղեցին նման իրավիճակներում պետք է կանգնի ժողովրդի, այլ ոչ թե իշխանության կողքին: Իր դեմ ուղղված այս քայլը համարում է խոսքի ազատության սահմանափակում:

-Այս քայլը իմ մտքի ազատության դեմ է: Մեզնից յուրաքանչյուրը ազատ է` իր միտքն արտահայտելու համար: Ես 20 տարի ապրել եմ Եվրոպայում, իսկ այդ տարիների ընթացքում իմ հոժարությամբ, առանց շահի ծառայել եմ իմ ժողովրդին: Ես կանգնել եմ իմ ժողովրդի կողքին եւ իր իրավունքները պաշտպանել: Եկեղեցին սատարում է իշխանությանը, ես ուրիշ մեկնաբանություն չունեմ այս հարցում,-եզրափակում է նա:

Տեր Արմեն քահանա Մելքոնյանը «Ասպարեզ»-ին փոխանցեց, որ գալու է եւ պայքարելու է արդեն Հայաստանում, քանի որ օտարությունից հոգնել է: Սակայն թերահավատորեն է մոտենում այն մտքին, որ Հայաստանում կթողնեն հովվությամբ զբաղվել:


«Ասպարեզը» քահանայի պաշտոնազրկման հետ կապված փորձեց պարզաբանումներ ստանալ Մայր Աթոռի մամլո դիվանից, սակայն Սբ.Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Վահրամ տեր Մելիքյանը փոխանցեց, որ Մայր Աթոռը նման տեղեկատվության չի տիրապետում, թե քահանային պաշտոնաթող են արել` առաջարկեց պարզաբանումներ ստանալ ՀԱԵ Ֆրանսիայի թեմից: «Ասպարեզը» տեղեկատվության հարցում է ուղարկել հիշյալ հասցեով: Մանրամասները` հաջորդիվ:

Հայկ Վարդանյան

Լուսանկարները եւ տեսանյութը` տեր Արմեն քահանա Մելքոնյանի

Դիտումներ՝ 2

Մեկնաբանել

comments