«Ո՞նց կարող եմ քաղաքապետին անձամբ տեսնել»

Ս.Բալասանյանի փոխարեն քաղաքացիներին ընդունում է տեղակալը

Գյումրու քաղաքապետարանը պաշտոնական կայքում հրապարակել է, որ 2016թ.-ի ընթացքում Գյումրու համայնքի ղեկավարի կողմից կազմակերպվել է համայնքի 335 բնակչի ընդունելություն: Բարձրացված 323 հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ եւ համապատասխան պարզաբանումներ, իսկ Գյումրու համայնքապետարանի լիազորություններից դուրս հարցերին առնչվող թվով 12 դիմումը վերահասցեավորվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն:

Հակառակ այս տեղեկության՝ քաղաքի շատ բնակիչներ դժգոհում են, որ իրենց չի հաջողվում անձամբ հանդիպել քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Բնակիչների հավաստմամբ՝ երբ հերթագրվում են եւ սպասում հանդիպման օրվան, քաղաքապետի փոխարեն իրենց ընդունում է համայնքի ղեկավարի տեղակալը, ում բնակիչները գիտեն որպես դատախազության աշխատող: Նկատի ունեն Շիրակի մարզի դատախազի նախկին տեղակալ, ներկայում համայնքի ղեկավարի տեղակալ Վաղարշակ Մխիթարյանին:

«Դատախազությունը որ աշխատել է, այ, հենց ինքը մեզի ընդունեց, լսեց, գրեց-մրեց, ըսավ՝ կհետեւենք, տեսնինք՝ ինչ կեղնի»,-ասում են բնակիչները, միաժամանակ պնդում, որ իրենց ուզածը քաղաքապետի հետ հանդիպումն է եղել, եւ ոչ թե համայնքի ղեկավարի տեղակալի:

Վերջերս էլ «Ասպարեզի» խմբագրությունը նամակ էր ստացել քաղաքացիներից մեկից, ով գրել էր.

«Ես երկու տարի շարունակ ուզում եմ հանդիպել պարոն Բալասանյանին, հանդիպելու համար չեն հերթագրում, ո՞նց կարող եմ քաղաքապետին անձամբ տեսնել»:

Սա եզակի պատմություն չէ, նման հարցով մեզ դիմում են շատ քաղաքացիներ:

Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության բաժնի պետ Նունե Բարսեղյանը եւս չի հերքում, որ շատ բնակիչներ Ս.Բալասանյանին հանդիպելու, անձամբ տեսնելու ցանկություն ու մտադրություն ունեն:

«Ժամանակի առումով դա հնարավոր չէ, կան հարցեր, որոնք կարող են լուծել համայնքի ղեկավարի տեղակալները, բաժնի պետերը, այդ դեպքերում բնակիչները չեն հանդիպում քաղաքապետին: Սակայն լինում են հարցեր, որոնց քննարկման դեպքում քաղաքացիները հանդիպել եւ հանդիպում են քաղաքապետին»,-ասում է Ն.Բարսեղյանը:

Ն.Բարսեղյանը միաժամանակ փոխանցում է՝ եթե կան քաղաքացիներ, ովքեր անձամբ են ուզում հանդիպել Ս.Բալասանյանին, կարող են դիմել քաղաքապետարանի քարտուղարության բաժին:

Գյումրու քաղաքապետարանում քաղաքացիների ընդունելության կարգը հաստատվել է 2015 թվականին, այն բանից հետո, երբ «Ասպարեզը», հիմք ընդունելով բնակիչների բողոքները, քաղաքապետարանից խնդրեց ընդունելության կանոնակարգ:

Ս.Բալասանյանի որոշմամբ՝ հաստատվեց քաղաքապետարանում քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգը, քաղաքացիներին տրվող հիշեցման թերթիկների ձեւերը:  Քաղաքացիների ընդունելության կազմակերպման պատասխանատու ստորաբաժանում նշանակվեց աշխատակազմի քարտուղարության բաժինը:

Համաձայն հաստատված կարգի` քաղաքապետարանում քաղաքացիների ընդունելությունը կատարում են համայնքի ղեկավարը, համայնքի ղեկավարի տեղակալները, աշխատակազմի քարտուղարը: Ընդունելությունը Ս.Բալասանյանի մոտ կատարվելու է յուրաքանչյուր ամսվա 2-րդ եւ 4-րդ շաբաթվա ուրբաթ աշխատանքային օրը, ընդունելության սկիզբը` ժամը` 12-ին: Համայնքի ղեկավարի բացակայության դեպքում քաղաքացիների ընդունելությունը կազմակերպելու է համայնքի ղեկավարի տեղակալներից մեկը:

Համայնքի ղեկավարի տեղակալ Ռ.Սանոյանի մոտ ընդունելությունը կազմակերպվելու է յուրաքանչյուր ամսվա 2-րդ եւ 3-րդ շաբաթվա երեքշաբթի աշխատանքային օրը, ընդունելության սկիզբը` ժամը` 11-ին: Ռ.Սանոյանի բացակայության դեպքում ընդունելությունը կատարելու է համայնքի ղեկավարի մյուս տեղակալը:

Աշխատակազմի քարտուղար Ռ.Ասատրյանի մոտ քաղաքացիների ընդունելությունը կատարելու է յուրաքանչյուր ամսվա առաջին եւ չորրորդ շաբաթվա չորեքշաբթի աշխատանքային օրը, ընդունելության սկիզբը` ժամը` 10-ին:

Համայնքի ղեկավարի խորհրդականների, բաժինների պետերի, համայնքի ղեկավարի մամուլի քարտուղարի կողմից քաղաքացիների ընդունելությունը կազմակերպվում է ամեն օր` աշխատանքային գործունեության հետ միաժամանակ` ըստ անհրաժեշտության:

Քաղաքապետարանում քաղաքացիների ընդունելությանը կարող են մասնակցել այն քաղաքացիները, ովքեր նախապես ցուցակագրվել են քաղաքացիների ընդունելության գրանցամատյանում:

Սահմանվել են նաեւ քաղաքացու գրանցումը մերժելու հիմքերը` եթե պարզվում է, որ նույն հարցի կամ հարցերի վերաբերյալ վերջին 6 ամսվա ընթացքում քաղաքացուն տրվել է պատասխան: Եթե քաղաքացու բարձրացրած հարցերը դուրս են համայնքի ղեկավարի եւ աշխատակազմի իրավասությունների շրջանակից: Նման դեպքերում, ի դեպ, գրանցումն իրականացնող պաշտոնատար անձը պարտավոր է քաղաքացուն բանավոր պատասխանել, թե որ մարմնի իրավասությանն է վերաբերում իր բարձրացրած հարցը:

Եթե գրանցումից հետո պարզվում է, որ վերջին 6 ամսվա ընթացքում քաղաքացու հարցին տրվել է գրավոր կամ բանավոր պատասխան, ապա քաղաքացին հանվում է ընդունելության համար գրանցված քաղաքացիների ցուցակից եւ այդ մասին քաղաքացուն տեղեկացվում է ընդունելության օրվանից առնվազն մեկ օր առաջ:

Ա. Մկրտչյան

Դիտումներ՝ 207

Մեկնաբանել

comments