«Պատերազմը երբեք չի էլ ավարտվել, եղել են ապրիլյան գործողություններ»

«Ասպարեզը» Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ զրուցել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի հետ:

-Պարոն Մարտիրոսյան, այս տարի ինչպիսի՞ ակնկալիքներ կան ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ:

-Ոչ մի, եթե, իհարկե, պատերազմ չլինի, կամ էլ՝ ներքին դավաճանություն: Երկուսն էլ սպասելի են, բայց կուզենայի բացառել դրանք, կյանքը ցույց կտա:

-Եթե բանակցային գործընթացում առաջընթաց չարձանագրվի, ապա դա ի՞նչ հետեւանքներ կունենա մեր ազգի համար:

Ի՞նչ է նշանակում` բանակցային պրոցեսում առաջընթաց: Այդ «առաջընթացը» ներկա բանակցային փաթեթում Հայաստանի պատմական եւ հավերժական հետընթացն է լինելու եւ Ադրբեջանի հաղթանակը: Տա Աստված, այդպիսի «առաջընթաց» չլինի: Ընդհանրապես վաղուց ժամանակն է հասկանալու, որ Ադրբեջանը միայն մի հեռահար ծրագիր ունի հիմա` դա Հայաստանի լիակատար ոչնչացումն է: Մնացած հեքիաթները, որոնց Հայաստանում ինտենսիվորեն շարունակում են հավատալ եւ դեմքի լուրջ արտահայտությամբ վերլուծել, քաղաքագիտական եւ միջազգային նախադեպերի կամ հանգամանքների ինչ-որ հղումներ անել, համեմատություններ կատարել, հիմնավորել այս կամ այն տեսակետը՝ ուղղակի կա՛մ ինքնախաբեություններ են, կա՛մ սեփական իմաստնությունը ցույց տալու փորձեր, կա՛մ դավաճանական մոտեցումներ եւ կա՛մ էլ պարզ ինքնախաբեություն: Այդ տարբերակներից որեւէ մեկը ոչ մի դրական հետեւանքի չի կարող հանգեցնել:

-Ապրիլյան պատերազմի կրկնության հավանականությունը որքանո՞վ է մեծ:

-Պատերազմը երբեք չի էլ ավարտվել, եղել են ապրիլյան գործողություններ` իր գաղափարական ուղեծրում՝ Հայաստանի պարտությանն ու ոչնչացմանը հասնելու համար, որին, ի դեպ, Ադրբեջանն ուղղում է ահռելի ռեսուրսներ: Բաքուն պետք է մշտապես հարվածներ հասցնի Հայաստանին, արնաքամ անի, փորձի ներսից պարտվողականության տրամադրություններ առաջացնել: Եւ դա շատ արդյունավետ գործելաոճ է: Տեսնում ենք, որ Երեւանում արդեն ծաղրում են Ադրբեջանը` որպես միասնական պետություն փլուզելու բավական իրատեսական հայացքները եւ խոսում են ինչ-որ փոխզիջումներից` մի բանի՝ Արցախի ճանաչման դիմաց, որ գրոշի արժեք չունի միջազգային քաղաքականության մեջ: Ու քանի դեռ Երեւանը ինքնամոռաց ինքնաոչնչացման ճանապարհն է բռնել՝ ռազմական գործողություններ լինելու են եւ դրանք ավելի ու ավելի ծավալուն եւ ցավոտ բնույթ են ստանալու:

Հ.Մարտիրոսյանի լուսանկարը` ֆեյսբուքյան էջից

Զրուցեց Անահիտ Սիմոնյանը

Դիտումներ՝ 221

Մեկնաբանել

comments