Գյումրու արհեստները

«Ասպարեզ» շաբաթաթերթում սկսում ենք նոր շարք` «Գյումրու արհեստներն ու արհեստավորները»:

Ներկայացնելու ենք Գյումրու արհեստների պահպանման, զարգացման համար ջանք ու եռանդ ներդնող վարպետներին՝ ուստաներին:

Քաղաքում արհեստագործությունը սկիզբ է առել դեռեւս հնագույն ժամանակներից, արհեստագործության ձեւավորման վկայություններից են VII դարի խաչքարերը:
Շատ հաճախ տարանջատում չի դրվել արհեստների եւ արվեստի միջեւ: Այդ երեւույթը նկատելի է ճարտարապետության, քարագործության (առանձնապես՝ գերեզմանաքարերի կերտման մեջ), փայտագործության, արծաթագործության, հատկապես՝ ոսկերչության, ապա՝ պղնձագործության, գորգագործության, ժանյակագործության, երկաթագործության եւ մի շարք այլ ոլորտներում։
Գրեթե անհնարին է գտնել հին գյումրեցիների մի տուն, մի գերդաստան, որտեղ տվյալ արհեստն ու արվեստը միայն մեկի զբաղմունքը եղած լինի։ Շատ հաճախ գերդաստանները կոչվել են նաեւ իրենց արհեստների անուններով` Ֆայտոնջոնք (Կառապանենք-Կառագործենք), Դամըրչոնք (Երկաթագործենք), Ցափուջոնք (Որմնադիրենք):
19-րդ դարի վերջին Ալեքսնադրապոլում գործում էին այնպիսի արհեստներ, ինչպիսիք էին` աղիքից լար պատրաստողներ, բամբակ գզողներ, երկարաճիտ կոշիկ կարողներ, խավով կտոր գործողներ եւ այլն: Ներկայում այս արհեստների թիվը պակասել է:
Փորձելու ենք ներկայացնել այնպիսի արհեստներ, որոնք դեռ ապրում են եւ շարունակում են ապրեցնել գյումրու արհեստագործությունը:
Գյումրեցու արհեստագործական վարպետության կերտման մասին ամենադիպուկ խոսքն ասել է Սերգեյ Մերկուրովը` «Մի տուն էինք շինում: Տան տերը ցանկացավ մուտքի կամարին քանդակել տալ մի աղավնի: Վարպետս գործն ինձ հանձնեց: Քանդակեցի աղավնին: Քանդակեցի կարմիր քարից: Տարա վարպետիս: Նայեց-նայեց, նետեց աղավնիս քարերին, փշուր-փշուր արեց, է ՞ս ինչ էս շինե: Բան շինե, բան: Այդպես կրկնվեց մի քանի անգամ: Վերջը, երբ վախվխելով հարցրի, թե ի՞նչը չի հավանում, նկատեց, էմպես պըտի շինես, օղուլ, օր տեսնողը գիտենա, թե՝ էս է, յա նոր է իջե երկընքեն, յա էս է՝ երկինք պըտի թըռնի… Հետո եղա շատ երկրներում, ծանոթացա արվեստների տեսություններին, բայց ոչ մի բան չկարողացավ մոռացնել տալ քանդակագործական արվեստի կոչման՝ քարի կենդանացման այն խորունկ հայտնագործությունը, որ ադամանդի բյուրեղացմամբ կատարել էր գյումրեցի վարպետս»:

Պատրաստեց Էմմա Բաղդասարյանը
Լուսանկարը՝ cfa.am-ի

Դիտումներ՝ 38

Մեկնաբանել

comments