«Պաշտոնավարությունն Հայաստանում դարձել է խոպանի նման մի բան»

«Պատրանք է ստեղծվում, թե իբր կոռուպցիայի դեմ պայքար է գնում»

Տնտեսական եւ քաղաքական բնույթի մի շարք հարցերի վերաբերյալ «Ասպարեզը» զրուցել է «ՀՀ քաղաքագետների միության» նախագահ, քաղաքագիտական գիտությունների դոկտոր Հմայակ Հովհաննիսյանի հետ:

-Պարոն Հովհաննիսյան, վերջերս ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր 100 օրվա պաշտոնավարման կապակցությամբ հանդես եկավ մամուլի ասուլիսով: Ինչպիսի՞ տպավորություններ ունեք այդ ասուլիսից:

-Սպասումները շատ ավելի լավ էին, եթե հաշվի առնենք այն, որ Կ.Կարապետյանն իր գործունեությունը սկսեց կտրուկ հայտարարություններից, արձանագրեց ելակետը եւ պետք է ցույց տար 100 օրվա ընթացքում, թե ինչպես է կարողացել նշմարել լույսը թունելի վերջում, որովհետեւ տնտեսության վիճակն իսկապես սարսափելի է: Մյուս կողմից մարդիկ հույս ունեն, որ իսկապես գործնական պայքար է գնալու կոռուպցիայի դեմ եւ պետք է լինեն պատիժներ եւ երկիր պետք է վերադարձվեն այն գումարները, որոնք երկրից դուրս են հանվել: Դուք գիտեք, որ վերջին 8 տարիների ընթացքում Հայաստանից մոտավորապես 10 մլրդ դոլար է դուրս հանվել: Դա միջազգային ֆինանսական կազմակերպությունների տվյալներն են: Եթե ԽՍՀՄ ժամանակաշրջանում մեր բնակիչների` բանկերում կուտակած խնայողությունները վերադարձվեին ազգաբնակչությանը` մեկին մեկ. այսինքն, մեկ ռուբլու դիմաց` մեկ դոլար համաչափությամբ, դրա համար կպահանջվի հենց այդքան գումար՝ 10 մլրդ դոլար: Սա պատահական թիվ չէ: Այս պարագայում, երբ մեր երկրի բնակչությունը թալանվել է մի քանի ընտանիքների կողմից, նման անձանց պատասխանատվության ենթարկելը շատ վտանգավոր, ցնցումներով լի գործընթաց կլինի: Բոլոր թալանչիներին պատասխանատվության կանչելը համոզիչ չէ, եթե հաշվի առնենք այն, որ սոցիալական պայմաններն ուղղակի անտանելի են դարձել եւ մենք տեսնում ենք, թե ինչպես  նույնիսկ մայրաքաղաքում ամեն տեղ գրված  է՝ «վաճառվում է», կարծես, թե քաղաքն հանել են վաճառքի: Ցավոք սրտի, մարդկանց գնողունակությունը ցածր է եւ բոլոր ձեռնարկությունները փակվում են եւ այս պայմաններում մարդիկ ակնկալում էին, որ Կ.Կարապետյանը կտա այն չինովնիկների անունները, որոնք այսքան տարիների ընթացքում զբաղվել էին թալանով:

Օրինակ` Քեթրինի Միհրանը (Միհրան Պողոսյան), ով կոռուպցիոն գործունեությամբ էր զբաղված, նրան պաշտոնից հանեցին, շնորհակալություն հայտնեցին իր գործունեության համար, ով, չարաշահելով իր պաշտոնը, գումարներ էր կուտակել օֆշորային գոտում: Ինքն էլ չէր հերքել, որ այդպիսի գումարներ ունի: Սակայն նրան պատասխանատվության չենթարկեցին: Օրինակ` Ռուսաստանում նահանգապետերին եւ այլ պաշտոնյաների ձերբակալում են, նրանցից առգրավում են թալանված միջոցները: Նույնիսկ էկոնոմիկայի նախարարին ձերբակալեցին եւ, դատական գործ հարուցելով, առգրավեցին գումարները:

Մեր դաշնակից պետությունում կոռուպցիայի դեմ կոնկրետ պայքար է մղվում եւ թալանով զբաղվող բարձրաստիճան չինովնիկներին ենթարկում են պատասխանատվության՝ դատապարտելով երկարաժամկետ ազատազրկման: Մեզանում խոսքերից այն կողմը գործ չի արվում, իսկ մարդկանց վիճակը գնալով ավելի է վատանում:

-Վերջերս ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն էլ հայտարարեց, թե Հայաստանում խոշոր հարկատուների կեսից ավելին ստվերային դաշտում է  գործում, սակայն չնշեց, թե ովքեր են այդ խոշոր հարկատուները:

-Այ, հենց դրա մասին է խոսքը. փաստորեն, այդ դատողությունները, որոնք մարդկանց աչքերին թոզ փչելու նպատակ են հետապնդում, ոչինչ չեն տալիս: Դրանով պատրանք է ստեղծվում, թե իբր կոռուպցիայի դեմ պայքար է գնում: Ստացվում է, որ պաշտոնավարությունն Հայաստանում դարձել է խոպանի նման մի բան, երբ պաշտոնյաները փող են դիզում եւ այդ փողը տանում են դուրս՝ այնտեղ ներդրումներ անելով կամ պարզապես այդ գումարը վեր են ածում թանկարժեք անշարժ գույքի, այն դեպքում, երբ Հայաստանում արտաքին ինվեստիցիաներ չկան, իսկ ներքին ինվեստիցիաներ չեն կարող լինել, քանի որ փողը մեծ քանակությամբ արտահանվում է եւ որտեղ այդ կարգի անձնավորությունների փողն է, այնտեղ էլ նրանց սիրտն ու հոգին է: Եւ նրանց ուշք ու միտքը ոչ թե հայրենիքը շենացնելն է, այլ իրենց գումարները երկրից դուրս հանելը: Օրինակ` արտերկրում գտնվող մեր դեսպանների մեծ մասն իրենց պաշտոնավարումից հետո չեն վերադառնում երկիր:

-Ըստ ՊԵԿ նախագահի հայտարարության` մեր բյուջե տարեկան 42 մլրդ դրամից ավել գումար չի մտնում, մինչդեռ ՀՀ իշխանությունների նախաձեռնությամբ աշխատող քաղաքացիներից 1000-ական դրամներ են հավաքում բանակի կարիքներն հոգալու համար: Իսկ չէ՞ր կարելի այնպես անել, որ 42 մլրդ դրամը ետ բերվեր եւ մուտքագրվեր պետական բյուջե:

-Դուք հռետորական հարց եք տալիս: Դա բոլորին ակնհայտ է: Բանակի կարիքներն հոգալու համար գումարներ պետք է հատկացվեն պետբյուջեից: Ինչ վերաբերում է 1000 դրամներին, որը որոշել են կորզել քաղաքացիներից, դա անհեթեթություն է, քանի որ այն հավաքում են նաեւ ծառայող զինվորներից եւ նրանց բարեկամներից: Պարզվում է, որ եթե զինվորը վիրավորվում է եւ դառնում հաշմանդամ, ապա նրա ապրուստի, բուժման ծախսերը պետք է հոգան իր հարազատները: Դա զինվորի համար վիրավորական է, որովհետեւ այն երկիրը, որին ինքը պաշտպանում է կյանքի գնով, իրեն չի ապահովում, այլ դա անում են իր կինը, հայրը, մայրը: Փաստորեն իրենց վրա եւս լրացուցիչ հարկ է դրվում: Սա ցույց է տալիս, որ մեր տնտեսությունն առողջ չէ եւ նման պայմաններում առանց անուններ տալու վերացական խոսելն իմաստ չունի: Տվեք այդ ընտանիքների, բիրդան աղաների անունները, ովքեր իրենց պարտավորությունները չեն կատարում, լրացուցիչ բեռ դառնալով մյուս քաղաքացիների համար՝ իրենց սուղ միջոցներից գումարներ հատկացնելով, որպեսզի նմաններն հարստանան: Նման պայմաններում դուրս են գալիս եւ ինչ-որ գլամուր մամուլի ասուլիսներ են անցկացնում, մարդկանց գրավում շոուի նմանվող դատողություններով, ասում` թե գողություն կա, ստվեր կա, բայց չեն ասում, թե գողության հետեւում ովքեր են կանգնած:

Տնտեսական անկումը կարծես հատակ չունի եւ մարդիկ անընդհատ սուզվում են, խրվում դրա մեջ եւ թունելի վերջում լույսը չի երեւում:

-Հաշվի առնելով առկա քաղաքական եւ տնտեսական վիճակը` ինչպիսի՞ կանխատեսումներ ունեք մեր երկրի համար:

-Դուք գիտեք, որ այս տարի Հոկտեմբերյան մեծ հեղափոխության 100-ամյակի տարին է: Այդ առումով շատ խորհրդանշական տարի է, որովհետեւ սա մի իրադարձություն էր, որը վերափոխեց ամբողջ աշխարհը: Սա մի մեծ ցնցում էր, որն ունեցավ հեռահար հետեւանքներ: Ողջ սոցիալական պաշտպանության համակարգը ձեւավորվեց ադ հեղափոխության ուղղակի ազդեցությամբ: Հեղափոխությունները բերում են բազմաթիվ ավերածություններ, սակայն նաեւ ստիպում են մտածել սոցիալական ապահովության համակարգի պաշտպանվածության, սոցիալական բեւեռացումների բացառման, սոցիալական անհավասարության մեղմման մասին:

Այս տարի նաեւ մեր երկրում լինելու են ընտրություններ, որոնց արդյունքներով պետք է պայմանավորված լինի մեր երկրի զարգացումն առաջիկա 5 տարիների ընթացքում: Եթե այդ ընտրությունները չանցնեն քաղաքակիրթ եւ արդար, եթե դրանք կեղծվեն, դրանց արդյունքները չբավարարեն ժողովրդին եւ իր քվեն կեղծվի, ապա այդ դեպքում սպասենք մի նոր Հոկտեմբերյան հեղափոխության՝ առանձին վերցված հետխորհրդային երկրի մակարդակով:

Ճիշտ է, երբ հեղափոխությունն իրականացվի ոչ թե փողոցային կռիվներով եւ բախումներով, այլ ազատ, արդար, ժողովրդավարական ընտրությունների միջոցով: Հուսանք, որ ապրիլին կլինեն նման ընտրություններ: Եթե անգամ ընտրակաշառք առաջարկեն, անհրաժեշտ է այդ գումարները վերցնել, սակայն քվեարկել այն անձանց օգտին, ովքեր ունակ են մեր երկրում ինչ-որ բան փոխելու:

-Այսինքն, հնարավոր է Հայաստանում հեղափոխակա՞ն իրավիճակ հասունանա:

-«Թավշյա հեղափոխությունները» միշտ կեղծված ընտրությունների հետեւանքով են լինում: Մարդիկ պետք է գիտակցեն, որ գալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքում պետք է բացառվի ստվերը, մենաշնորհները, կոռուպցիան, ապահովվեն հավասար պայմաններ բոլոր քաղաքացիների, տնտեսվարող սուբյեկտների համար, ուստի մարդիկ չպետք է թույլ տան, որ իրենց ձայները գողանան: 5000-ական դրամներ պետք է վերցնեն` որպես իրենցից գողացված փող, սակայն քվեախցում պետք է քվեարկել արժանի թեկնածուների՝ քաղաքագետների, իրավագետների, առհասարակ նրանց օգտին, ովքեր չունեն բիզնեսներ, որպեսզի ԱԺ-ում իրենց տանիքավորեն, քանի որ դա անելու են ձեր հաշվին: Եթե մեկը շուկայում ստանում է առավելություն, ապա դա արվում է մյուսի հաշվին: Եթե մեկը ստանում է արտոնյալ պայմաններ, ապա դա արվում է մյուսի հաշվին՝ անմիջապես սնանկացնելով հարյուր-հազարավոր մարդկանց: Եթե մարդը բիզնես ունի եւ մտնում է խորհրդարան, ապա իմացեք, որ դրա հետեւանքը լինելու է ձեզ խեղդելը, հնարավորություն չտալու, որ դուք անգամ շնչեք:

Տեղի է ունենում ազգի ֆիզիկական անկում: Անկախությունն էլ չպետք է դառնա ինքնանպատակ՝ սեփական ժողովրդին թալանելու համար: Անկախ պետք է լիներ քաղաքացին՝ անկախ նաեւ չինովնիկական անարդար կամայականություններից:

-Կարեւոր է, որ մենաշնորհ չլինի ոչ՛ քաղաքականության, ո՛չ էլ տնտեսության մեջ:

-Կա հայտնի թեզ, որը պատկանում է արեւմտյան տնտեսագետ Ջոն Ստյուարտ Միլին: Նա ասում է՝.«Ազատ շուկաները պատկանում են ազատ մարդկանց»: Շուկան պետք է լինի կամայականություններից զերծ: Ազատ շուկան ծնում է ազատ մարդկանց: Մինչդեռ հիմա ազատ շուկա գոյություն չունի: Այսօր մի քանի գերդաստանների համար ստեղծված են արտոնյալ պայմաններ եւ տեսնում ենք, թե ինչպես են մարդիկ ամեն գնով ցանկանում դառնալ պատգամավոր, որպեսզի տանիքավորվեն եւ իրենց բիզնեսներն ընդլայնեն, ինչը ստիպում է մյուսներին լքել երկիրը:

Հմ. Հովհաննիսյանի լուսանկարները` ֆեյսբուքյան էջից

Զրուցեց Անահիտ Սիմոնյանը

Դիտումներ՝ 69

Մեկնաբանել

comments