Հայ վարորդի դեմ ՌԴ-ում նոր հայցեր են ներկայացնում

ՄԻՊ-ի անտեղյակությունն ու նախարարի զուր խոստումները

ՌԴ-ում 6 տարի 9 ամիս ազատազրկման դատապարտված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի դեմ 18 քաղաքացիական հայց է ներկայացվել` նույնքան, որքան տուժած քաղաքացիների թիվն է։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի` Գյումրիում հրավիրած տարեվերջյան ասուլիսի ժամանակ «Ասպարեզը» պաշտպանից հետաքրքրվեց, թե ինչ փուլում է գտնվում Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու, պատիժն այստեղ կրելու գործընթացը եւ արդյո՞ք վերջերս 18 քաղաքացիական հայց է ներկայացվել նրա դեմ:

-Ես հրապարակային տվյալներից իմացա, որ կա 18 քաղաքացիական հայց, ուզում էի արդարադատության նախարարի հետ քննարկել: Եթե նման հայցեր կան, ապա այս պահին չեմ տիրապետում` ինչ փուլում են, բայց օրենսդրությունն ասում է, որ նման հայցերի դեպքում անձը կունենա պարտականություններ` Ռուսաստանի Դաշնության նկատմամբ: Դա կարող է տեղափոխման տեսակետից խնդիրներ առաջացնել,-նշեց Ա. Թաթոյանը եւ տեղեկացրեց, որ այս հարցի շուրջ քննարկումներ է ունեցել ՌԴ-ի իր գործընկերոջ հետ, գրավոր խնդրել` հանդիպում կազմակերպել Հրաչյա Հարությունյանի հետ:

www.armtimes.com կայքը տեղեկություններ էր հրապարակել, որ Հ.Հարությունյանի դեմ այդ հայցերը ներկայացվել են այն բանից հետո, երբ Գյումրիում սպանված Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները ընդդեմ Ռուսաստանի Դաշնության հայց են ներկայացրել դատարան։ Մինչ այդ, 2 տարվա ընթացքում, Հրաչյա Հարությունյանի դեմ հայց չէր ներկայացվել։

Մինչդեռ 2015 թվականի տարեվերջին արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, լրագրողների հարցին պատասխանելով, նշել էր, որ մինչեւ 2016 թվականի ավարտը Հրաչյա Հարությունյանի տեղափոխման գործընթացը բավականին լուրջ առաջընթաց կունենա:

2013 թվականի հուլիսի 13-ին Մոսկվայում միմյանց էին բախվել Հրաչյա Հարությունյանի կողմից վարած Կամազ մակնիշի բեռնատար ավտոմեքենան եւ մարդատար ավտոբուսը: Վթարի հետեւանքով նույն պահին մահացել էր 18 մարդ, իսկ 60-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նարեկ Կիրակոսյան

Դիտումներ՝ 2

Մեկնաբանել

comments