Ջանոյանների տոնական օրերի ուրախությունն արկղերն են

Գեւորգի 5-ամյա երազանքը

«Էլի էս Նոր տարին էկավ»,-դեպի իրենց տուն տանող ճանապարհն անցնելով ու խորը հոգոց հանելով` ասում է Ժաննա Ջանոյանն ու շարունակում ուղեկցել ինձ:

Տան ճանապարհը բավական երկար է: Վերջապես հասնում ենք 139/218 տարածք: Տարածքի վերջին ավտոտնակում Ժաննա Ջանոյանն արդեն 11 տարի է` ապրում է մոր եւ որդու հետ: Շինությունը, որը չորս կողմից միայն բետոնապատված է, ընտանիքի սեփականությունը չէ. «Երբ աղջիկս անբախտացավ ու հետ եկավ, հարեւանը խղճաց, տվավ»,-ասում է Ժաննա Ջանոյանի 77-ամյա մայրը` Լաուրա Ջանոյանը:

Ընտանիքն անօթեւանության կարգավիճակ չունի: Երկրաշարժի հետեւանքով բնակարան չեն կորցրել: Պատմում են, որ շենքը վթարային է դարձել, մինչ պետությունն ամրացրել ու վերադարձրել է, Ջանոյանների եղբայրն է ամուսնացել: Ընտանիքը համալրվել է, մեկսենյականոց բնակարանում չեն կարողացել տեղավորվել: Եւ վերջին 11 տարին ապրում են իրենց հարեւանի ավտոտնակում:


Ցուրտ եւ խոնավ կացարանն այսօր ջեռուցում են փայտի վառարանով, որպես վառելիք օգտագործում են արկղերը, որոնք հարեւան խանութի սեփականատերն է տալիս: Կացարանում բավարար ջեմաստիճան չեն կարողանում ապահովել: Պատերը շարունակում են սառցապատ մնալ: «Փող, որ ունենանք փետ ու աթար կառնինք, կվառենք: Աստված տա, որ չմեռա, մյուս տարի կառնիմ»,-ասում է Լաուրա տատը:

Չնայած կացարանի այս պայմաններին` ավտոտնակում ապրող ընտանիքի անդամները լավատես են: «Ամեն ինչ մարդու համար է»,-հուսադրում է Լաուրա տատը:

Ընտանիքը սոցիալական խնդիրներ ունի: Նրանց հիմնական եկամուտը Լաուրա Ջանոյանի 42 հազար դրամ կենսաթոշակն է: Յուրաքանչյուր ամիս ընտանիքին բարեգործական կազմակերպություններից մեկը 15 եվրոյին համարժեք դրամով օգնում է, այս օրերին էլ վառելափայտ, սնունդ եւ հագուստ է տրամադրել:

Լաուրա տատը կատակով նշում է, որ ինքն էլ «բիզնեսով» է զբաղվում: Թոշակառու կինն ամռան ամիսներին շուկայից արեւածաղկի սերմ  է գնում եւ վաճառում իրենց թաղամասում: Հաշվարկել է` բիզնեսը շահավետ չէ: Կատարած աշխատանքն ու եկամուտն անհամատեղելի են: «Բաժակը 50 դրամ կծախեմ, բայց գուկան, ամենքը բուռմ վերցնեն, կերթան: Կսեն` Լաուր տատ, բա մեզի չե՞ս տա: Էլ ընձի օգուտ կեղնի՞»:

Սոցիալական վատ պայմաններում ապրելու հետեւանքով ընտանիքի անդամները որոշ առողջական խնդիրներ են ձեռք բերել: Տիկին Ժաննան ասում է, որ իր եւ որդու մոտ արդեն խրոնիկական թոքաբորբ է առաջացել: Նա որդուն մանկուց միայնակ է մեծացրել:

Գեւորգը` տիկին Ժաննայի որդին, սովորում է թիվ 18 դպրոցի 9-րդ դասարանում: Ասում է.«Ցրտից ձեռներս կուռի, չեմ կրնա գրեմ»:

Ջանոյանների ավտոտնակն ամբողջովին պատված է սրբապատկերներով: Տիկին Լաուրան ասում է, որ յուրաքանչյուր նկար մի նպատակով է գնել, որոնք տարիների ընթացքում ավելացել են:


Այս ընտանիքը դադարել է հավատալ Նոր տարվա հրաշքին: Տոնական օրերին ուրախանում են միայն այն պատճառով, որ հարեւան խանութում շատ ապրանք է վաճառվում, իսկ իրենք շատ արկղեր են ունենում:

Ամանորի մասին խոսակցությունից փայլեցին միայն Գեւորգի աչքերը: Նրա ամանորյա երազանքն արդեն հինգ տարեկան է ու չի իրականանում: 5 տարի շարունակ այս ընտանիքը չի կարող տոնական սեղան դնել:

Նարեկ Կիրակոսյան

Դիտումներ՝ 3

Մեկնաբանել

comments