Սլավիկը վերսկսելու է անվճար բուժումը

Արձագանքել են առողջապահության նախարարն ու ՀՕՖ-ը

Մի քանի օր առաջ «Ասպարեզն» անդրադարձել էր 6-ամյա Սլավիկ Ալեքսանյանի առողջական խնդրին: Տղան ամբողջ օրն անցկացնում է անկողնում պառկած, քայլում է միայն ծնողների օգնությամբ:

Սլավիկ Ալեքսանյանի առողջական խնդիրներն ի հայտ էին եկել 2016 թվականի հոկտեմբերի 5-ին, որոշ ժամանակ բուժվել է  «Արաբկիր» բժշկական կետրոնում եւ Արյունաբանական հանրապետական կենտրոնում: Տղայի մոր` Ժենյա Գրիգորյանի խոսքով, Սլավիկի մոտ ախտորոշվել է սուր ասթրիտ` հարցականով:

Երեխան առողջության վատթարացման պահից մինչ այժմ ունի որովայնացավի հազվադեպ էպիզոդներ, ցավեր` ծնկան հոդում, առատ քրտնարտադրություն, թուլություն, գլխացավ, ջերմություն, ախորժակի անկում: Խիստ անհրաժեշտ է համակարգչային տոմոգրաֆիկ (KT) հետազոտություն, բայց ֆինանսական խնդիրների պատճառով չեն կարողանում անցնել գործիքային հետազոտությունը: Նշում են, որ գումարի բացակայության պատճառով հիվանդանոցում չեն ցանկացել երեխային բժշկական օգնություն ցուցաբերել:


«Ասպարեզի» հրապարակումից հետո ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի հատուկ հանձնարարությամբ 2017 թվականի հունվարից 6-ամյա Սլավիկ Ալեքսանյանը վերսկսելու է անվճար բուժման կուրսերը Արաբկիր բժշկական կենտրոնում: Այս մասին «Ասպարեզին» տեղեկացրեց  առողջապահության նախարարության մոր եւ մանկան վարչության պետ Կարինե Սարիբեկյանը: Վարչության պետի խոսքով` Սլավիկ Ալեքսանյանի մոտ առկա է երկու ախտորոշում` հոդերի սուր ցավեր եւ մկանների նյարդերի բորբոքումներ:

Անդրադառնալով այն խնդրին, որ Արյունաբանական կենտրոնում ոսկրածուծի պունկցիա կատարելու համար 30 հազար դրամ վճար են պահանջել, Կարինե Սարիբեկյանն ասաց.

-Գուցե խոսակցություններ եղել են, որ վճարի, քանի որ այդ հետազոտության համար պետական պատվեր չկա, բայց ես գիտեմ, որ գումար չեն մուծել: Հիմա իր համար ամեն ինչ անվճար կլինի, ծնողներից մեկը եւս անվճար կարող է մնա հիվանդասենյակում` նախարարի հանձնարարականով,-ասաց մոր եւ մանկան վարչության պետը:

Հոդվածում անդրադարձել էինք նաեւ, որ Սլավիկի երազանքն առողջ լինելուց բացի նաեւ տոնածառ ունենալն է: Մեր հրապարակումից հետո Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղը կատարել է Սլավիկի երազանքը` նրան նվիրելով տոնածառ:

Նարեկ Կիրակոսյան

Դիտումներ՝ 4

Մեկնաբանել

comments