Գյումրին նախարարական քաղաք դառնալու ծրագիրը՝ նորից օրակարգում

Նախարարություններն ու պետական գերատեսչություններն այս օրերին ամփոփում են իրենց ոլորտների տարեկան արդյունքները, մատնանշում կատարված աշխատանքները, կիսատ թողած գործերը, նախանշում հաջորդ տարվա անելիքները:

Ինչպիսի թվեր ու ցուցանիշներ էլ նշեն նախարարությունների ու գերատեսչությունների ղեկավարները, հասկանալի է, որ ընդհանուր պատկերը այնքան էլ հուսադրող չէ, քանի որ, ինչպես վարչապետ Կարեն Կարապետյանն էր նշել իր պաշտոնավարման մեկնարկին, Հայաստանի տնտեսությունը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, եւ մենք կախարդական փայտիկ չունենք, որ այդ վիճակը արագորեն լավացնենք:

Տարին ամփոփել ու առաջիկա ծրագրերն է ներկայացրել նաեւ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Նա նշել է, որ 2017-ին կշարունակվի ու 2018 թվականին կավարտվի վարչատարածքային բաժանման փոփոխությունների գործընթացը: Նախարարի ներկայացմամբ` մինչեւ 2017 թվականի աշուն ծրագրվում է շուրջ 250 բնակավայրեր միավորել ավելի քան 20 խոշորացված համայնքներում: News am-ի փոխանցմամբ, ընդհանուր առմամբ՝ 2018 թվականին կառավարությունը ցանկանում է ամբողջությամբ ավարտել համայնքների խոշորացումը: Արդյունքում հանրապետությունում շուրջ 100 համայնք կլինի: Լոքյանի խոսքով՝ խոշորացման արդյունքում դրանց տրամադրության տակ ավելի մեծ ֆինանսական ռեսուրսներ կլինեն:

Համայնքների խոշորացման ծրագիրը սկիզբ էր առել 2015 թվականից: Այդ տարում խոշորացվել էր երեք համայնք (Թումանյան, Դիլիջան, Տաթեւ): 2016 թվականին խոշորացվեց եւս 15-ը: Ընդհանուր առմամբ` այդ 18 խոշորացված համայնքներում ներառված է 140 բնակավայր:


Այս ծրագիրը ինչպես մեկնարկին, այնպես էլ ընթացքում բազում քննադատությունների արժանացավ, դիտողությունների ենթարկվեց: Բացասական կարծիք հայտնում էին ինչպես խոշորացվող համայնքների ղեկավարները, այնպես էլ բնակիչները: Նրանք նշում էին, որ խոշորացումը բազում անհարմարություններ է ստեղծում որոշ համայնքների համար, հաշվի չեն առնվում դրանց առանձնահատկությունները, արհեստական խոչընդոտներ են ստեղծվում համայնքների ու մարդկանց կենսագործունեության համար: Ասենք, բնակիչները ինչ-որ տեղեկանք ստանալու համար ստիպված են լինելու երկար ճանապարհ անցնել եւ այլն: Նշվում է, որ ծրագրից հատկապես տուժում են փոքր բնակավայրերը, որոնց խնդիրները կորչում են մեծ բնակավայրերի խնդիրների ֆոնին:

Չնայած եղած դժգոհություններին, համայնքների խոշորացման ծրագիրը շարունակվեց եւ, ինչպես երեւում է՝ շարունակվելու է:

Նախարար Դ. Լոքյանն անդրադարձել է նաեւ որոշ նախարարություններ Գյումրի տեղափոխելու հարցին: Ինչպես երեւում է՝ այս հարցը նորից հայտնվել է կառավարության օրակարգում:

Հիշեցնենք, որ նշված հարցը քննարկման առարկա դարձել էր դեռ տարիներ առաջ՝ Տիգրան Սարգսյանի վարչապետության շրջանում: Այդ ժամանակ խոսվում էր մշակույթի ու քաղաքաշինության նախարարությունները Գյումրի տեղափոխելու մասին: Մշակույթի նախարարության տեղափոխման առումով, թերեւս, նկատի էր առնվում Գյումրու մշակութային քաղաք լինելու հանգամանքն ու մշակութային հարուստ ավանդույթները, իսկ քաղաքաշինության նախարարության առումով այն, որ Գյումրին համարվում է հանրապետության քաղաքաշինական ծրագրերի էպիկենտրոնը, որտեղ դեռեւս չեն լուծվել երկրաշարժից տուժած ընտանիքներին բնակարաններով ապահովելու բազմաչարչար խնդիրը, քաղաքում կան բազմաթիվ կիսակառույցներ ու վթարային շենքեր, էլ չասած ժամանակավոր կացարանների մասին: Սակայն այդ ծրագիրը չիրագործվեց եւ մնաց ընդամենը խոսակցությունների մակարդակում: Ժամանակին խոսվում էր, որ այն ժամանակվա մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն է հրաժարվել Գյումրի տեղափոխվել: Ամեն դեպքում, փաստն այն է, որ այդ հարցը փակվեց:

Հիմա նորից հարցը օրակարգում է, եւ արդեն նշվում է ոչ թե երկու, այլ երեք նախարարությունների տեղափոխման մասին: Վերը նշված երկու նախարարություններին գումարվել է գյուղատնտեսության նախարարությունը: «Մտածում ենք այդ երկու նախարարությունների, ինչպես նաեւ գյուղատնտեսության նախարարության ու եւս մեկի մասին»,- հայտարարել է նախարար Դ. Լոքյանը։ news.am-ի փոխանցմամբ, նա նշել է, որ հիմա ուսումնասիրվում են տեղափոխության հարցերը, այդ թվում՝ հնարավոր ծախսերը։ Եզրակացությունը կպատրաստվի 2017 թվականին. «Հաշվարկում ենք վարչական շենքերի ծախսերը, աշխատակազմի տեղափոխության ծախսերը։ Ուզում ենք հասկանալ, թե կարո՞ղ են արդյոք տեղափոխվել աշխատակիցները, եւ ում է հնարավոր հրավիրել հենց Գյումրիից։ Կառավարությունը մեզ հանձնարարել է հիմնավորում պատրաստել, որը մենք ավարտին կհասցնենք եկող տարի»։

Դժվար է ասել, թե ինչ ճակատագիր կունենա այս նոր ծրագիրը: Ինչպես նաեւ այն, թե ինչ կտա այդ ծրագիրը Գյումրուն, եթե, ամեն դեպքում, այն իրականություն դառնա ու նախարարությունները տեղափոխվեն Գյումրի:

Համլետ Կիրակոսյան

Դիտումներ՝ 5

Մեկնաբանել

comments