Գյումրու մանկավարժականում կրճատումներ կլինեն

Դեռ չընտրված` Ս.Մինասյանը որոշում է` ով է աշխատելու

ՀՀ կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 22-ի որոշմամբ` «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի: Պետական համալսարան-հիմնադրամը պետական գրանցում ստացավ օրեր առաջ` դեկտեմբերի 2-ին: Իրավաբանական ձեւի փոփոխության պատճառով նախկին ինստիտուտի աշխատակազմի պայմանագրերը լուծարվելու են, աշխատանքային նոր պայմանագրեր են կնքվելու համալսարան-հիմնադրամի հետ:

Ըստ որոշ տեղեկությունների` բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սահակ Մինասյանը կադրային լուրջ փոփոխություններ սկսելու մտադրություն ունի, ուշադրության կենտրոնում է պահում բուհի վարչական մասի աշխատակիցներին:

«Ասպարեզը» Սահակ Մինասյանից հետաքրքրվեց, թե աշխատակիցները որքանով վստահ լինեն, որ իրենց հետ բուհը աշխատանքային նոր պայմանագրեր է կնքելու:

«Ով գիտե իր աշխատանքը, չի զլանում աշխատելիս, կշարունակի աշխատել, իհարկե, խոսքը վերաբերում է վարչական մասի աշխատողներին, միաժամանակ խոսքը չի վերաբերում դեկաններին, ամբիոնների վարիչներին, պրոֆեսորադասախոսական անձնակազմին»,-փոխանցեց Ս.Մինասյանը, ապա տեղեկացրեց, որ դեռեւս չի ձեւավորվել հոգաբարձուների խորհուրդը, չի հաստատվել նաեւ բուհի հաստիքացուցակը, այն, հավանաբար, հաստատվելու է 1-2 ամիս հետո:


Ինչպես արդեն պարզ է, Ս.Մինասյանը, դեռ չընտրված, արդեն աշխատանքային սկզբունքներն է ամրապնդում եւ կրճատման մտադրությամբ ներկայանում, իսկ իր նշանակման առաջին օրերին Ս.Մինասյանը վստահեցնում էր, թե կադրային փոփոխություններ կատարելու մտադրություն չունի: Վերջին 4-5 ամիսների ընթացքում, փաստորեն, Ս.Մինասյանը մտափոխվել է:

Ի դեպ. Ս.Մինասյանը Շիրակի մարզի հանրակրթական ոլորտում հայտնի է կադրային անդադար փոփոխություններ կատարելու նախաձեռնություններով, նոր պաշտոն ստանալուց հետո նա, ինչպես նկատելի է, նույն նախաձեռնություններով է ներկայանում:

Գյումրու մանկավարժականում ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթը կայանալու է բուհի` պետական ռեգիստրում գրանցվելուց եռամսյա ժամկետում. այսինքն` մարտի սկզբներին արդեն պարզ կդառնա մարզի մայր բուհի ռեկտորի անունը:

Անի Մկրտչյան

Դիտումներ՝ 8

Մեկնաբանել

comments