Լիցենզիա չունեցող մանկապարտեզների ապագան անորոշ է

Կրթության եւ գիտության նախարարության կրթության պետական տեսչության կողմից հերթական ուսումնասիրություններն ու ստուգումներն են սկսվելու Գյումրու համայնքապատկան մանկապարտեզներում: Գործընթացը մեկնարկելու է 3-րդ եռամսյակում՝ հունիսից: Ուսումնասիրությունների ու ստուգումների ընթացքում ուշադրություն է դարձվելու, թե տվյալ մանկապարտեզն ունի արդյոք կրթության իրականացման համապատասխան թույլտվություն՝ լիցենզիա։

Գյումրիում մանկապարտեզների որոշ տնօրեններ արդեն շրջանառում են տեղեկություններ, թե տեսչական ստուգումների ընթացքում եթե մանկապարտեզը չունեցավ լիցենզիա, ապա քննարկվելու է վերջինիս փակման հարցը:

մանկապարտեզ

«Ասպարեզը» Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի կրթության բաժնի պետ Հայկ Սուլթանյանից հետաքրքրվեց, թե արդյոք մանկապարտեզներն ունեն լիցենզիա:

«Փաստաթղթերը ներկայացվել են լիցենզավորման հանձնաժողովին, բոլոր մանկապարտեզների փաստաթղթերը ներկայացրել ենք՝ բացառությամբ «Անուլիկ» եւ «Նանուլիկ» մանկապարտեզներինը, ինչպես գիտեք, այդ 2 մանկապարտեզներում շինարարական աշխատանքներ են սկսվել: Լիցենզավորման հանձնաժողովից մենք պատասխան չենք ստացել»,-փոխանցեց Հ.Սուլթանյանը:

Գյումրու որոշ մանկապարտեզների տնօրեններ եւս հաստատեցին, որ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել են լիցենզավորման հանձնաժողովին: «Որքան գիտենք՝ փաստթղթերը ստացել են եւ առարկություններ չունեն»,-տեղեկացրին տնօրենները:

Այսինքն՝ մինչ այժմ ոչ մի մանկապարտեզ իր ձեռքի տակ փաստացի չունի լիցենզիա:

մանկապարտեզ

«Ասպարեզը» պարզաբանումներ խնդրեց նաեւ կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանից՝ հետաքրքրվելով, թե լիցենզիայի բացակայության դեպքում արդյոք հնարավոր կլինի փակել մանկապարտեզը:

«Մենք ստուգումների, ուսումնասիրությունների ընթացքում արձանագրածները հրապարակում ենք, հարցը, խնդիրը բարձրացնում ենք: Եթե նման խնդիրներ եղան, մենք տեղյակ ենք պահելու Գյումրու քաղաքապետին: Որքան գիտեմ՝ լիցենզավորման գործընթացն արդեն ավարտվել է, սա շատ կարեւոր հարց է, հատկապես, երբ խոսքը վերաբերում է երեխաներին: Գիտեինք, որ հանրապետությունում լիցենզավորման գործընթացը երկարաձգվեց, քանի որ մանկապարտեզներն ունեին կադաստրի հետ կապված խնդիրներ: Այս հարցով պետք է զբաղվեն համայնքները, նաեւ Գյումրու քաղաքապետը պետք է հետեւողական լինի»,-ասաց Ա.Կարապետյանը:

Լիցենզավորման անհրաժեշտ պահանջներից են շենքային պայմանները, համապատասխան կադրերը, մասնագիտական անձնակազմը: Այս ու այլ պահանջները չբավարարելու դեպքում մանկապարտեզը չի ստանում լիցենզիա:

մանկապարտեզ

Նախորդ տարի, երբ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը հետազոտություն իրականացրեց Գյումրու Վանաձորի, Արմավիրի, Կապանի, Գավառի, Հրազդանի, Իջեւանի համայնքային մանկապարտեզներում, բավական մտահոգիչ պատկեր արձանագրեց. հենց այս ընթացքում մանկապարտեզների 90 տոկոսից ավելին չուներ լիցենզիա, այսինքն՝ չէր բավարարում նշված պահանջները: Այս ընթացքում մանկապարտեզներից եւ համայնքապետարաններից վստահեցնում էին, որ լիցենզավորման գործընթացը դեռեւս շարունակվում է եւ իրենց հաջողվելու է մինչ վերջնաժամկետ ձեռքբերել կրթության իրականացման համապատասխան թույլտվությունը՝ լիցենզիան:

Գյումրիում մանկապարտեզների շուրջ կեսը գործում է հինավուրց շենքերում, 3-ը՝ տնակային պայմաններում, որոշ մանկապարտեզներում կա երեխաների թերբեռնվածության խնդիր: Լիցենզիա ձեռք չբերելու դեպքում, այսպես, թե այնպես քննարկվելու է այս հաստատությունների գործունեության շարունակության հարցը:

Ի դեպ, վերջին 5-6 տարում չի կրճատվել Գյումրու մանկապարտեզների թիվը, մինչդեռ մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը էականորեն կրճատվել է՝ նախ ծնելիության, ապա մանկապարտեզների՝ վճարովի լինելու հետեւանքներով:

պահանջատեր

Գյումրիում գործում է 24 համայնքապատկան մանկապարտեզ, որից մեկը ժամանակավորապես փակվել է:

Անի Մկրտչյան

Դիտումներ՝ 122

Մեկնաբանել

comments