Ընտրություններին մասնակցող ուժերի ունեցած-չունեցածը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակվել են ՀՀ-ում ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի գույքի եւ եկամուտների մասին հայտարարագրերը:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն

Կուսակցությունը պետական գրանցում է ստացել 2011 թվականի հուլիսին: Անշարժ գույքի բաժնում հայտարարագրել է 1 բնակարան՝ 150 քմ մակերեսով՝ անհատույց օգտագործման իրավունքով։ 2017 թվականի մարտի 2-ին կուսակցությունը, ըստ հայտարարագրի, ունեցել է 10 մլն դրամ: 2016 թվականի մարտի 2-ից մինչեւ 2017 թվականի մարտ ամիսը կուսակցությունը շարժական եւ թանկարժեք գույք, փայաբաժին, եկամուտներ չի ունեցել:

«Ելք» դաշինք

Հայտարարագրեր լրացրել են դաշինք ընդգրկված 3 կուսակցություն՝ «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր»:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը պետական գրանցում ստացել է 2016 թվականի փետրվարին: Կուսակցությունն հայտարարագրել է 7 միավոր անշարժ գույք, որոնցից 6-ը վարձակալության, իսկ 1-ը՝ անհատույց օգտագործման իրավունքով։ Շարժական եւ թանկարժեք գույքի, փայաբաժնի մասին տեղեկություններ չեն հրապարակվել: Դրամական միջոցների մնացորդը կազմում է 1 մլն 164 հազար 9 հարյուր դրամ: 01.02.2016թ.-01.02.2017 թ.-ի ընթացքում կուսակցությունը անդամներից եւ նվիրատուներից ստացել է 4 մլն 660 հազար ՀՀ դրամ եկամուտ, իսկ միայն նվիրատուներից՝ 7000 ԱՄՆ դոլար:
«Հանրապետություն» կուսակցությունը պետականորեն գրանցվել է 2001 թվականի հոկտեմբերին: 2017 թվականի փետրվարի 28-ին կուսակցության դրամական միջոցների մնացորդը կազմել է 200 հազար դրամ: 01.02.2016-01.02.2017 թթ.-ի ընթացքում եկամուտը կազմել է 1 մլն 100 հազար դրամ՝ անդամավճարներից: Անշարժ, շարժական, թանկարժեք գույքի մասին տեղեկություններ չեն հրապարակվել:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պետական գրանցում ստացել է 2015 թվականի սեպտեմբերին: Հայտարարագրել է 2 միավոր անշարժ գույք՝ վարձակալության իրավունքով՝ 138,38 եւ 50 քառ.մետր մակերեսով: Տարածքներից մեկը կիսակառույց է: Դրամական միջոցների մնացորդը կազմել է 100 հազար դրամ: Եկամուտը կազմել է 9 մլն 548 հազար 500 ՀՀ դրամ, գոյացել է նվիրատվություններից եւ անդամավճարներից:

«Ծառուկյան» դաշինք

Դաշինք ընդգրկված «Ալյանս» կուսակցությունը պետական գրանցում ստացել է 2015 թվականի սեպտեմբերին: 16.02.2017թ.-ին է հայտարարագիր ներկայացրել, բայց հայտարարագրում ոչ մի տեղեկություն հրապարակված չէ:
«Առաքելություն» կուսակցությունը պետական գրանցում ստացել է 2013 թվականի մարտին: Հայտարարագրի շարժական, անշարժ, թանկարժեք գույքի բաժնում տեղեկություններ չկան: Դրամական բաժնում կուսակցությունը հայտարարագրել է 870 ՀՀ դրամ, իսկ եկամուտների բաժնում հայտարարագրել է 45 հազար դրամ, եկամուտը գոյացել է նվիրատվությունից:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պետական գրանցում ստացել է 2004 թվականի հունիսին: Անշարժ, շարժական, թանկարժեք գույքի բաժնում տեղեկություններ չկան: Հայտարարագիրը լրացնելու օրը՝2017 թվականի թետրվարի 18-ին կուսակցությունն հայտարարագրել է 19 մլն 828 հազար ՀՀ դրամ: Նույն օրը կուսակցության եկամուտը կազմել է 23 մլն 227 հազար ՀՀ դրամ, որը հատկացրել է ՀՀ ֆինանսների նախարարությունը:

Կոնգրես-ՀԺԿ դաշինք

«Հայ ազգային կոնգրես»-ը պետական գրանցում ստացել է 2003 թվականի նոյեմբերին: Հայտագիրը լրացնելու օրը՝ 2017 թվականի մարտի 3-ին, հայտարարագրել է մեկ հասարակական նշանակության շինություն՝ միանձնյա սեփականության իրավունքով, 290.04 քառ.մետր մակերեսով:Շարժական եւ թանկարժեք գույքի բաժնում տեղեկություններ չեն հրապարակվել: Դրամական միջոցները կազմել են 551 հազար դրամ, իսկ եկամուտները՝ 7 մլն 330 հազար, 275 ՀՀ դրամ, որից 5 մլն 607 հազար 700 դրամը՝ անդամավճարներ եւ նվիրատվություն, 720 հազար 575 դրամը՝ ՀՀ ֆինանսների նախարարություն, իսկ 1 մլն դրամը՝ փոխառություն ՍՊԸ-ներից մեկից։
Հայաստանի ժողովրդական կուսակցությունը գրանցվել է 2003 թվականի նոյեմբերին: Անշարժ գույքի բաժնում հայտարարագրել է մեկ շենք՝ միանձնյա սեփականության իրավունքով՝ 82 քառ.մետր մակերեսով: Եկամուտները կազմել են 1 մլն 966 հազար 600 դրամ եկամուտ, որի 682 հազար 6 հարյուրը՝ բյուջետային աջակցություն, իսկ 1 մլն 294 հազարը՝ անդամների նվիրատվություններից:

«Հայկական վերածնունդ» կուսակցություն

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը պետական գրանցում ստացել է 2016 թվականի մարտին: Անշարժ գույքի մասում գրառված են աթոռ (400), սեղան (100), պահարան (70), համակարգիչ (80), հեռախոս (50), բազմոց (25), հեռեւստացույց (10): Շարժական գույքի բաժնում հրապարակվել են փափուկ կահույք (10), գրապահոց (10), տպիչ (20): Թանկարժեք գույքի բաժնում տվյալներ չեն հրապարակվել: Հայտարարագիրը լրացնելու օրը՝ 2017 թվականի մարտի 2-ին, դրամական միջոցները կազմել են 1 մլն ՀՀ դրամ: Եկամուտների, բաժնեմասի, փայաբաժնի մասին տեղեկություններ չկան:

Հայաստանի հանրապետական կուսակցություն

ՀՀԿ-ն պետական գրանցում ստացել է 2003 թվականի մարտին: Կուսակցությունը հայտարարագրել է 65 միավոր անշարժ գույք՝ հող, շենք եւ այլն։ Դրանցիցի 54-ը՝ միանձնյա սեփականության իրավունքով է գրանցվել: Շարժական գույքի բաժնում կուսակցությունն հայտարարագրել է 4 ավտոմոբիլային տրանսպորտ՝ միանձնա սեփականության իրավունքով՝ ՎԱԶ 2121, Նիսսան Պատֆայնդեր եւ 2 միավոր Նիսսան Սենտրա: Դրամական միջոցները կազմել են 53 մլն 830 հազար 484 ՀՀ դրամ, իսկ եկամուտները՝ 379 մլն 658 հազար 663 դրամ, որից բյուջետային ֆինանսավորումը կազմում է 33 մլն 943 հազար 400 դրամ, անդամավճարները՝ 343 մլն 237 հազար 250 դրամ:

Հայաստանի կոմունիստական կուսակցություն

Կոմունիստական կուսակցությունը պետական գրանցում ստացել է 1991 թվականի հուլիսին: Անշարժ գույք չեն հայտարարագրել, իսկ շարժական գույքի բաժնում հայտարարագրել են 2 ավտոմեքենա՝ ԳԱԶ-3110 մակնիշի։ Հայտարարագիրը լրացնելու օրը՝ 2017 թվականի մարտի 2-ին, կուսակցության դրամական միջոցների մնացորդը կազմել է 46 հազար դրամ: Կուսակցության եկամուտների բաժնում տեղեկություններ չկան:

Հայ հեղափոխական դաշնակցություն

ՀՅԴ-ն պետական գրանցում ստացել է 2003 թվականի նոյեմբերին: Հայտարարագիր ներկայացնելու օրը՝ 2017 թվականի մարտին, կուսակցությունն հայտարարագրել է 42 միավոր անշարժ գույք՝ միանձնյա սեփականության իրավունքով. բնակարաններ, տներ, հողամասեր, գրասենյակներ:
Շարժական, թանկարժեք գույքի, փայաբաժնի բաժնում տեղեկություններ չկան, կուսակցության հայտարարագրումն այս բաժիններում զրոյական է:
Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ՝ 2017 թվականի մարտի 3-ին, ՀՅԴ-ի դրամական միջոցները կազմել են 742 հազար 802 դրամ, իսկ եկամուտը կազմել է 48 մլն 306 հազար 400 դրամ, որից անդամավճարներ՝ 43 մլն 200 հազար դրամ, բյուջետային աջակցությունը՝ 4 մլն 370 հազար 400 դրամ, եւ փոխառություն՝ Ինեկոբանկից՝ 736 հազար ՀՀ դրամ:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք

Դաշինք ընդգրկված «Ժառանգություն» կուսակցությունը պետական գրանցում ստացել է 2002 թվականի օգոստոսին: Հայտարարագիր ներկայացնելու օրը՝ 2017 թվականի մարտի 2-ին, կուսակցության հայտարարագրի բաժիները զորյական են, տեղեկություններ չկան շարժական, անշարժ, դրամական, թանկարժեք գույքի բաժիններում: Կուսակցության եկամուտը կազմել է 4 մլն 444 հազար 400 դրամ՝ որպես բյուջետային աջակցություն:
«Համախմբում» կուսակցությունը պետական գրանցում ստացել է 2016 թվականի հուլիսին: Հայտարարագիր ներկայացնելու օրը՝ 2017 թվականի մարտի 1-ին, կուսակցությունը հայտարարագրել է միայն եկամուտը, որը կազմել է 21 մլն 580 հազար դրամ՝ որպես նվիրատվություն։ Հայտարարագրի մյուս բաժինները զրոյական են:

Անի Մկրտչյան

Դիտումներ՝ 118

Մեկնաբանել

comments