«Շունը տիրոջը չի ճանաչում»

Երեկ զրուցում էի միջին տարիքի մի գյումրեցու հետ: Նա քաղաքականապես բավական ակտիվ է, տեղյակ է հանրապետությունում ընթացող հասարակական-քաղաքական զարգացումներին, մտահոգված է երկրի վիճակով: Զրուցակիցս ընդդիմադիր հայացքներ ունի, իշխանության ու ՀՀԿ-ի անվերպահ ու անզիջում քննադատ է, երազում է այն օրը, երբ այդ կուսակցությունը կզրկվի իշխանությունից: Ասում է՝ այդ օրը իր ամենաերջանիկ օրերից մեկը կլինի:

Նաեւ ասում է, որ արդեն 15 տարի հնարավոր բոլոր եղանակներով պայքարում է գործող ռեժիմի ու ՀՀԿ-ի դեմ: Մասնակցել է այդ տարիների բոլոր ընդդիմադիր շարժումներին, 2003 ու 2004 թվականներին՝ Ստեփան Դեմիրճյանի շուրջ ձեւավորված շարժման հետ, 2008-ին եւ հաջորդող տարիներին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի համաժողովրդկան շարժման, 2013-ին՝ Րաֆֆի Հովհաննիսյանի ու «Ժառանգության»: Ակտիվորեն գնացել է վերջիններիս կազմակերպած հանրահավաքներին ու ցույցերին՝ ամեն անգամ հույս ունենալով, որ հերթական շարժումը, ձեւավորված ընդդիմադիր բեւեռը կկարողանա տապալել իրեն այնքան ատելի ՀՀԿ-ական իշխանությունը: Նաեւ ոգեւորված է եղել, որ ընդդիմադիր ուժերը հնարավորինս համախմբված են եղել մի ճակատում:

Զրուցակիցս հիմա շատ մտահոգված է: Մտահոգությունը կապված է առաջիկա խորհրդարանական ընտրություններում իր անելիքների ու կողմնորոշման հետ: Լինելով արմատական ընդդիմադիր՝ հիասթափված է ընդդիմադիր դաշտում կատարվող ներկայիս գործընթացներից: Ասում է՝ այս դաշտում ամեն ինչ այնքան են հեղինակազրկել, արժեզրկել ու խառնել իրար, որ «շունը տիրոջը չի ճանաչում»: Այնպիսի մարդիկ ու ուժեր են ներխուժել ընդդիմադիր դաշտ, իշխանության քննադատի կեցվածք են ընդունել, դարձել են «թունդ ընդդիմադիրներ», որ արդեն դժվար է տարբերակել իշխանությանն ու ընդդիմությանը:

Ասում է. «Օսկանյան ու Օհանյանն ե՞ն ընդդիմադիր, Ծառուկյանն ու Դալլաքյան Վիկտո՞րը, թե՞ ժողովրդին դավաճանած այն Արթուր Բաղդասարյանը: Ինձ համար միշտ ընդդիմություն են եղել Նիկոլ Փաշինյանը, Կոնգրեսն ու «Ժառանգությունը», բայց նրանք էլ իրար հետ չեն»:

Արմատական ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց համար այս վիճակն ու մտահոգություններն ընդհանրական են: Բազմաթիվ մարդիկ ունեն նույն մտահոգություններն ու անհանգստությունները, ինչ ունի զրուցակիցս: Քաղաքական դաշտում ընթացող գործընթացներն այդ անհանգստությունների բոլոր հիմքերը տալիս են:

Խնդիրն այն չէ, որ վերը նշված «ընդդիմադիր» գործիչները հանդես են գալիս ընդդիմադիր դիրքերից, դա իրենց իրավունքն ու դիրքորոշումն է՝ անկախ այն բանից, թե քաղաքական ինչ նպատակադրություններով  է դա պայմանավորված: Հարցն այն է, որ նրանք կարծես թե իրենցով են արել ընդդիմադիր դաշտը, բոլոր գործընթացները պտտվում են նրանց ու իրենց առանցքի շուրջ, իսկ ընդդիմադիրի իրական ընկալում ունեցող ուժերն ու գործիչները մնացել են ստվերում, որոշներն էլ կարող են դիրքավորվել վերը նշված «ընդդիմադիրների» ճամբարում:

Համլետ Կիրակոսյան

Դիտումներ՝ 65

Մեկնաբանել

comments