Ովքե՞ր կլքեն նավը

Երբ վարչապետ Կարեն Կարապետյանն անդամակցեց ՀՀԿ-ին, նրա հետ մեկտեղ 6000 մարդ հանրապետական դառնալու դիմում գրեց: Թե ովքեր էին Կարեն Կարապետյանի խաթեր հանրապետականացած այդ 6000 մարդը, հետագայում բացահայտեց ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը: Նա հայտարարեց, թե դրանք «գազավիկներ» են, այսինքն՝ «ՀայՌուսգազարդի» աշխատակիցներ:

Մամուլում տեղեկություններ են հայտնվել, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից հեռանալուց հետո, հանրապետականը լքելու են շատ կուսակցականներ: Անգամ կոնկրետ թիվ է նշվում՝ 16 հազար մարդ:

Իհարկե, թե այս լուրը, թե նշված թիվը չի կարելի 100 տոկոսանոց ճշմարտություն համարել, դրանք ընդամենը ենթադրություններ են, բայց օբյեկտիվ հիմքեր ունեցող ենթադրություններ:

Երկար տարիներ գտնվելով պետական-իշխանական համակարգում, զբաղեցնելով ամենատարբեր պետական պաշտոններ, ընդ որում՝ այնպիսի պաշտոններ, որոնք ենթադրում են առավել մեծ շփումներ ու թիմային աշխատանք (օրինակ, տարածքային կառավարման նախարար), բնականաբար, Հովիկ Աբրահամյանն ստեղծել է իր ազդեցության գոտիները, ունեցել իր թիմը:

ՀՀԿ-ից դուրս գալու պաշտոնական հայտարարության մեջ նա, օրինակ, շեշտադրումներ է անում այս հանգամանքի վրա. «Շնորհակալ եմ ՀՀ պետական հաստատությունների նախկին ու ներկա պաշտոնյաներին, Հայաստանի մարզերի, քաղաքների ու գյուղերի նախկին ու ներկա պատասխանատուներին, մեր հազարավոր համաքաղաքացիներին բոլոր այն ձեռքբերումների համար, որոնց միասին ենք հասել: Թիմային աշխատանքը, թիմի յուրաքանչյուր անդամի արժանապատվությունը եղել եւ մնում են ինձ համար առաջնային»:

Էլ չասած այն աշխատանքն ու կապերը, որոնք նա ստեղծել է ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբները ղեկավարելու ժամանակ: Ընտրակեղծարարական մեքենան անմիջականորեն գտնվել է Հովիկ Աբրահամյանի ղեկավարության ներքո, այդ մեքենային հանգուցային պտուտակները գործել են նրա հրահանգներով, շատերը եղել են «իր մարդիկ»:

Պետք է նկատի ունենալ նաեւ Հովիկ Աբրահամյանի կապերը օլիգարխիկ դասի հետ: Լինելով օլիգարխիկ համակարգի հենասյուներից մեկը, նա ամուր, բացահայտ ու ստվերային կապեր ունի օլիգարխիայի ներկայացուցիչների, մեծահարուստների հետ:

Եթե նշենք նաեւ պետական համակարգում գործած ու գործող տարբեր կոռուպցիոն սխեմաներին Հովիկ Աբրահամյանի մասնակցության ու այդ սխեմաներից շատերն անմիջականորեն ղեկավարելու մասին, ապա պատկերն առավել քան ավարտուն կլինի:

Իհարկե, այս ամենը չի նշանակում, թե նշված ասպարեզների այն բոլոր մարդիկ, ովքեր կապված են Հովիկ Աբրահամյանի հետ ու ՀՀԿ-ական են, կլքեն կուսակցությունը: Բայց որ որոշակի հեռացումներ կլինեն, դժվար չէ պատկերացնել:

Ամենայն հավանականությամբ, այդ հնարավոր պրոցեսում շարժ կգրանցվի այն բանից հետո, երբ Հովիկ Աբրահամյանը պաշտոնապես կհայտարարի իր հետագա քաղաքական անելիքների մասին: ՀՀԿ-ից հեռանալու հայտարարության մեջ նա այս հարցի մասին չի կոնկրետացել, միայն նշել է, որ մնալու է քաղաքականության մեջ. «Ես հեռանում եմ ՀՀԿ-ից, բայց շարունակելու եմ ակտիվ զբաղվել քաղաքականությամբ, քանզի համոզված եմ, որ ունեմ բավարար ուժ, գիտելիքներ ու փորձ՝ ծառայելու մեր պետությանն ու ժողովրդին»:

«Գիտելիքների» մասին մատնանշման վրա մի թեթեւ ժպտանք ու սպասենք:

Հ. Կիրակոսյան

Դիտումներ՝ 66

Մեկնաբանել

comments