Հայաստանը՝ քաղաքակրթական սահմանապահ. հայացք դեպի ապագա

Հայաստանում հասարակական քննարկումներում և փորձագիտական շրջանակներում մշտապես արդիական թեմա է Արևմուտքի և այսպես կոչված «հետխորհրդային տարածքի» կամ Ռուսաստանի միջև երկընտրանքը։

Երկու կողմերի ներկայացացուչներն էլ բերում են իրենց տեսակետի օգտին խոսող փաստարկներ, սակայն հարցը, թե իրականում ինչ դեր ունի Հայաստանը տարածաշրջանում և միջազգային ասպարեզում և ինչ նշանակություն ունի մեծ տերությունների վարած աշխարհքաղաքականությունում՝ հաճախ մնում է բաց։ Այնինչ՝ Հայաստանն իր ինտեգրացիոն քաղաքականության ուղղություններում կարիք ունի որոշակի «խմբագրումների», որոնց շնորհիվ ավելի պարզ կդառնան ակնկալիքները և առավել մանրամասն կուրվագծվեն հնարավորությունները։

Արևմուտքը

Հայաստանը արդեն շուրջ 20 տարի վարում է եվրաինտեգրման քաղաքականություն, անդամակցում է Եվրոպայի խորհրդին։ Այս ընթացքում Հայաստանն անգնահատելի օգնություն է ստացել եվրոպական կառույցներից և մեծ քայլեր կատարել ժողովրդավարական հաստատությունների կայացման գործում։

Այսուհանդերձ, ինչպես հայտնի է, 2013 թվականին, երբ ստորագրման համար պատրաստ էր ՀՀ-ԵՄ ասոցացման պայմանագիրը, Երևանը հայտարարեց Եվրասիական ինտեգրացիոն տնտեսական ծրագրերին միանալու մասին։ Որպես հիմնավորում՝ ՀՀ ներկայացուցիչները հայտարարեցին, որ որոշումը կայացվել է Հայաստանի անվտանգության նկատառումներից։ Այսինքն՝ անուղղակի կերպով Երևանից հայտնեցին, որ չեն կարող արտաքին քաղաքական վեկտորն ամբողջովին ուղղել դեպի Արևմուտք, քանի որ այդ դեպքում չեն ունենա անվտանգության երաշխիքներ։

Մի կողմ թողնելով Հայաստանի՝ անվտանգության հարցում ՌԴ-ից ու եվրասիական ծրագրերից ունեցած ակնկալիքների արդարացած/չարդարացած լինելու հարցը, փաստենք, որ եվրոպական կառույցներից Երևանն անվանգության մասով որևէ ակնկալիք երբևէ չի ունեցել։ ՀՀ-ԵՄ հարաբերություններում անվտանգության երաշխիքների վերաբերյալ բանակցություններ չեն վարվել։

Սա, անշուշտ, լուրջ բացթողում է նման կարգի հարաբերություններում։ Բանն այն է, որ արևմուտքն ավարտվում է մեր տարածաշրջանում։ Անդրկովկասը արևմտյան աշխարհի՝ քրիտոնեական, եվրոպական մշակույթի կրողն է մի տարածքում, որը շրջափակված է այլ քաղաքակրթություններով և որտեղից անդին սկսվում է բոլորովին այլ աշխարհքաղաքական իրականություն։ Նման պարագայում, ընդունելով արևմտյան արժեքների գերակայությունն ու իրականացնելով ժողովրդավարական փոփոխություններ, այդ երկրները կարիք ունեն նաև լրացուցիչ անվտանգության երաշխիքների՝ հենց այդ նույն արևմտյան քաղաքակրթական արժեքները պաշտպանելու համար։ Սակայն դրա համար պետք է բոլորին պարզ լինի, որ մենք կրում ենք եվրոպական արժեքները:

Այսպիսով՝ փաստենք, որ ՀՀ-ԵՄ բանակցություններում Երևանն ունի ծանրակշիռ «առիթ»՝ եվրակառույցներից աջակցման և անվտանգության լրացուցիչ մեխանիզմեր պահանջելու համար։ Իսկ հիմնավորումն այն է, որ դա բխում է հենց ԵՄ հայտարարած հարևանության քաղաքականության գաղափարից։ Եթե Եվրամիությունը զարգացնում է ժողովրդավարական հաստատություններն իր հարևանների մոտ, որպեսզի երաշխավորի իր անմիջական սահմանների անվտանգությունը, ապա պետք է նաև ռեսուրսներ տրամադրի նաև իր հարևանների մոտ այդ ժողովրդավարական գործընթացները պաշտպանելու համար։

Ռուսաստանը

Հայաստանի և ՌԴ միջև կան ռազմական դաշինքի ինչպես մինչպետական պայմանագրեր, այնպես էլ միջազգային՝ ՀԱՊԿ շրջանակներում ստանձնած պարտավորություններ։ Փաստացիորեն՝ Ռուսաստանը ներկայում մասամբ ստանձնել է ՀՀ անվտանգության երաշխավորման գործառույթը՝ իրականացնելով հայ-թուրքական սահմանի հսկողությունը։

Այդուհանդերձ՝ հայ-ռուսական հարաբերություններում որպես թելադրող կողմ է հանդես գալիս բացառապես Ռուսաստանը, իսկ վերոնշյալ պայմանագրերի, մեղմ ասած, ոչ բոլոր դրույթներն են բխում հայկական կողմի շահերից:

Բացի սա, ինչպես ցույց տվեցին ապրիլին Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները, ինչպես նաև ադրբեջանական կողմից ՀՀ հյուսիս-արևելյան բնակավայրերի հրետակոծությունները, Մոսկվան չի շտապում գոնե հայտարարությունների մակարդակով աջակցություն ցուցաբերել Երևանին՝ առավելագույնը հանդես գալով անհասցե կոչերով։

Սա տեղիք է տալիս պնդելու, որ Հայաստանը պետք է վերանայի անվտանգության հարցում իր հարաբերությունները նաև Ռուսաստանի հետ։  Բանն այն է, որ Ռուսաստանի հարավը՝ Հյուսիսային Կովկասը, իսլամիստական շարժումների բռնկման օջախ է, որը թեև հիմա գտնվում է Կրեմլի վերահսկողության տակ, այնուամենայնիվ՝ անհնազանդ և անջատողական տարրերը մշտապես սպառնում են ապակայունացնել այդ տարածաշրջանը։ Այս հարցում Հայստանն ու Վրաստանը, իրականում, Մոսկվայի կողմից կարող էին ընկալվել որպես պոտենցիալ խնդրահարույց շրջանների թիկունքում գտնվող դաշնակիցներ:

Ավելին, Հարավային Կովկասից՝ Անդրկովկասից, անցնում է քաղաքակրթական սահման, որը Ռուսաստանը բաժանում է իր համար խորթ Մերձավոր Արևելքից։ Եվ հենց Հայաստանն ու Վրաստանն են, որ Մերձավոր Արևելքի ու հյուսիսային կովկասի իսլամիստների արաքում են, ինչը, մեղմ ասած, չափազանց ձեռնատու է Ռուսաստանին:

Հայաստանն արտաքին աշխարհում ընկալվում է ընդամենը որպես կրեմլյան ֆորպոստ, որը լիովին կախված է Ռուսաստանից։ Այնինչ՝ թույլ ֆորպոստի փոխարեն Ռուսաստանին առավել ձեռնտու կլիներ ունենալ ուժեղ դաշնակից, որը ցանկանում է և ի վիճակի է պաշտպանել քաղաքակրթական և աշխարհքաղաքական շեմը ռադիկալ իսլամական հոսքերից։

Ընդ որում, պետք է հաշվի առնել, որ այս տարածաշրջանում իսլամիզացիայից զուրկ կայուն պետությունների (Հայաստանի ու Վրաստանի) առկայությունը բխում է թե Ռուսստանի և թե արևմուտքի շահերից:

Հայաստանը

Այսինքն, մեծ հաշվով, թե Արևմուտքի, թե Ռուսաստանի դեպքում, խոսքը գնում է ընդհանուր առմամբ՝ արևմտյան մտածելակերպի, քաղաքակրթության, մշակույթի, կրոնի և արժեքների մասին։ Այսինքն՝ անկախ ՌԴ-Արևմուտք առճակատումների բազմաշերտ դրսևորումներից, Հայաստանը, մեծ հաշվով, քաղաքակրթական սահման է հանդիսանում երկու բևեռների համար էլ։

Երևանը պետք է օգտագործի այդ իրավիճակը ու ընկալի և որպես Մոկսվայի, և որպես Բրուսելի ու Վաշինգտոնի արժեքավոր դաշնակից: Դրա համար պետք է երկու բան՝ սուվերենություն ու ժողովրդավարություն:

Սուվերենությունը անհրաժեշտ է Ռուսաստանի հետ հարաբերություններում առավել ամուր դիրքերից խոսելու և հարաբերությունների փոխշահավետություն պահանջելու համար: Իսկ ժողովրդվարությունը պետք է, որպեսզի Արևմուտքը մեզ ընկալի որպես իրենց ընտանիքի անդամ և հստակ երևա, որ ՀՀ պետական սահմանները Արևմուտքի քաղաքակրթական սահմաններն են:

Վահե Ղուկասյան, Դանիել Իոաննիսյան,
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Հոդվածը ռուսերեն` Civil-border-rus

Դիտումներ՝ 3

Մեկնաբանել

comments