Գյումրու ավագանու՝ նվիրատվությունների ու հարկեր զրոյացնելու ժամը

Գյումրու ավագանու հերթական նիստը կայանալու է մարտի 10-ին: Օրակարգ ընդգրկվել է 34 հարց: Հարցերի մեծ մասը դրամական նվիրատվությունների, գույքահարկ, հողի հարկ, տույժեր զրոյացնելու մասին է:

Գյումրու ավագանին որոշում է կայացնելու քաղաքի Ջիվանու հրապարակի 1 հասցեի 5,92178 հեկտար մակերեսով հողատարածքը 99 տարի ժամանակով անհատույց տրամադրել «Սիմոնյան» կրթական հիմնադրամին՝ բարեկարգման, կանաչապատման եւ ըստ նպատակային նշանակության օգտագործելու նպատակով:

Որոշման նախագծի հիմք է դարձել «Սիմոնյան» կրթական հիմնադրամի գլխավոր տնօրեն Մարի Լու Փափազյանի դիմումը՝ ուղղված Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին:

Շչորսի փողոցի N1 հասցեի շենքը, որը գտնվում է այգու տարածքում, վերակառուցվելու է հենց այս հիմնադրամի միջոցներով, այն ծառայելու է որպես Թումո կենտրոն: Ծրագրի բաղկացուցիչ մասն է այգու տարածքի բարեկարգումն ու կանաչապատումը:

Գյումրի

Նախորդ տարի նոյեմբերին Գյումրու ավագանին որոշել էր «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպությանը 5 տարի ժամանակով անհատույց օգտագործմամբ հատկացնել քաղաքի Շիրակացի փողոցի 162 հասցեի 205,72 քառակուսի մետր մակերեսով տարածքը: Այս ավագանու նիստի ընթացքում ավագանին որոշման մեջ փոփոխություններ է մտցնելու եւ նշված ՀԿ-ին 5 տարվա փոխարեն 20 տարով է տրամադրվելու տարածքը:

Ի դեպ, տարիներ առաջ Գյումրու համայնքի սեփականություն հանդիսացող Շիրակացու փողոցի 162 հասցեի անշարժ գույքը վարձակալության էր տամադրվել «Ճերմակ հիվանդանոց» ՍՊԸ-ին, սակայն ընկերության տնօրենը դիմել էր գույքի 205,72 քառակուսի մետր մակերեսով տարածքը վարձակալությունից հետ վերցնելու խնդրանքով, որից հետո այն որոշվեց հատկացնել «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպությանը:

Ավագանու նիստին քննարկվելու են նաեւ համայնքի սեփականություն հանդիսացող որոշ հողամասեր աճուրդով օտարելու հարցերը, աճուրդի մեկնարկային գները, հողամասերի՝ վարձավճարի մեկնարկային գների չափերը:

Գյումրի

Քննարկվելու են նաեւ շուրջ 1 մլն 887 հազար դրամի գույքահարկ, հողի հարկ, տույժեր զրոյացնելու մասին հարցեր: Նախատեսվում է Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի 4 տրանսպորտային միջոցների գույքահարկի զրոյացում, գումարը կազմում է 58800 դրամ: Ըստ քաղաքապետարանի՝ գույքահարկից ազատելու համար քաղաքապետին է դիմել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:

Հայաստանի կույրերի միավորման Գյումրու ուսումնաարտադրական ձեռնարկության գույքահարկի եւ հողի հարկի՝ ընդհանուր 194 հազար 746 դրամը զրոյացնելու հարցը եւս քննարկվելու է:

Գույքահարկի եւ գույքահարկի տույժի զրոյացման խնդրանքով քաղաքապետին դիմել է նաեւ 9 քաղաքացի, որոնց բարձրաձայնած հարցերը քննարկվելու են նիստի ընթացքում:

Գյումրու ավագանու հաստատմանն են ներկայացվելու նաեւ Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքին 600 հազար դրամ գումար նվիրելու, 168 սոցիալապես անապահով ընտանիքի 1 մլն 700 հազար դրամ, մեկ քաղաքացու՝ 200 հազար դրամ տրամադրելու որոշումների նախագծերը:

Գյումրու զինվորական կոմիսարիատին հեռուստացույց նվիրելու համար համայնքի ավագանին որոշում է կայացնելու համայնքի բյուջեից 160 հազար դրամ դուրս գրել: Նվիրատվությունների գումարային արժեքը այս անգամ կկազմի 2 մլն 660 հազար դրամ:

Ավագանու հաստատմանն է ներկայացվելու նաեւ 2016 թվականի համայնքի բյուջեի տարեկան կատարողականը, գույքագրման որոշ փաստաթղթեր:

Սոցիալիստական հանրապետության վաստակավոր արտիստներ Աղասի Շաբոյանի եւ Կառլեն Մադոյանի հուշատախտակները տեղադրելու հարցերը եւս քննարկվելու են:

Անի Մկրտչյան

Դիտումներ՝ 95

Մեկնաբանել

comments