Քայքայվում ու քանդվում է Գյումրու սալիկապատված Աբովյան փողոցը

Կամ միլիոնների փոշիացում

Ձնհալից հետո Գյումրու Աբովյանի փողոցի սալիկապատված հատվածն անճանաչելի է դարձել: Արտաքին սալիկները վերածվել են ավազի հատիկների, սալիկները փշուր-փշուր են եղել: Կտուրների անդադար ջրի տակ են հայտնվել նաեւ փողոցի ծայրամասային, անկյունային հատվածները:

Գյումրիում փողոցի այս հատվածը վերաբացվեց «Գյումրու օր» տոնակատարության ժամանակ՝ 2016 թվականի սեպտեմբերի 25-ին: Սալիկապատվել է մոտ 2800 քմ տարածք, շինաշխատանքներն իրականացրել է «Տիմ-Շին» ընկերությունը:

Աբովյան

«Հոկտեմբեր» կինոթատրոնի դիմացի մայթի եւ Աբովյան փողոցի այս հատվածի սալիկապատման համար քաղաքի աղքատիկ միջոցներից հատկացվել էր 16 մլն 500 հազար դրամ, իսկ վերաբացված փողոցի կահավորման համար ծախսվել էր շուրջ 7 մլն 500 հազար դրամ:

Գյումրու քաղաքապետարանից փոխանցում են, որ երեկ քաղաքապետ Սամվել Բալասանյանը շրջել է Աբովյան փողոցի սալիկապատված հատվածում, տեղում ուսումնասիրել փողոցում առաջացած խնդիրները: Քաղաքապետը շինարարից հետաքրքրվել է, թե ինչն է եղել թերությունների առաջացման պատճառը, ապա կարգադրել սեղմ ժամկետներում վերացնել դրանք:

Աբովյան

Աբովյան փողոցի այս հատվածը, ի դեպ, նախորդ տարի ավագանու որոշմամբ, վերանվանվեց բարերար Քըրք Քըրքորյանի անունով: Սակայն բարերարի անունով փողոցի անվանումը օրենքի խախտում էր եւ հակասում էր «Աշխարհագրական անվանումների մասին» ՀՀ օրենքի պահանջին, օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` նշանավոր որեւէ անհատի անվամբ կարող է անվանակոչում կատարվել նրա մահվանից առնվազն 5 տարի հետո: Իսկ բարերար Ք.Քըրքորյանը մահացել է 2015 թվականի հունիսի 15-ին:

Աբովյան

Ավագանու նշված որոշման մեջ ավագանու նոր կազմը պարտավորվում է կատարել փոփոխություն՝ հիմք ընդունել արդարադատության նախարարության գրությունն ու վերացնել խախտումը:

Աբովյան

 

Աբովյան

Ա.Մկրտչյան

Դիտումներ՝ 185

Մեկնաբանել

comments