«Հայաստանն իր վրա կընդունի ռազմական հարվածը»

Ըստ politik.am-ի` Ռուսաստանը «Նեբո-Մ» ռադիոտեղորոշիչ համալիրներ է տեղակայել Գյումրու 102-րդ ռազմաբազայում։ Սրա վերաբերյալ նշվում է Եվգենի Դամանցեւի ««Նեբո-Մ» համալիրների առավելությունները ՌԴ աերոտիեզերական ուժերի հակահրթիռային օղակում» հոդվածում:

«Հարկ է նշել, որ միանգամայն տրամաբանական է Գյումրու 102-րդ ռազմաբազայում «Նեբո-Մ» ռադիոտեղորոշիչ համալիրների տեղակայումը։ Այստեղ այն կդառնա արժանի պատասխան Ադրբեջանի կողմից ձեռք բերված իսրայելական Green Pine կայանին, ինչպես նաեւ կարող է վերահսկել վիթխարի օդային տարածքներ Թուրքիայի, Իրաքի, Սիրիայի եւ Վրաստանի վրա։ Մերձավոր Արեւելքում ՆԱՏՕ-ի եւ Իսրայելի ցանկացած չարտոնված մարտավարական գործողություններ անհապաղ կգրանցվեն համալիրի կառավարման խցիկում գործող հաշվարկի կողմից»,-գրել է հոդվածագիրը։

Քաղաքագետ Թորոս Ալեքսանյանն «Ասպարեզի» հետ զրույցում, անդրադառնալով նշված թեմային, նշում է, որ եթե Ռուսաստանը անգամ իր արսենալում ունեցած ամենակատարելագործված զինատեսակները տեղակայի Հայաստանում, միեւնույն է, դա ոչ մի կերպ չի ամրապնդի մեր անվտանգությունը, ընդհակառակը դա միայն կվնասի մեզ, որովհետեւ դա նախեւառաջ բացառում է զարգացնել սեփական զինված ուժերը եւ ունենալ մրցունակ ու ինքնուրույն ՀՕՊ համակարգ:

-Մյուս կողմից էլ դրա արդյունքում Հայաստանը իսկապես դառնում է Ռուսաստանի ֆորպոստը ու հնարավոր հակառուսական ռազմական կամպանիայի դեպքում Հայաստանն իր վրա կընդունի ռազմական հարվածը, որը կարող է ամբողջությամբ ավերակների կույտի վերածել մեր երկիրը: Իսկ այն մարդիկ, որոնք կարծում են, որ ռուսները կարող են պաշտպանել մեզ ադրբեջանցիների հետ հնարավոր կոնֆլիկտի դեպքում, ապա չարաչար սխալվում են, ռուսները մեզ կպաշտպանեն միայն այն դեպքում, երբ որ մենք համաձայնվենք հրաժարվել Արցախից` հօգուտ Ադրբեջանի եւ վերջնականապես ոչ միայն դե ֆակտո, այլ նաեւ դե յուրե հրաժարվենք մեր պետականությունից: Այսինքն` սեփական տարածքում ունենալ ընդգծված թշնամական երկրի ռազմաբազա ու մտածել, որ այդ ռազմաբազան կարող է ամրապնդել մեր անվտանգությունը, ուղղակի հիմարություն է,-նշում է քաղաքագետը:

 

Անահիտ Սիմոնյան

Դիտումներ՝ 3543

Մեկնաբանել

comments