Գյումրու քաղաքապետարանի անտարբերության արդյունքը

Ով ինչքան ուզել, այնքան էլ սահմանել է վարձավճարը

Գյումրու համայնքապատկան որոշ դպրոցներում վարձավճարի չափը հիմնավորված չէ, բացակայությունների դեպքում անգամ երեխաներից վարձավճարն ամբողջովին են գանձում: Այս մասին բարձրաձայնում են ծնողներն ու խնդրում հարցը հրապարակային դարձնել: Այս դպրոցներն իրականացնում են արտադպրոցական վճարովի ծառայություններ, տարբեր խմբակներ ունեն` պար, երաժշտություն, նկարչություն, քանդակագործություն, տարբեր մարզաձեւեր:

«Ասպարեզի» հարցումների արդյունքում եւ դպրոցների տնօրենների, աշխատակիցների հետ զրույցների ընթացքում պարզվեց, որ այդ վարձավճարների մի մասի չափը հաստատվել է Գյումրու ավագանու կողմից` դեռեւս 7-8 տարի առաջ: Այս տարիների ընթացքում որոշ համայնքապատկան դպրոցներում վարձավճարի սահմանված չափը չի փոփոխվել, իսկ որոշ դպրոցներում էլ վարձավճարի չափի փոփոխության հարցում մեծ դեր են ունեցել մանկավարժական խորհուրդները:

Համայնքապատկան այս դպրոցներից նաեւ փոխանցում են. «Վարձավճարի չափը քննարկվել եւ հաստատվել է մանկավարժական խորհրդի կողմից, սակայն մինչ հաստատվելը ստացել ենք Գյումրու քաղաքապետարանի համաձայնությունը: Բայց Գյումրու քաղաքապետարանը, ընդհանուր առմամբ, թողել է մեր հայեցողությանը, քանի որ մենք ենք տնօրինում այդ գումարները, դրանով փակում ենք դպրոցի կոմունալ ծախսերը, քաղաքապետարանը մեզ միայն աշխատավարձ է տալիս, շենքի պահպանման խնդիրները լուծում ենք այդ վարձավճարներով»:

Այսինքն` համայնքապատկան դպրոցը ուրվագծում է տարվա խնդիրները, ենթադրում ծախսերի ծավալն ու սահմանում վարձավճարի չափ: Գյումրու քաղաքապետարանը լավ էլ տեղյակ է այս ամենից, բայց հանձնարարական չի տվել, հարցը ավագանու նիստի օրակարգ էլ դեռեւս չի ընդգրկել:

Դպրոցներին այս դեպքում տրվում է լայն հնարավորություն, մինչդեռ այս հաստատությունները գործում են համայնքի ենթակայությամբ եւ բոլոր դեպքերում մանկավարժական, ծնողական խորհրդի կողմից ենթադրվող վարձավճարի չափը պիտի հաստատվի ավագանու որոշմամբ:

Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական կայքում հասանելի են միայն 2012-2016 թվականների ավագանու որոշումները, առկա որոշումներից եւ ոչ մեկը չի վերաբերում համայնքապատկան մարզադպրոցների, արվեստի, մշակույթի դպրոցների վարձավճարների չափերին: Այսինքն` տարիներ շարունակ ոլորտն այս առումով չի վերահսկվել, իսկ ավելի ճշգրիտ` քաղաքապետարանը աշխատավարձից բացի մյուս խնդիրների լուծումը թողել է դպրոցների տնօրենների, աշխատակիցների ուսերին, վերջիններս էլ որքան ցանկացել, այնքան էլ սահմանել են վարձավճարի չափն ու գանձել ծնողներից:

Այսպես, մեր հարցումների արդյունքում պարզվեց, որ համայնքապատկան պիոներ պալատում մեկ սանի ամենամսյա վարձավճարը կազմում է 500-1500 դրամ, տատանումը պայմանավորված է խմբակների տեսակից:

Պարարվեստի դպրոցում սանի ամենամսյա վարձավճարը 3000 դրամ է` բացառությամբ 2016 թվականին ընդունված 20-21 երեխաների:  Վերջիններս վճարում են 5000 դրամ:

Շախմատի մարզադպրոցում սաները տարեկան վճարում են 10 հազար դրամ:

Ա.Շիշյանի անվան թիվ 6 երաժշտական դպրոցում ամենամսյա վարձավճարը 4000-5000 դրամ է, տարբերությունը նորից պայմանավորված է խմբակի տեսակից:

Սամբո-ձյուդոյի եւ Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոցներում ամենանվազագույն վարձավճարն է սահմանված` ամեն ամիս 500 դրամ: Այս մարզադպրոցերից փոխանցում են, որ գումարի չափը բավական քիչ է.«էդ ի՞նչ փող է»,- ասում են, միաժամանակ տեղեկացնում, որ տարիներ շարունակ չի փոփոխվել վարձավճարի չափը:

Գյումրու քաղաքապետարանի սպորտի բաժնի պետ Մեխակ Ղազարյանը եւս հաստատում է, որ վարձավճարի չափը տարիներ շարունակ չի փոփոխվել:

«Մենք ուզում ենք, որ այդ 500 դրամն էլ չլինի, կկարգավորենք այս հարցը»,-ասում է Մ.Ղազարյանը, տեղեկացնելով, որ ավագանու նիստերից մեկում հնարավոր է, որ քննարկվի հարցը:

Հերթական խոստումը փոխանցում է նաեւ Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Արտուշ Մկրտչյանը:

«Համայնքապատկան դպրոցներն են սահմանում, հաստատում այդ գումարները, բայց գիտեմ, որ ավագանու նիստով հարցը պիտի կարգավորենք, ես ձեզ խոստանում եմ, որ այս տարում այս խնդիրը կլուծենք»,-հավաստիացնում է Ա.Մկրտչյանը:

Այս դպրոցներում հստակեցված չէ նաեւ վարձավճարների զեղչերի կարգը, ով որքան կարող է` զեղչում է, բայց թե կոնկրետ ովքեր են այդ երեխաները, նորից անհայտ է ու հստակ չէ:

Նույն այսպիսի բողոքներ եւ դժգոհություններ «Ասպարեզ» օրաթերթը վերջին 1-2 տարում ստացավ նաեւ Գյումրու համայնքապատկան մանկապարտեզների սաների ծնողներից: «Չենք հասկանում, թե ինչպես են սահմանում վարձերը: Երեխան մի քանի օր է` չի գնում մանկապարտեզ, բայց էլի լրիվ վարձ են պահանջում»:

Այս ու նման բողոքները հիմք ընդունելով` մեկ տարի առաջ Գյումրու ավագանին որոշում կայացրեց` մանկապարտեզներում երեխաների բացակայության դեպքում վարձավճարի վերահաշվարկ կատարելու կարգ, իսկ մինչ այդ ավագանին, հիմք ընդունելով մանկապարտեզների ծնողական խորհուրդների ժողովների արձանագրություններն ու վարձավճարների չափերի հիմնավորումները, հաստատեց համայնքապատկան յուրաքանչյուր մանկապարտեզի ամենամսյա վարձավճարի չափը: Վերջին 3-4 տարում ավագանին հաստատում  է նաեւ զեղչերի կարգն ու արտոնություններ սահմանում որոշ սոցիալական խմբերի երեխաներին:

Փաստորեն, Գյումրու քաղաքապետարանն ու ավագանին վերահսկում են միայն մանկապարտեզները, կարգ ու որոշում կայացնում այս հաստատությունների համար` աչքաթող անելով մյուս համայնքապատկան կառույցները: Գյումրու ՏԻՄ-ի այս դիրքը պայմանավորված է նրանով, որ ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում գրեթե չեն եղել համայնքապատկան, վճարովի ծառայություններ մատուցող դպրոցները:

Անի Մկրտչյան

Դիտումներ՝ 367

Մեկնաբանել

comments