Գյումրիում երկրից հեռանալու մասին են մտածում

Ընտրություններից հույս չկա

Անտարբերություն, հուսախաբություն, հուսալքություն… Գյումրու բնակչության մեծ մասը ընտրություններից դրական փոփոխություն չի սպասում:

Մարդիկ ապագայի հետ հույս չեն կապում, սոցիալական խնդիրներով մտահոգ են եւ գրեթե չեն մտածում խորհրդարանական ընտրություններին մասնակցել-չմասնակցելու մասին:

Մեծ է դժգոհությունը գործող իշխանություններից, որոնք մարդկանց թողել են խղճալի վիճակում:

Մեծ մասի մոտ այլեւս չկա դժվարություններին դիմակայելու եւ պայքարելու ցանկություն: Իշխանության եւ ժողովրդի միջեւ այնպիսի անջրպետ է գոյացել, որ քաղաքացու կարծիքն այլեւս լսելի չէ:

Բնակչության մի մասն էլ հիմնականում ընդգծում է, որ Հայաստանում դրական փոփոխությունների սպասելն անիմաստ է. «ո՛չ իշխանությունն է մի բան, ո՛չ էլ ընդդիմությունը»,-ասում են:

-Լավը էն ժամանակ էր՝ սովետի տարիներին, հմի լավ բան չկա, Հայաստանը գնում է դեպի կործանում: Մի երկու ամիս հետո շուկայի էս տաղավարներում էլ չենք կարողանա առեւտուր անել,-կարծիք է հայտնում Գյումրու շուկայի առեւտրական տիկին Ռիման:

Գյումրի

Մեկ այլ քաղաքացի էլ ասում է, թե այս իշխանություններն իրենց այն վիճակի են հասցրել,  որ մարդիկ հոգնել են պայքարելուց:

«Երկար ժամանակ է, ինչ տաքսի եմ քշում, չեմ կարողանում նորմալ տունս պահել: Ընտրություն, բան… իմ աչքին չի երեւա»,-նշում է զրուցակիցս:

Մեկ այլ զրուցակից էլ ավելացնում է, որ ինքն այս իշխանությունների ձեռքը հալումաշ է եղել, մտածում է Հայաստանից արտագաղթելու մասին: «Ի՞նչ ընտրություններ, ինձ դա պետք չէ, ոչ էլ իրանց տված կաշառքը: Ես մենակ կմտածեմ էս երկրից հեռանալու մասին»,- կարծիք հայտնեց Վիգեն պապը:

Ուսանողուհի Գոհար Ալեքսանյանն էլ ասում է, որ ինքն ավելի շուտ իր ապագա ծրագրերի մասին է մտածում, սակայն ընտրություններին մասնակցելն էլ համարում է իր քաղաքացիական պարտքը, չնայած որ քաղաքական ուժերի հետ առանձնապես հույսեր չի կապում:

«Հիմա երիտասարդների համար այս քաղաքում աշխատանք գտնելը բավական բարդ է, իսկ գործող իշխանությունները գործազրկության հարցը լուծելու համար գրեթե ոչինչ չեն անում: Հույս էլ չունեմ, որ ընտրություններով ինչ-որ բան կփոխվի այս երկրում, քանի դեռ մենք ինքներս չենք փոխվել»,-նշում է Գոհարը:

Անահիտ Սիմոնյան

Դիտումներ՝ 351

Մեկնաբանել

comments