… sed magis amica veritas
… ճշմարտությունն ավելի թանկ է

ՀՀԿ-ն Գյումրու վրա ահագին բան ունի մտածելու

DSC00360
08 Մայիս, 2012 23:05    |    Հեղինակ` Լեւոն Բարսեղյան


Քավության նոխազների մեծ ընտրություն չկա

Չնայած վարչական ռեսուրսի լուրջ չարաշահմանը, Գյումրու բյուջետային պետական եւ տեղական հիմնարկների ղեկավարների եւ աշխատողների զանգվածային հանրապետականացմանը, միլիոններ արժեցած քարոզարշավին, քաղաքը «տիեզերական կենտրոն» դարձնելու, անօթեւաններին բնակարաններով ապահովելու մեծամեծ խոստումներին, Ջավախքից եւ հարավից եկած «գաստրալյոր-ընտրողների» դասակներին, ընտրակաշառքի խրախճանքին ու մի շարք տեղամասերում ահաբեկումներին, ՀՀԿ-ն Գյումրիում ստացավ Հայաստանի խոշոր քաղաքային համայնքներում հավաքած քվեներից ամենանվազ երկրորդ արդյունքը, ավելի քիչ էր ստացել Աբովյանում միայն` 10,74%, այստեղ յուրաքանչյուր 10-րդն էր ձայն տվել իշխանության կուսակցությանը, իսկ Գյումրիում յուրաքանչյուր 4-րդը` 24,5%, բոլոր կուսակցությունների օգտին գյումրեցիների տված քվեների միայն քառորդը: Երեւանում ՀՀԿ-ն տարավ 37,53%, Վանաձորում` 40,01%, Հրազդանում` 38,72%, Կապանում` 43,03%, Գավառում` 28,17% եւ այլն: ԲՀԿ-ն հաղթել է Աբովյանում, Գյումրիում եւ Գավառում ու մի քանի փոքր համայնքներում:

2007 թվին ՀՀԿ-ն Գյումրիում 13.882 քվե էր տարել, այժմ` 14.658, իսկ ԲՀԿ-ն 2007-ին տարել էր 7326 քվե, հիմա` 26601 քվե: Աճի տեմպերը ավելի քան խոսուն են, ՀՀԿ` 5 տարում հազիվ 800 քվե (չնայած բնակչության «շեշտակի աճին». Գյումրիում ընտրողների թիվը 5 տարում 6000 հոգով աճել էր), ԲՀԿ-ն` մոտ 19.000 քվե (երեւի բնակչության աճը միայն ԲՀԿ-ի օգտին էր …): Այդ ինչպե՞ս եղավ:

Վերոհիշյալ բոլոր ջանքերից հետո ՀՀԿ-ի համար այս զարմանալի եւ խայտառակ ցուցանիշի բացատրությունը միայն այն հանգամանքով չի կարելի պայմանավորել, թե 35 ընտրատարածքում, որի 45 տեղամասերից 22-ը գտնվում էին Գյումրիում, ՀՀԿ-ն մեծամասնական թեկնածու չուներ: Պատճառներից ավելի ծանրակշիռները մի քանիսն են. գյումրեցիք առաջին անգամ չէին լսում քաղաքը դրախտավայրի վերածելու խոստումներ, պաթեթիկ ելույթներ, գյումրեցիք ամեն օր են տեսնում դոմիկային գետտոներ ու Հ1-ի Գյումրին արդեն ժպիտ էլ չի հարուցում այստեղ, գյումրեցիք պարապած էին, մի խոսքով:

Տեղին է հիշել ՀՀԿ եւ այդ կուսակցության առաջնորդ Ս.Սարգսյանի օգտին Գյումրու քաղաքապետի տեւական դրվատանքները.«Զգում եմ, որ հաղթանակը պետք է տանի ՀՀԿ-ն, …Որովհետեւ էդքան բնակարաններ է կառուցել, 13 հազարից ավելի բնակարաններ է կառուցվել այս տարիների ընթացքում եւ մեծամասնությամբ ՀՀԿ-ի շնորհիվ: Ոնց կարող են գյումրեցիները 23 տարի տնակներում ապրեն եւ չհասկանան, թե ով իրենց բնակարանը կառուցեց, ով իրենց քաղաքը կառուցեց եւ ով քանդեց»: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ կուսակցության առաքելությունը նենգափոխվեց հանուն վարկանիշի, փաստն այն է, որ սա էլ չաշխատեց. գյումրեցիք, պարզվեց, ամեն ինչ յուրովի են հասկանում:

Էական հանգամանքներից էր նաեւ 34-ին մեծամասնական թեկնածուներ Մարտուն Գրիգորյանի եւ Արման Սահակյանի փոխկապակցվածությունը ԲՀԿ-ին եւ ՀՀԿ-ին: Մրցակցությունը լուրջ էր, պայքարը համառ, ու քարոզարշավը խոստանում էր արդյունավետ լինել, եթե Գյումրու քաղաքապետը չորոշեր աներեւակայելի ջանադրությամբ պաշտպանալ կուսակցական գործընկերոջը` «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահին` Արման Սահակյանին:

Քաղաքապետն ու ՀՀԿ-ական մեծամասնական թեկնածուն քարոզարշավի առաջին օրերին որոշեցին «Ասպարեզ» ակումբում ադրբեջանական ֆիլմերի ցուցադրման դեմ հասարակական ակցիաներ կազմակերպել: Արման Սահակյանը կոչ արեց մասնակցել Վարդանանց հրապարակի հանրահավաքին եւ «ոչ» ասել ադրբեջանական ֆիլմերին, ու, իմ կարծիքով, բոլորովին մտադրություն չուներ հարվածի տակ դնելու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, ապա իր անունից (ոչ թե ԳԱԼԱ ՀԸ-ի, ինչպես հաղորդվեց հաղորդման սկզբում) բանավեճի հրավիրեց ինձ: Դատելով մեր կարճատեւ ծանոթությունից ու իր վարքից, մարդը ֆիլմերի ցուցադրումը կանխելու համար հրապարակային քաղաքավարի ու կիրթ բանավեճի կողմնակից էր, բայց ի՞~նչ իմանար, որ քաղաքապետը մոբիլիզացնելու էր մի քանի լեզվանիներին, որոնք հայհոյանքներ, զրպարտություն ու, անգամ, իրենց նվաստացնող բաներ էին բարբաջելու ակումբի, իմ եւ մեկ այլ անձի հասցեին. երեւի այդ պատճառով այդ հավաքին Ա.Սահակյանը ելույթ չունեցավ, բոլորովին այլ բան էր ստացվել, քան ինքը պատկերացնում էր: Դժվար է ասել, որքանով օգնեց ինքնաբուխ հայհոյախառը ռազմահայրենասիրական այդ ակցիան ՀՀԿ վարկանիշի աճին կամ նվազմանը Գյումրիում, բայց գիտեցողը գիտե. թե մեկն իսկապես շահագրգիռ է իմանալ, կարող է կես ժամ հարցում անել քաղաքի ցանկացած թաղում, եւ կպարզի, թե ինչ տեղ ունի ակումբը մեր քաղաքացիների կյանքում, ես չգիտեմ, անկեղծ ասած:

Մի քանի ելույթներում քաղաքապետը հանրությանը, չգիտես ինչու փորձեց հասկացնել, թե հենց ինքն է որոշում այս կամ այն անձնավորության պատգամավոր լինել-չլինելը, կամ` արժան-անարժան լինել-չլինելը: Բանը հասավ այնտեղ, որ քարոզարշավի շրջանակներում լսեցինք Վ.Ղուկասյանի հայտարարություններն այն մասին, թե «… որ (Արման Սահակյանը) լավ չաշխատեց, մանդատը կառնենք ձեռից`  իրեն կուղարկենք Երեւան …”, մեղմ ասած համոզիչ չէր, այդպես թեկնածուին տապալելու համար կարող էին անել գուցե, բայց ոչ Վ.Ղուկասյանը, ով վստահ էր, որ Մ.Գրիգորյանի պարտությունը այս ԱԺ ընտրություններում կթեթեւացներ իր բեռը այս տարվա սեպտեմբերին կայանալիք քաղաքապետի ընտրություննրում, երեւի իր հաշվարկներով Մ.Գրիգորյանը հիմա պարտվելու դեպքում կամ չէր առաջադրվի որպես քաղաքապետի թեկնածու, կամ համապատասխան «մարզավիճակում» չէր լինի: Այդօրինակ հայտարարությունները արջի ծառայության պես բան եղան Արման Սահակյանի համար, շատ վատ օգնություն: Իսկապես, մնում է առեղծված, թե ինչու այդպես վարվեց Ղուկասյանը:

Քարոզարշավի վերջին ժամում ահագին վերջակետեր դրվեցին. «Ցայգ» ՀԸ եթերում քաղաքապետն անխնա, իրեն հատուկ պաթոսով եւ էգոիզմով քննադատում էր ԲՀԿ թեկնածու պատգամավոր Մ.Գրիգորյանին, որն էլ «ԳԱԼԱ» ՀԸ եթերում հատ-հատ համարժեք պատասխաններ էր տալիս զուգահեռ (վրիպեց մի տեղ, երբ Վ.Ղուկասյանին անցյալ ՏԻՄ ընտրություններից մեկում իրենց կողմից աջակցելու մասին պատմելիս տարեթիվը 2002-ի փոխարեն 2003 ասաց) ու մարդիկ վերջնականապես կողմնորոշվեցին` ինչ անել: Արեցին. ներառյալ Գյումրու վերականգնված մարզադաշտի բացումը, Ս.Սարգսյանի ներկայությունն այնտեղ, «Շիրակի» գավաթը, բոլոր կուտակումներն ու ղալմաղալները տեղամասերում, կաշառքները, վարչական ռեսուրսները, հավատքը, անեծքը, Աստված եւ մյուս լավուվատ բաները` Մ.Գրիգորյան-16.704, Ա.Սահակյան-14.168, առանց բողոքարկման: Առաջին անգամ Գյումրիում մեծամասնականի թեկնածուն հրապարակավ շնորհավորեց մրցակցի հաղթանակը: Սա Մ.Գրիգորյան-Ա.Սահակյան առանձին համագործակցություն էլ կարող է խոստանալ, չհաշված ՀՀԿ-ԲՀԿ համագործակցությունը: Ճշմարիտ է, որ մեկ օր անց` մայիսի 8-ին, քաղաքապետն էլ շնորհավորեց բոլոր մեծամասնականներին, անգամ Մ.Գրիգորյանին, ում մեկ ամիս անխնա քննադատում ու պարսավում էր: Իսկ մյուս կողմից արդեն մտահոգություններ կան, թե արդյո՞ք Ա.Սահակյանը չի նեղանա եւ չի տուժի «Շիրակն» արդյոք այս պարտությունից, որ դժվար է ասել, կլինե՞ր, թե՞ ոչ, եթե ՀՀԿ-ական թեկնածուն տեղական հրապարակային քարոզչության եւ ընտրապայքարի ռազմավարության հարցում այնքան շատ տեղ չտար Վ.Ղուկասյանին:

Ինչորէ, թեպետ ՀՀԿ-ի օգտին վերջում Հայաստանով մոտ 44 տոկոս հաշվեցին ու Գյումրիում 24,5 տոկոս ունեցան, ակնհայտ է, որ այդ կուսակցությունը, չնայած վերոհիշյալ «միջոցառումներին», կարելի է ասել, հանրային գիտակցության մեջ պարտվեց, իսկ Հայաստանի արդեն հղփացած մերձավտորիտար ռեժիմը նման պարտությունները հեշտ չի մարսում, եւ քավության նոխազներ գտնելու հարցում հատուկ դժվարություններ չի ունենա: Հանրությունը կարող է չիմանալ անգամ, թե մեղավորների  կուսակցավարչական պատիժն ինչ է լինելու, բայց ուշ թե շուտ գլխի կընկնի, հետեւել է հարկավոր. անգամ ոչ ազատ հեռուստաընկերությունների պաշտոնական լրատվությանը կպատմի տողատակով, թե ում են «զապասնոյ աէրոդրոմ»-ում իջեցնելու, որ շատ չխանգարի նախագահականից առաջ:

Լեւոն Բարսեղյան

Դիտումներ՝ 195