«55 տարեկան կեղնիմ. կյանքիս մեծ մասը էս խուցն անցրի»

Գյումրու Բարեկամության այգին քաղաքի տնակային հերթական ավաններից է: Չորացած ծառերի արանքից հատուկենտ փայտյա փտած կամ թիթեղով պատված տնակներ են երեւում՝ ժանգոտ ու մրոտած դռներով:

տնակ

Տնակային ավանի բնակիչների մեծ մասը խմելու ջուրը տարբեր մասերից է կրում, բնական գազի փոխարեն այստեղ արհեստական գազօջախներ են, էլեկտրաէներգիան խնայողաբար են օգտագործում: Գիտեն, որ վարձը չեն կարող վճարել, իսկ տեսուչը հանդուժող չէ, հաշվի չի առնի սոցիալական վիճակը:

55-ամյա Գայանեն ավանի հին բնակիչներից է, ապրում է մենակ, միակ եկամուտը ընտանեկան նպաստն է: Ասում է՝ ընդամենը 17 հազար 500 դրամ է ստանում, աշխատանք չունի, չի կարող գործ գտնել:

ԳայանեԳյումրու Բարեկամության 234/232 տնակում Գայանեն ապրել է 1988-ի երկրաշարժից հետո:

«88 թվի ժաժքի տակ մնացի, տարան ընձի Էրեվան, հետո Արզնի, հետո էկել եմ Լեննական, մամաս էս դոմիկն արդեն դրել էր ու ապրել եմ տնակում, իմ շենքս փլվել էր»,-պատմում է Գայանեն:

տնակ

Տնակի օդը ծանր է, արհեստական գազօջախին է կինը ճաշ եփում, ջուրը դույլերով կրում է ավանի տարբեր մասերից: Գայանեն տնակի անկյուններում մեծ ու փոքր անցքեր է գտել, այստեղ եւս առնետներն ու մկները շատ են:

Առնետների ու մկների դեմ Գայանեի կատուներն են պայքարում: «Էս կատուներն ընձի կպաշտպանեն կռիսներից: Էս էրկու կատուն որ չէղներ, հմի գիտես ստեղ ինչքան կռիս ու մուկ կեղներ»,-ասում է նա:

տնակ

Տնակը չունի կոմունալ ոչ մի հարմարություն, Գայանեն օգտվում է Գյումրու բարեգործական բաղնիքից, ասում է՝ «չեկ են տվել»:

Միայնակ ապրող կինը պատմում է, որ պետության կողմից նոր բնակարան չի ստացել անհրաժեշտ փաստաթղթերը ժամանակին չներկայացնելու պատճառով:

«2001 թվին մերս մահացավ, ես տան թղթերը քիչըմ ուշոտ տվեցի, օր մե ոտըմ շուտ տայի, կէղներ: Ամուսինս որ մահացավ, ես էլի էկա էս խուցը մտա»,-ասում է նա:

Գայանե Ենոքյանը նախկինում աշխատել է Լենինականի կարի գործարանում, հետո՝ զորամասում, ապա զբաղվել առեւտրով: Միակ խնդրանքը բնակարանն է:

տնակ

«Տուն է ուզածս, որ մարդավարի ապրիմ, շնորհքով: Ախր ես ապրել եմ, գիտեմ շենքի մեջ ապրելն ինչ է: Արդեն 55 տարեկան կեղնիմ. կյանքիս մեծ մասը էս խուցն անցրի»,-եզրափակում է Գայանեն:

Անի Մկրտչյան

Դիտումներ՝ 353

Մեկնաբանել

comments