Գյումրու ներքաղաքային տրանսպորտի խայտառակ վիճակը

«10 դրամ էլ չարժի երթուղիների ծառայությունը»

Այն, որ Գյումրու ներքաղաքային միկրոավտոբուսները, ավտոբուսները մաքրության կարիք ունեն, հաստատվում է ամեն օր: Միկրոավտոբուսների եւ ավտոբուսների արտաքին տեսքը եւս խոսում է կեղտոտության մասին:

Գյումրու թիվ 18 միկրոավտոբուսում նստարաններն այսպիսի տեսք ունեն: Ոչ միայն հնամաշ են, այլեւ կեղտոտ: Այս երթուղին ժամանակավորապես շահագործում է «Քոմֆորտ լայն» ՍՊԸ-ն, ընկերության հետ քաղաքապետարանը պայմանագիր է կնքել փետրվարի կեսերին՝ 6 ամիս ժամկետով:

տրանսպորտԳյումրու քաղաքապետարանում ներքաղաքային ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության վերջին մրցույթը հայտարարվել է վերջին 2 ամսում, սակայն, ինչպես նախկինում, այս անգամ եւս մասնակիցներ չեն եղել, եւ քաղաքապետարանը ժամանակավորապես պայմանագրեր է կնքել «Քոմֆորտ լայն»-ի հետ:

Այսօր Գյումրիում ներքաղաքային տրանսպորտը շահագործող ընկերությունները 2-ն են՝ «Քոմֆորտ լայն»-ն ու «Նյու սիթի տրանսը», որի սեփականատերերն ու փայատերերը, շրջանառվող տեղեկությունների համաձայն, Գյումրու քաղաքապետն է, վերջինիս բարեկամ-ազգականները, նաեւ քաղաքապետարանի տարբեր պաշտոնյաներ: Այս տեղեկությունները նրանք 4-5 տարի է՝ ոչ հերքում են, ոչ հաստատում:

Թիվ 40 եւ թիվ 1 ավտոբուսները շահագործում է «Նյու սիթի տրանս» ընկերությունը: Գյումրու բնակչությունը այս ավտոբուսները բնութագրելիս՝ ասում է. «Բալասանյանի չինական ավտոբուսը»:

2013 թվականին այս ավտոբուսները ներկրվեցին Չինաստանից, ներկրողը հենց ինքը՝ Սամվել Բալասանյանն էր, նոր ավտոբուսների մուտք գործելուն միաժամանակ Գյումրիում թանկացավ նաեւ ուղեվարձը, նախկին 70 դրամի փոխարեն դարձավ 100 դրամ:

տրանսպորտ

Նախկինում նման երթուղիների սեփականատերերը, շրջանառվող տեղեկություններով, Գյումրու նախկին քաղաքապետի ընտանիքի անդամներն էին, նաեւ որոշ պաշտոնյաների անուններ էին շրջանառվում: Այս ընկերությունների հետ քաղաքապետարանը այլեւս պայմանագիր չկնքեց, երբ 2012-ին Ս.Բալասանյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ընկերությունները նաեւ հայտարարված մրցույթներին չմասնակցեցին:

տրանսպորտ

Ու չնայած ներքաղաքային տրանսպորտի ոլորտը կարգավորող օրենսդրությունը ընձեռում է հնարավորություն, որ Գյումրու քաղաքապետարանը շահագործի քաղաքի երթուղին, սակայն քաղաքապետարանը տարիներ շարունակ շահագործման վերաբերյալ պայմանագրեր է կնքում նման ընկերությունների հետ եւ պատճառաբանում. «Քաղաքապետարանը չունի այնքան միջոցներ, որ երթուղիների շահագործման համար կարողանա ձեռք բերել միկրոավտոբուսներ ու ավտոբուսներ»:

Այսօր վարորդների օրավարձը տատանվում է մոտավորապես 3000-5000 ՀՀ դրամի սահմաններում, բնականաբար շահույթի մեծ մասը ստանում են երթուղին շահագործող ընկերությունների սեփականատերերը:

տրանսպորտ

Վերջին 5 տարվա ընթացքում կտրուկ պակասել է ուղեւորների թիվը, որը, ըստ վարորդների, ազդում է նաեւ իրենց աշխատավարձի չափի վրա:

Գյումրու քաղաքապետարանի ներկայացրած 2016 թվականի տարեկան բյուջեի հաշվետվության համաձայն՝ այս ընկերություններից հավաքագրված հարկերը կազմել են  90,1 տոկոս:

Թեպետ ընկերությունները ուղեվարձի սակագինը սահմանել են 150 ՀՀ դրամ, բայց քաղաքապետարանի հետ բանավոր բանակցության արդյունքում ուղեւորից գանձում են 100 դրամ: Սակայն, քաքացիների գնահատմամբ, 100 դրամ ուղեվարձի դիմաց մատուցվող ծառայությունները ոչ բավարար են: «10 դրամ էլ չարժի երթուղիների ծառայությունը»,-ասում են:

տրանսպորտ

Արդեն մեկ տարուց ավել է՝ որոշ միկրոավտոբուսներում հրապարակվել են բողոքների ընդունման թեժ գծեր, սակայն ոլորտում էական ու դրական փոփոխություններ դեռեւս չկան: Եւ այս առումով թեժ գծի հեռախոսահամարներ հրապարակելը ոչ այլ ինչ է, քան ձեւական պահվածք:

Անի Մկրտչյան

Դիտումներ՝ 240

Մեկնաբանել

comments