Գյումրիում 3 եղբայրներին առնետներից պաշտպանում է տնակի կատուն

Սննդի պարտքի մի մասն են կարողանում փակել նպաստով

9-ամյա Արան շտապում է դարակից հանել ալբոմն ու նկարներ ցույց տալ: Ասում է՝ շատ է սիրում նկարել, հատկապես ավտոմեքենաներ, սակայն նկարչական դպրոց չի հաճախում: Պատճառը գումարն է: Արայի մայրը՝ տիկին Արուսը, հարցնում է ու հարցի պատասխանը տալիս. «Վճարովի՞ են, չէ ՞, նկարչական դպրոցները, խմբակները…դե, մեզ… որտեղի՞ց»:

Արայի կրտսեր եղբայրը՝ 3-ամյա Արենը, շատ է ուզում մանկապարտեզ գնալ, ասում է, որ մանկապարտեզի երեխաներին միշտ է տեսնում: Մայրը մանրամասնում է՝ մանկապարտեզը եղբոր դպրոցի կողքն է: Մանկապարտեզի անունը լսելիս՝ Արենը ժպտում է, ձեռքերն իրար միացնում, շփում ու կանգնում միջնեկ եղբոր՝ 5-ամյա Արմենի կողքին:

Տնակի օդն հազիվ տանելի է. սենյակի մեջտեղում փայտի վառարանն է՝ վրան մի մեծ տարա:

Ծորակից ջուրն անընդհատ հոսում է: Տիկին Արուսն ասում է՝ ծորակն անսարք է, ձմռանը ջուր չեն ունեցել: «Ջրերը սառել էին, նոր-նոր սկսել են գալ: Կերթայի հեռվից ջուր կկրեի, լավ է՝ սառույցին չընկա»,-պատմում է երիտասարդ կինը:

անապահով

Յուզբաշյանների՝ մոր ու 3 որդիների եկամտի միակ աղբյուրը ընտանեկան նպաստն է: Տիկին Արուսն ասում է՝ ամսական ստանում են 36 հազար դրամ նպաստ: Սնունդը ապառիկ են գնում, հետո նպաստի օրը պարտքը մասամբ են փակում: «Վերասյա կվերցնեմ, հետո կեսը կուտամ, կեսը ըդպես կմնա»,-ասում է մայրը:

Կինը պատմում է, որ միայնակ է մեծացնում որդիներին: 2 տարի է՝ չի ապրում ամուսնու հետ:

անապահով«Ամուսնուցս բաժան եմ, էրեխեքը հորը տեսնում են: Ինքը (նկատի ունի ամուսնուն.-հեղ) գնում է Ռուսաստան, բայց որ էստեղ կեղնի, էրեխեքին կտեսնի, առողջական հարցեր ունի, ծանր գործ չի կրնա էնե»:

Կինը հավաստիացնում է, որ ոչ մեկից օգնություն չի ստանում: Նրա խոսքով՝ Գյումրու քաղաքապետարանից վերջին օգնությունը ստացել է 3 տարի առաջ՝ սննդի տեսքով:

«Քաղաքապետարան մենակ վառելափայտի համար եմ դիմել: Երբ գնացել եմ, ըսել են՝ ինչքան կա դիմում, վերցրել ենք, էլ չենք կրնա վերցնե: Անցած տարի մարզպետարան դիմեցի, ըսեցին՝ գումար չկա, էդպես մերժվա, մերժված թուղթն էլ տվել են, մինչեւ հմի մոտս է: Մամաս էլ հնար չունի, ընձի պես ապրող են, իրանք էլ դոմիկ կապրին, բարեկամ էդպես էլ չունիմ»,-պատմում է երեխաների մայրը:

անապահով

 

Տիկին Արուսը Բարեկամության այգու 234/214 տնակում արդեն ապրում է 10 տարի, տնակը եղել է տատինը: Երեք որդիներն էլ ծնվել եւ մեծանում են տնակային պայմաններում: Ասում է՝ մինչ այս տնակը, ապրել են նորից տնակում՝ վարձով: Երբ չեն կարողացել վճարել տնակի վարձը, տեղափոխվել են այստեղ:

Փտած ու կիսավեր տնակը չունի կոմունալ եւ ոչ մի հարմարություն:  Երեխաները լողանում են 7 կամ 10 օրը մեկ անգամ, այն էլ՝ տիկին Արուսի բարեկամի տանը:

«Տեղ չունեմ, բարեկամ ունիմ, իրենց տունը կտանիմ էրեխեքին, շաբաթը մե անգամ, 10 օրը մե անգամ կլողցնեն, կբերեմ»։

անապահով

Ինչպես Գյումրու տնակային մյուս ավաններում, այստեղ եւս մկներն ու առնետները վխտում են: Տիկին Արուսը մեկ-մեկ ցույց է տալիս առնետների ու մկների ելումուտի անցքերը: Ասում է՝ դրանք փորձում է փակել՝ որքան հնարավոր է, սակայն ապարդյուն:

3 ապագա զինվորներին առնետներից պաշտպանում է կատուն:

անապահով

Ավագ որդին գրեթե ամբողջ օրը դպրոցով, դասերով է զբաղված, իսկ կրտսերն ու միջնեկն ամբողջ օրը խոնավ ու կիսամութ տնակի ներսում են: Քանդված, կիսավեր տնակի շուրջբոլորն այնքան ցեխոտ է, որ չեն կարողանում դուրս գալ եւ կարողանալ խաղալ բակ կոչվող անձուկ, անհրապույր տարածքում:

անապահով

անապահով

անապահով

անապահով

Անի Մկրտչյան

Դիտումներ՝ 184

Մեկնաբանել

comments