Գյումրու դպրոցի տնօրենի պաշտոնը ստացավ ժամանակավոր պաշտոնակատարը

Գյումրու թիվ 11 դպրոցն արդեն ունի նոր տնօրեն, մրցույթի միակ թեկնածուն եւ հաղթողը ճանաչվել է դպրոցի տնօրենի նախկին տեղակալ, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Գրիգորյանը: Մասնակցության փաստաթղթեր ներկայացրել է նաեւ Գյումրու թիվ 23 հիմնական դպրոցի ուսումնական գծով տնօրենի տեղակալ Մարինե Խոդիկյանը, սակայն մրցույթին չի մասնակցել:

Ամիսներ առաջ այս դպրոցի տնօրենի թափուր պաշտոնը, ըստ մեր տեղեկությունների,  դարձել էր կռվախնձոր որոշ պաշտոնյաների միջեւ: Շրջանառվում էր նաեւ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ (այդ ընթացքում Հր.Կարապետյանը պետի ժամանակավոր պաշտոնակատար էր): Հրայր Կարապետյանը, սակայն, հերքել էր այս տեղեկություններն ու «Ասպարեզի» հետ զրույցում ասել.

«Ցավով պետք է նշեմ, որ մարդիկ իրենց անհիմն ենթադրությունները փորձում են տեղեկացնել 3-րդ կամ 4-րդ անձի շուրթերից հնչող մտքերով, կարծիքներով: Բացարձակապես նման բան չկա, բացարձակապես սուտ է, իրականությանը չի համապատասխանում: Եթե ավելի խորը վերլուծենք` ո՞նց եք պատկերացնում, վարչության պետը մարզպետի հետ առճակատմա՞ն է գնում, կամ ի՞նչ առճակատման մասին է խոսքը, երբ բոլորին հնարավորություն է տրված մրցույթին մասնակցելու: Ոչ ոք ի պաշտոնե իրավունք չունի եւ չի էլ փորձել ինչ-որ մեկին խոչընդոտել: Հաջորդ քայլն ասեմ` ընտրողը մարզպե՞տն է, թե՞ վարչության պետը, իհարկե, կառավարման խորհուրդն է, իսկ եթե կառավարման խորհրդի կազմը տեսնենք շատ ավելի պարզ կլինի, կհասկանանք, որ կառավարման խորհրդի կազմում գտնվող ծնողի կամ այլ ներկայացուցիչներից ո՞ւմ վրա ի՞նչ ազդեցություն կարող ենք ունենալ մենք: Սա պարզապես ծիծաղելի է, ընդհանրապես հետագայում էլ, եւ ցանկալի կլիներ, եւ նաեւ խորհուրդ բոլորին` ավելորդ մտքեր ու կարծիքներ չարտահայտեն, որոնք իրականության հետ բացարձակ կապ չունեն»:

դպրոցի տնօրենի

Այս դպրոցում երկար տարիներ՝ որպես մանկավարժ, ապա տնօրեն աշխատել է Հրայր Կարապետյանը, նրան` Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելուց հետո այս դպրոցի տնօրենի պաշտոնը թափուր մնաց: Շիրակի մարզպետի որոշմամբ՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվել էր դպրոցի մանկավարժ, տնօրենի տեղակալ Արմենուհի Գրիգորյանը, ով եւ աշխատել էր Հրայր Կարապետյանի հետ եւ դպրոցի աշխատակազմի համար նոր մարդ չէր:

Մինչ վերջնական մրցույթի արդյունքները, Հրայր Կարապետյանը տեղեկացրել էր նաեւ, որ տեսնում է արժանավորին, բայց եւ անունը չէր հրապարակել:

«Կարեւորը անցնի արժանի մանկավարժ, տնօրեն լինի, էնպիսի անձնավորություն, որը կարողանա վերջին տարիներին հաջողության հասած 11-րդ դպրոցը բարձր պահել: Վերջին 3 տարվա ընթացքում անընդհատ աշակերտական համակազմը աճել է, մոտ 300-ից ավել աշակերտ ավելացել է»,-ասել էր նա:

Հունվարին նախատեսվում էր այս դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը, սակայն չկայացավ՝ սահմանված կարգի խախտման պատճառով:

Ըստ դպրոցի կառավարման խորհրդի՝ մրցույթի անցկացնելու մասին հայտարարությունը` որպես տեղեկատվություն, չէր հրապարակվել ՀՀ կրթության եւ գիտության նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում: «Հաշվի առնելով, որ ԿԳ նախարարության կողմից վերոհիշյալ տեղեկատվությունը չի հրապարակվել, որով եւ խախտվում են ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի 319-Ն որոշմամբ հաստատված պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության նշանակման կարգի 6.1. պահանջները, կառավարման խորհուրդը որոշում է կայացրել նոր մրցույթ նշանակել»,-հայտարարել էր կառավարման խորհրդի նախագահ Գեւորգ Ալեքյանը:

Մինչդեռ ԿԳ նախարարությունից «Ասպարեզին» փոխանցել էին. «Ինչ ստանում ենք, տեղադրում ենք, եթե չեն ստացել, ուրեմն չեն տեղադրել»,-նկատի ունենալով մրցույթի հայտարարությունը` եզարափակել էր նախարարության աշխատակցուհին:

Առաջին մրցույթին մասնակցության հայտ ներկայացրել էր 3 մանկավարժ` տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Գրիգորյանը, Գյումրու թիվ 23 հիմնական դպրոցի ուսումնական գծով տնօրենի տեղակալ Մարինե Խոդիկյանը եւ Կապսի միջնակարգ դպրոցի տնօրեն Նելլի Խոջումյանը: Ն.Խոջումյանը մրցույթին չներկայացավ:

Հաջորդ մրցույթը հայտարարվել էր մարտին, որի արդյունքում միակ թեկնածուն՝ Արմենուհի Գրիգորյանը, ճանաչվեց հաղթող:

Անի Մկրտչյան

Դիտումներ՝ 1021

Մեկնաբանել

comments