Նախկիններն ու քաղաքական կամ իրավական քավարանը

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը, որը վերջերս անդամակցել է Վարդան Օսկանյանի գլխավորած «Համախմբում» կուսակցությանը, իր ֆեյսբուքյան էջում մի ուշագրավ գրառում-հայտարարություն է արել: Նա իր անհամաձայնությունն է հայտնել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ կազմած դաշինքին, մասնավորապես, անընդունելի համարելով, որ այդ դաշինքը գլխավորի Ս. Օհանյանը:

Այս առիթով Կարեն Անդրեասյանը գրում է. «Համաձայն չեմ «Համախմբում» կուսակցության կողմից ընտրված դաշինքի կազմին: Առավել եւս՝ ինձ համար անընդունելի է, որ դաշինքը գլխավորի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Այո՛, իշխանափոխության համար լայն համախմբում է անհրաժեշտ, որի մեջ կարելի է ներառել նաեւ նախկինում սխալված կամ մեղքեր գործած միայն այն մարդկանց, ովքեր անկեղծորեն զղջալով՝ անցել են քաղաքական կամ իրավական քավարանով: Չի կարելի, սակայն, նույնիսկ հանուն բոլորիս երազած իշխանափոխության խառնել կոռումպացված ու չկոռումպացված մարդկանց, աշխարհաքաղաքական հակադիր կողմնորոշումները, արժեքային ծայրահեղ տարբեր բեւեռները, քանի որ այդ դեպքում մեծ է պարտության հավանականությունը, ու նաեւ կա վտանգ, որ հաղթանակի պարագայում դեւին սպանողն ինքը դեւ կդառնա: Անվերջանալի դատաիրավական կոռուպցիայի, չդադարող թալանի, սոսկալի անարդարությունների, համատարած աղքատության ու արտագաղթի պայմաններում միակ հույսը մնում է հեղափոխական նոր ձեւաչափը»:

Կարեն Անդրեասյանի այս գրառումն ունի մի քանի ուշագրավ կողմեր, օբյեկտիվ ու սուբյեկտիվ երանգներ: Վերապահում ունենալով ստեղծված դաշինքը Սեյրան Օհանյանի գլխավորությամբ տեսնելու հարցում, ամենայն հավանականությամբ, նա այդ դերում տեսնում է իր կուսակցապետին՝ Վարդան Օսկանյանին: Խոսելով նախկինների գործած մեղքերի մասին՝ Կարեն Անդրեասյանը կարծես թե մոռանում է նույն Վարդան Օսկանյանի՝ իշխանության մեջ գտնվելու տարիներին գործած մեղքերի մասին:

Ճիշտ է, իր հայտարարության մեջ նախկին ՄԻՊ-ը շեշտադրումներ է անում կոռուպցիայի, ալան-թալանի հետ կապված մեղքերի մասին (սրանով փաստորեն հասկացնում է Սեյրան Օհանյանի կապերը այդ ամենի հետ), բայց զանց է առնում այն դերակատարությունը, որ ունեցել է Վարդան Օսկանյանն այդ ու այլ մեղքեր թաքցնել-պարտակելու մեջ: Վարդան Օսկանյանին է պատկանում «կեղտոտ լվացքը դուրս չհանելու» հայտնի հայտարարությունը:

Այդ կեղտոտ լվացքը տարիներ շարունակ Հայաստանում իրականացված թե ալան-թալանն են, թե կոռուպցիոն երեւույթները, թե կեղծված ընտրությունները, թե իշխանագողությունը, թե քաղաքական հետապնդումներն ու ահաբեկումները: Արտաքին ասպարեզում, միջազգային հարթակներում այդ ամենը տարիներ շարունակ ծածկադմփոց է արել հենց Վարդան Օսկանյանը: Էլ չասած Մարտի 1-ը արդարացնելու նրա կեցվածքի մասին:

Երեւի Կարեն Անդրեասյանն համարում է, որ իր կուսակցապետը անկեղծորեն զղջացել է այդ մեղքերի համար ու անցել քաղաքական կամ իրավական քավարանով: Բայց Օսկանյանի մոտ այդ ամենը ինչ-որ չի երեւում:

Համլետ Կիրակոսյան

Դիտումներ՝ 30

Մեկնաբանել

comments