«Ս. Սարգսյանը բոլորին դասավորել է իրեն հարմար ձեւով»

«ՀՀ քաղաքագետների միության» նախագահ Հմայակ Հովհաննիսյանն, «Ասպարեզի» հետ զրույցում անդրադառնալով ձեւավորված «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին, նշում է, որ առհասարակ մեր երկրում ընդդիմադիր դաշտը կառավարվում է իշխանությունների կողմից:

-Մեր երկրում գնում է միջանձնային պայքար իշխանության համար: Այն, ինչ կատարվում է, որեւէ կապ չունի գաղափարական պայքարի հետ: Կոռուպցիոներները մասնակցում են ընտրություններին: Օրինակ՝ Միհրան Պողոսյան, կոռուպցիոներ, ավազակ, կամ Գագիկ Ծառուկյանն իր ազգուտակով: Դղյակաշեն ավազակները մասնակցում են ընտրություններին, որպեսզի պահպանեն իրենց դղյակները: Սրան ժողովուրդը պետք է պատասխանի՝ խաղաղություն՝ խրճիթներին, պատերազմ՝ պալատներին: Հաբռգած բոլոր օլիգարխները ցուցակներում են: Չկա մի ցուցակ, որտեղ չլինեն ավազակներ: Սա թայֆաբազական պայքար է: Հայաստանում կան թայֆաներ, որոնք նպատակ ունեն միավորվել եւ պայքարել արեւի տակ իրենց տեղն ունենալու համար: Սերժ Սարգսյանը, ինչպես շախմատի քարերն են, բոլորին դասավորել է իրեն հարմար ձեւով: Իրենց ընդդիմադիր հորջորջող բոլոր քաղաքական ուժերն իշխանական պրոյեկտներ են: Դրանք Ս.Սարգսյանի պրոյեկտներն են եւ կառավարվում են նրա կողմից: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ ընտրություններին մասնակցում են խամաճիկները: Մնում է, որ ժողովուրդը բոյկոտի միջոցով չմասնակցի ընտրություններին: Պետք է ընտրել ակտիվ բոյկոտը: Տեսնու՞մ եք՝ Ռումինիայում, Ֆրանսիայում ինչ է կատարվում,-նշում է Հմ.Հովհաննիսյանը:

Հմ.Հովհաննիսյանի խոսքով՝ բանակցություններ չպետք է լինեն փակ դռների հետեւում, մութ սենյակում:

«Այսօր Վիկտոր Դալլաքյանը մի բան է ասում, Սամվել Բաբայանը մեկ այլ բան, Օսկանյանը, Նիկոլը մի բան է ասում, Պետրոս Մակեյանը` մեկ այլ, չէ՞: Բա ինչու՞ միասնական շտաբը ստեղծվեց: Քաղաքագետների միության նիստերի դահլիճից օնլայն ռեժիմով հեռարձակվում էր, ժողովուրդը մասնակից էր, հասարակությունը տեղյակ էր, թե ինչ է կատարվում, իսկ հիմա փակ դռների հետեւում փակվում են եւ կեղտոտ բազարների մեջ են մտնում: Դուք դեռ չգիտեք, թե ինչ բազարների մասին է խոսքը: Ես գիտեմ, բայց ես հիմա չեմ խոսի դրա մասին»:

Ըստ Հ.Հովհաննիսյանի, մեր քաղաքական դաշտում գարշահոտություն է տիրում եւ սա հայ ժողովրդին վերջնականապես ոչնչացնելու ձեւերից մեկն է:

Լուսանկարը՝ Հմ.Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Անահիտ Սիմոնյան

Դիտումներ՝ 343

Մեկնաբանել

comments