Հունիսի մեկին ժամը 8:20-ի սահմաններում ԼՂՀ Պաշտպանական բանակի Հադրութի զորամասերից մեկում, մարտական դիրքում հրազենային մահացու վիրավորում ստանալով, զոհվել է 1993 թվականին Գյումրում ծնված ժամկետային զինծառայող Սարո Արտյոմի Սամվելյանը: Սարո Արտյոմի Սամվելյանի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 110 հոդվածի առաջին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը): Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասել էր ՊՆ քննչական ծառայությունը:
Երիտասարդը մինչ բանակ զինակոչվելը երեւանյան բուհերից մեկի ուսանող է եղել: Կես տարի առաջ էր մեկնել բանակ: Ինչպես հարազատներն են ասում, նպատակով, որ կվերադառնա եւ ուսումը կշարունակի: Մի քանի օր առաջ էլ երիտասարդը արձակուրդ էր եկել: Մոտ տասն օր առաջ էր մեկնել ծառայած զորամասը:
Այսօր ժամը 12:30-ի սահմաններում զինկոմիսարիատի հերթապահ մասի սպայից փորձեցի տեղեկանալ դեպքի մանրամասներին: Մայորն ասաց, թե իրենց էլ գրեթե ոչինչ հայտնի չէ միջադեպի մասին: Ավելին` Երեւանից են անգամ զանգում ու փորձում որոշակի տեղեկություններ ստանալ, մինչդեռ, ըստ մայորի, իրենք առայժմ այդ մասին պաշտոնական գրություն չեն ստացել ու հստակ որեւէ բան ասել չեն կարող: Հայտնի է միայն, որ հրաձգություն է տեղի ունեցել, սակայն, թե դա արդյունք է թշնամու կողմի՞ց արձակված, թե՞ ներքին հրաձգության, սպան վստահաբար ասել չկարողացավ:
Ինչ վերաբերում է զոհվածի ծնողների հետ զինկոմիսարիատի կողմից գոնե այս ընթացքում, կապ հաստատելուն, մայորն հայտնեց, թե փորձեր արվել են Սամվելյան ամուսինների բջջային հեռախոսներին զանգել, սակայն դրանք արձանագրում են, թե անհասանելի են:
Հերթապահ մայորին մի բան էլ էր հայտնի. զոհված գյումրեցի ժամկետային զինծառայողի դին նախօրեին` ժամը 17-ին պետք է Ստեփանակերտից փոխադրվեր Երեւան, իսկ, թե երբ էր բերվելու հայրական օջախ, նա դարձյալ որոշակի ոչինչ չկարողացավ ասել:
Զինվորի դին հայրական օջախ բերվեց այսօր, հունիսի 2-ին ժամը 15-ին: Թաղում հարեւաններն ու ազգականներն առավոտից սպասողական վիճակում էին: Գոգոլի փողոցի 58 հասցեում բնակվող Սամվելյանների ընտանիքին հարեւանները հարգանքով են վերաբերվում: Ասում են` «Անփորձանք, համեստ մարդիկ են»,-իսկ Սարոյին, ում փոքրուց գիտեն, ճանաչում են, բնութագրում են որպես խաղաղ բնավորությամբ տղա է, երբեք չեն նկատել, որ որեւէ վիճաբանության ու կռվի մեջ ներքաշված լինի թաղում:
Այժմ Սարոյին նրանք սպիտակ դագաղի մեջ դիմավորեցին. լաց ու սուգ, ուշքի չեկող մայր ու հարազատների ճիչեր, թե նա ում էր վատություն արել, որ հայոց բանակից ծեծած, սպանած վերադարձրին նրան (ըստ հարազատների խոսքերի): Ըստ էության, պարզվեց, որ ազգականներն ու հարեւաններն ավելին գիտեին Սարոյի մահվան մանրամասների մասին, քան հայտնի էր Գյումրու զինկոմիսարիատին:
Դիակն ուղեկցող փոխգնդապետին, ով Հադրութի զորամասից ուղեկցել էր դիակը այստեղ, ու ում Սարոյի հարազատները «Կամբատ»-ով էին դիմում, հարց ուղղեցին, թե ինչու՞ են հաճախացել սպանությունների դեպքերը բանակում, միայն վերջին օրերին Գյումրի սպանված զինվորներ է, որ բերում են ու բերում. «Ախր թուրքի գյուլլից չեն մահացել, յուրայինների ձեռքով են զոհվել ու` ոչ պատերազմական պայմաններում»: Դարձյալ հռետորական հարցի պես հնչեց, թե սպայական կազմը ինչու՞ չի կարողանում կարգ ու կանոն հաստատել ժամկետային զինծառայողների միջեւ ու, թե` եթե ի վիճակի չեն այդ մարդիկ դա անել, ինչու՞ չեն հեռացվում համակարգից, իրենց զբաղեցրած գործերից, թող ուրիշներին զիջեն իրենց պաշտոնները` այնպիսի մարդկանց, ովքեր բանակային գործին իրապես տիրապետում են:
Թե չէ` ըստ Սարոյի հարազատների, ինչպե՞ս պատահեց որ մարտական դիրքեր գնացին մի քանի հոգով, իսկ հետո այնտեղ ծեծեցին անմեղ, «անվնաս էրեխին» ու հետո էլ Նոյեմբերյանից զինակոչված սերժանտը հրազենից վերջնականապես սպանեց նրան: Զոհվածի հորաքույրն հարց տվեց, թե ինչու՞ էին Սարոյին «հների» հետ ուղարկում դիրքեր, հավանաբար, նկատի ուներ հին ծառայողներին. «Մի՞ թե դժվար էր դա կանխելը»: Հորաքույրը նաեւ չարացած էր «Կամբատի» հանդեպ այն պատճառով, որ վերջինս Երեւանում իբր թե պաշտոնապես ասել էր, թե Սարոն ինքնասպանություն է գործել:
«Կամբատը» լուռ լսում էր բոլորին ու ոչ մի կերպ իր անհամաձայնությունը չէր հայտնում: Միայն մարմնեղ մի երիտասարդ, որ ուղեկցում էր փոխգնդապետին եւ քաղաքացիական հագուստ էր կրում, նրա փոխարեն հոխորտաց. «Բանակ է, ամեն ինչ էլ կլինի, կճանապարհեք, կգնան, ու բարով խերով կգան»:
Այդ պահին, ի պատասխան նրա հոխորտանքի, հարազատներից կամ հարեւաններից մեկն ասաց, թե նրա «բարով-խերով» ասածը այս դեպքին է՞լ է վերաբերում: Հետո փոխգնդապետին ասացին, թե թաղում շուտով երկու զինակոչիկի էլ են ճանապարհելու բանակ, հիմա ի՞նչ խորհուդ կտա, ի՞նչ սրտով ճանապարհեն: «Կամբատն» այս դեպքում էլ խորհուրդ չուներ նրանց տալու:
Րոպեներ անց, զոհված զինվորի երիտասարդ ազգականներից մեկը, ով նույնպես այդ թաղից էր, նետվեց փոխգնդապետի ուղղությամբ ու բացականչեց. «Ժողովուրդ, խփե՛ք սրան, սա Սարոյիս սպանողն է»: Բնակիչներից ոմանք, հատկապես երիտասարդները, վազեցին նրա ուղղությամբ, իսկ փոխգնդապետի նույն ուղեկիցը, բավականաչափ հանդուգն պահվածով, այդ աղերսագին ճիչն արձակած երիտասարդի պարանոցից դիմահար բռնած, պահում էր ու մարդկանց կողմը բղավում, թե կանգնեն իրենց տեղերում: Այստեղ էին նաեւ ռազմական ոստիկանության սպաներ, ու քիչ անց, այս ամբողջ խառնաշփոթի ու աղմուկ-աղաղակի մեջ, փոխգնդապետն անհետացավ, փախցրին տարան:
Մնացին հարազատները, ընկերներն ու թաղի ժողովուրդը Սարոյի դիակի հետ: Հարազատների պատմելով, դիակի վրայից ծածկոցը բացելուց հետո տեսել էին, որ սպանված զինվորը ոտաբաց է` առանց կոշիկների: Սարոյի դեմքին, բերանով եւ պարանոցով մեկ վիրակապ էր դրած, դեմքն ամբողջությամբ սեւակապտավուն էր:
Սամվել Հունանյան




