Գյումրիում ՊՈԱԿ-ների լուծարումը հետաձգվեց

Հանուն «տոկոսներ խփելու» եւ ձայներ հավաքելու

Հանրապետության 2-րդ քաղաքում մինչեւ տարեվերջ նախատեսվում էր պետական մի քանի կառույցի լուծարում եւ վերակազմավորում: Գործընթացը մեկնարկելու էր` հիմք ընդունելով վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականը, որպես պատճառ նշվում էր այդ ՊՈԱԿ-ների ոչ արդյունավետ աշխատանքը:

Պետական կառույցների աշխատակիցներն այս մասին տեղեկացվել էին դեռ 4 ամիս առաջ` սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Աշխատանք կորցնելու վտանգը բոլորին հայտնի էր, ովքեր անհիմն էին համարում վարչապետի հրահանգը: 55-70 հազար դրամ աշխատավարձ ստացող այս աշխատակիցները մի քանի օր առաջ պատրաստվում էին դուրս գալ բողոքի, ենթադրվում էր մեծ աղմուկ, որի մասին տեղյակ էին կառավարությունում:

Բնականաբար, խորհրդարանական ընտրություններից առաջ այս աղմուկը, անհիմն կրճատումներն ու լուծարումները ձեռնտու չէին իշխանության ներկայացուցիչներին, որոնց համար միշտ էլ դժվար է եղել աղքատության ցուցանիշով առաջատար մարզում ու մարզկենտրոն Գյումրիում ընտրություններին սպասված ձայներ հավաքել:

Մի քանի օր առաջ ՊՈԱԿ-ների ղեկավարներին եւ աշխատակիցներին փոխանցվել է ժամանակավորապես լավ լուրը` ՊՈԱԿ-ների լուծարումն ու վերակազմակերպման հարցը քննարկվելու է 2017-ի մայիսին, ճիշտ այն ժամանակ, երբ արդեն պարզ կդառնան ընտրությունների արդյունքները:

Արդյունքներից հետո էլ կորոշվի, թե ՊՈԱԿ-ները լուծարվելո՞ւ են, թե՞ ոչ:

Լուսանկարը` Չորրորդ իշխանության

Ա.Մկրտչյան

Դիտումներ՝ 4

Մեկնաբանել

comments