Իմ սիրած հերոսներից մեկը տարիներ շարունակ համոզում էր եվրոպական մեծավորներին թե մի քանի նավ տվեք` Հնդկաստանի նոր ճամփա եմ գտել, երկիրը կլոր է, գնամ, ծովով հասնեմ Հնդկաստան…: Շան տեղ չէին դնում, լարում էին իրենց դռներից: Իսպանիայի թագուհին մոտավորապես ասաց` տվեք դրան ուզածը (կյանքներս կերավ, թող ռադ էղնի հեռանա-մոտավորապես): Տվեցին` գնաց, գտավ «Հնդկաստանը», հետո դուրն եկավ, մի 12 անգամ գնաց-եկավ, մինչեւ հիմա բերածն ուտում են` չի պրծնում:)
Լավ իմաստով` ստիպված եմ մեր մոգոնած «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության Ավագանու անդամության թեկնածուի եւ ավագանու անդամի Վարքականոնի եւ այն հսկելու կոչված Էթիկայի հանձնաժողովի դերի եւ առաքելության մասին պարզաբանումներ տալ հանրությանը, Ֆեյսբուքում այդ անելը անբավարար եմ համարում. քարը մենք ենք գլորել եւ դրա լավ կամ վատ լինելու պատասխանատվությունը մերն է:
Հիմնական հարցը, բացի գաղափարը առայժմ չընկալելը, հետեւյալն է`«Ի՞նչ իրավունք ունեք հսկել ավագանու թեկնածուների վարքը»:
Այդ վարքականոնը, Էթիկայի հանձնաժողովը, դրան հարակից բոլոր հանգամանքներն ու զարգացումները, որ բերված նախաձեռնության վերջին լուրերում եւ տարածած հաղորդագրություններում, ամբողոջությամբ եւ միայն վերաբերվում են «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնությանը ու Գյումրու Ավագանու անդամության համար իր առաջադրած 7 թեկնածուներին:
Ընդհանրապես, վարքականնոնները, դրանց հսկման միավորումները ու դրանց աշխատանքը որոշակի մասնագիտական, գաղափարական, թիմային խմբերի ինքնակարգավորման ոլորտից են, դրանք որպես կանոն կամավորության սկզբունքով են ձեւավորվում: Տարբեր դեպքերում, երկրներում, միջավայրներում լրագրողները, բժիշկները, թեկնածուները, որոշակի մասնագիտությունների տեր մարդկանց խմբերը ինչ-որ դրդապատճառներով որոշում են բարոյական սկզբունքներ սահմանել իրենք իրենց համար, ոչ թե այլոց: Անհեթեթություններ էլ են լինում, ինչպես, օրինակ, երկու տարի առաջ ՀՀ նախագահին կից Հանրային խորհուրդը որոշեց ինքնակարգավորել Հայաստանի հեռուստատեսությունների մի մասին, ահագին հրճվանք պատճառելով շատերիս:
Որպես կանոն, ինքնակարգավորումը վերաբերվում է օրենսդրությամբ չկարգավորվող հարցերին եւ հարաբերություններին, բնականաբար, այն ամենն, ինչ կարգավորված է օրենսդրությամբ, օրենք է եւ վերջ, ոչ մի միամիտ այդ կարգավորված բաները չի սկսի որպես բարոյական պարտավորություն ստանձնել, այլ կընդունի որպես օրենքով նախատեսված պարտավորություններ:
Այս դեպքում քաղաքացիական նախաձեռնությունը իր թեկնածուների համար իր թեկնածուների հետ մշակել եւ ընդունել է որոշակի պարտավորությունների ծավալ, որը կոչվում է «Քաղաքը մերն է» քաղ, նախաձեռնությունից Գյումրու ավագանու անդամության թեկնածուի եւ ավագանու անդամի (ենթադրվում է` ընտրվելիս) Վարքականոն: 30 հոդված է եւ 2 գլուխ, Ա գլուխը վերաբերվում է թեկնածուի վարքաբանությանը, Բ գլուխը` եթե ընտրվի` ավագանու անդամի:
Նախաձեռնության 7 անդամները հրապարակավ հայտարարել են, որ ընդունում են այդ սկզբունքները եւ հետեւելու են դրանց: Խախտելու դեպքում` նախատեսվում է հրապարակային բացատրություն, հրապարակային քննադատություն եւ այլն, որովհետեւ պարտավարությունը բարոյական է, պատասխանատվությունն էլ պիտի բարոյական լինի:
Այս Վարքականոնի նորմերի` այդ 7 հոգու կողմից որեւէ հնարավոր խախտումը հսկելու, բողոքներն այդ մասին ուսումնասիրելու եւ հրապարակային եզրակացությունների համար նախաձեռնությունը շահագրքգիռ անձանց հետ ստեղծել է հսկող մարմին` Էթիկայի հանձնաժողով: Այդ հանձնաժողովի կազմում բնականաբար թեկնածուներ չկան, կազմը լիակատար համաձայնությամբ ընդունելի է եղել Վարքականոնով պարտավորություններ ստանձնած անձանց` 7 թեկնածուների համար: Այսինքն, այս 7 հոգին կամավորությամբ ճանաչել են այս հանձնաժողովի` իրենց մասին բոլոր հնարավոր բողոքների (1) քննման, (2) եզրակացություններ անելու եւ (3) դրանք հրապարակելու լիազորությունը:
Այս ամենն արվել է եւ արվում է մեր 7 թեկնածուների մասով Ավագանու նոր ստանդարտներ սահմանելու` դրանով ՏԻՄ-ին նոր որակ բերելու համար:
Օրինակով բացատրեմ: Օրինակ. մեր Վարքականոնով մեզնից ոչ ոք եւ անգամ մեր մերձավոր ազգականները իրավունք չունեն մասնակցելու համայնքային բյուջեից ծառայությունների կամ ապրանքների գնման մրցույթի` տենդերի, որեւէ ֆինանսական կամ նյութական օգնություն ստանալու իրավունք չունենք մենք եւ մեր մերձավոր ազգականները եւ այլն: Հիմա հայտնի է, որ օրենքով սա չի սահմանափակված, եւ նախկինում բազմիցս տեղի ունեցել է ու ոչ միայն մեր քաղաքում, բայց մենք կոռուպցիոն, կամ ավելի պարզ` տեղական ինքնակառավարման որակին հնարավոր ռիսկ ենք տեսել ավագանու անդամի կողմից գազելի գիծ կամ ասֆալտի պատվեր ունենալը ու որոշել ենք կանխավ հրաժարվել դրանից ու հանրությանն ասել, որ մենք` յոթս այդ տեսակ հետաքրքրություններ չունենք: Իսկ եթե այդ եւ այլ սահմանափակումները մտնեն ՏԻՄ օրենք, ինչիս ես շատ կուրախանամ (առաջարկելու ենք օրենսդիրին), բնականաբար մեր Վարքականոնից այդ բաժինները կհանվեն:
Բնականաբար, մենք որեւէ այլ թեկնածուի անունից ոչ խոսելու իրավունք ունենք, ոչ էլ խոսում ենք, ընթերցողների մի մասը լուրերը սխալ է հասկացել:
Բացի այդ, մենք չենք բացառում ավագանու անհատական կամ այլ խմբային թեկնածուների որեւէ ինքնակարգավորման համանման նախաձեռնությունը, ինչից շահելու է ամբողջ քաղաքը, օրինակ, ասենք Բալասանյանի ավագանու թիմը (մոտ 20 հոգի), եթե կամենա, կարող է համանման, բայց սեփական մի կոդեքս մշակել եւ ընդունել ու հանրության ներկայացնել իր պատկերացումները սեփական թեկանծուների եւ նրանցից ավագանու անդամ դարձողների վարքաբանության մասին:
Կամ Գյումրիում ավագանու անդամություն առաջադրած ՀՀԿ թիմը (10 հոգի), կուզենա՞ թիմային կամ անհատական Վարքի կանոններ ունենալ, հռչակել, եւ հետեւել դրան, ունենալ այդ թեկնածուների համար մի հեղինակավոր մարմին, որը կհսկի այդ վարքի կանոնների կատարումը: Եթե ուզենա եւ մյուս թեկնածուներն էլ ուզեն` վստահ եմ մեծ առաջընթաց կլինի ՏԻՄ եւ Գյումրվա կյանքում:
Մեր նախաձեռնության Վարքականոնն ու Էթիկայի հանձնաժողովը ՏԻՄ ոլորտում Հայաստանում աննախադեպ բան, է հասարակության կողմից դժվար ընդունվող եւ հասկացվող, մարդ կա ասում է` «խիստ եք գրել, բա ձեր քյարը ո՞րն է, որ գնում եք ավագանի…», հաճախ ասում են. «է, եթե ավագանի եք դառնում ու ասֆալտի զակազ, հող, գազելի գիծ չեք ուզում, իմաստը ո՞րն է»:- էս կարգի է այլասերվել ավագանու առաքելությունը մեզանում …:
Եւ վերջինը, մոտակա 2 օրերին, «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնությունը նամակներով դիմելու է Գյումրիում ավագանու թեկնածություն առաջադրած մյուս բոլոր 65 թեկնածուներին, ներկայացնելով իր Վարքականոնը, եւ առաջարկելով մտածել թեկնածուի եւ ավագանու անդամի վարքի սեփական սկզբունքներ ունենալու մասին, ուղարկելու ենք նաեւ մեր Վարքականոնը` ծանոթացման կամ հիմք ընդունելու, կամ բացարձակապես` հիմք չընդունելու: Ինչպես կկամենան` թող այնպես էլ վարվեն:
Իմ պատկերացրած զարգացումների դեպքում կարող են լինել տարբեր խմբերի թեկնածուների վարքականոններ` Ա, Բ, Գ, Դ …, իսկ գաղափարը լավ տարածելու դեպքում, կարող ենք միացյալ քննարկումներով դուրս բերել Գյումրու Ավագանու անդամի (գուցե նաեւ թեկնածուի) մեկ միացյալ Վարքականոն, որը կդառնա շատ կարեւոր մի գործոն որակյալ, պոֆեսիոնալ եւ բարոյական Ավագանի ունենալու ճանապարհին, հետագայում յուրաքանչյուր թեկնածու, կիմանա, որ Գյումրու Ավագանու անդամը, բացի օրենքով նախատեսված պարտականությունները, ունի նաեւ այս-այս բարոյական պարտավորությունները: Այս զարգացման հետ մեկտեղ, հարկ է ունենալ ազատ եւ անկախ հսկիչ մարմին` այդ Վարքականոնին ավագանու 21 անդամներից յուրաքանչյուրի հավատարմությունը հսկելու, բողոքներն ուսումնասիրելու համար, հասկանալի է, որ այդ հանձնաժողովի բոլոր անդամները միանշանակ ընդունելի պիտի լինեն Ավագանու ընտրյալ բոլոր 21 անդամների համար: Սա իդեալական սցենարն է, որ գուցե այս գումարման համար չի հասունացած, բայց 3-4 տարի հետո` կհասունացնենք, կարծում եմ:
Ինքնակարգավորումը կամավորություն է, իսկ կամավորությունը պատասխանատու բան է, ու փորձն ասում է, որ այդ պատասխանատվության տակ ամենքը չեն կարող մտնել:
Լեւոն Բարսեղյան




