ՀՀԿ-ի «գրավչությունն» ու ֆիշկան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, թերեւս, մի բան գիտի, որ ԱԺ ընտրությունների ու ընդհանրապես հայաստանյան քաղաքական գործընթացների մասին խոսելիս՝ օգտագործում է կենդանաբանությանն առնչվող բառեր ու հասկացություններ, զուգահեռներ տանում կենսաբանական ու բնական երեւույթների հետ: Ասում է. «Փոխվել է քաղաքական կլիման ու տարբեր քաղաքական տեսակներ փորձում են իրենց տեղն ու դերն արդարացնել՝ դինոզավրերից մինչեւ կաթնասուններ, կան նաեւ բուսակերներ: Կարեւոր է, որ քաղաքական կյանքը էվոլյուցիա ապրի, ու մնան նրանք, որոնք կարողանում են գոյատեւել ու արժանի են: Քաղաքական համակեցության էկոլոգիական բուրգերը պետք է աշխատեն, որ ֆորսմաժոր չլինի, հրաբուխներ չլինեն, երկնաքարեր չընկնեն, օվկիանոսներ չանցնեն  գետնի տակ, գրավիչ քաղաքական միջավայր ունենանք»:

Հայաստանի քաղաքական կյանքն ու քաղաքականությունը, իրոք, հիշեցնում են ջունգլիների օրենքները, միայն մի տարբերությամբ. ջունգլիներում կենդանիները գտնվում են իրենց բնական վիճակի ու կերպարի մեջ, եւ ամենակարեւորը՝ ազնիվ են ու չեն կեղծում: Մեր քաղաքական ուժերի ու գործիչների մեծ մասը անբնական վիճակում են եւ ազնվության հետ մեծ խնդիրներ ունեն:

Արմեն Աշոտյանը նաեւ ասում է՝ բոլորն ուզում են հաղթել ՀՀԿ-ին ու հետո լինել իշխանություն. «Բոլոր ժամանակներում բոլոր ուժերն էլ դա են ուզել, սակայն այս մոտիվացիան քիչ է հաջողության համար. ամեն քաղաքական ուժ պետք է գտնի իր ֆիշկան, իր գրավչությունը»: Ուզում է ասել՝ իր նշած բոլոր ժամանակների բոլոր ուժերը չեն հաղթում ՀՀԿ-ին, քանի որ գրավիչ չեն, չունեն իրենց ֆիշկան: Իսկ սա նշանակում է, որ եթե միշտ «հաղթում է» ՀՀԿ-ն, ուրմեն՝ այս կուսակցությունը գրավիչ է ու ունի իր ֆիշկան: Սրանք իմ դատողությունները չեն, այլ բխում են Աշոտյանի մտքերի տրամաբանական ընթացքից: Ամեն դեպքում, կարող ենք բխեցնել:

Իսկ որո՞նք են ընտրություններում միշտ «հաղթած» դուրս եկած ՀՀԿ-ի գրավչությունն ու ֆիշկան: Գրավչության մասին անգամ ավելորդ է խոսել, քանի որ հանրության մեծ մասի մոտ այս կուսակցության հանդեպ իշխող վերաբերմունքը համատարած զզվանքն է: Եթե Աշոտյանը նկատի ունի, ասենք, գաղափարների ու ծրագրերի գրավչությունը, ապա հայ հանրությունն արդեն վաղուց թղթի վրա գրված հեքիաթասացություններին ու ամբիոններից ճամարտակվող բանախոսություններին ոչ ուշադրություն է դարձնում, ոչ էլ հավատում ու վստահում:

Իսկ ՀՀԿ-ի ֆիշկա՞ն.  այդ ֆիշկան 5000 դրամներն են, կատարելության հասցված եւ ամեն մի ընտրության ժամանակ նոր մեխանիզմներ ներդնող ընտրակեղծարարության մեքենան, ընտրություններում օգտագործվող հսկայական վարչական ռեսուրսը, պետական ապարատն ու աշխատողները, պետության մեջ պետություն համարվող ոստիկանական համակարգը, քրեական ու օլիգարխիկ միջավայրները. զրկեք այս ամենից ՀՀԿ-ին ու այս կուսակցությունից ոչինչ չի մնա, անգամ՝ Աշոտյանը: Իսկ, այ, Գալուստ Սահակյանը, հաստատ կմնա:

Համլետ Կիրակոսյան

Դիտումներ՝ 3

Մեկնաբանել

comments