Գյումրու փակ շուկան գնել են. թանկ վարձով՝ լավ պայմաններ

«Մենք հաստատ գիտենք՝ Բալասանյանը փայատեր է»

Գյումրու կենտրոնական փակ շուկան վերանորոգվելու է. նախատեսվում է տարածքի բարեկարգում, փակ տանիքի կառուցում, ջեռուցման ապահովում: Բոլորովին նոր տեսքով այս շուկան կհանձնվի շահագործման 2-3 տարի անց:

Տարածքի բարեկարգման եւ կառուցապատման աշխատանքով արդեն իսկ զբաղվում է սեփականատերը՝ «Լենտեքս» ՍՊԸ-ի տնօրեն Կարեն Գոմցյանը:

փակ շուկան

«Մենք գնել ենք այդ տարածքը, որպեսզի կառուցապատենք, ունենանք նորմալ, ժամանակակից առեւտրի կենտրոն, առեւտրականները շինարարության ընթացքի ժամանակ պետք է տեղափոխվեն այլ տեղ, որ հետո գան վարձակալեն մեր տարածքները»,-«Ասպարեզի» հետ զրույցում ասում է Կ.Գոմցյանը:

Տարածքի շահագործման ավարտից հետո սեփականատերն առեւտրականների համար վարձավճարի չափ է սահմանելու, որը, բնականաբար, տարբերվելու է այսօրվա վճարի չափից:

«Մենք ծախսեր պետք է անենք եւ վարձաչափերը նշանակենք: Ավելի լավ պայմաններ կունենան՝ ջեռուցումով, փակ տանիքով, եւ ավելի շատ հոսք կլինի: Հետեւաբար, վարձաչափն էլ ավել կլինի ներկա վարձաչափից»-ավելացնում է Կ.Գոմցյանը:

Կ.Գոմցյանը վարձավճարի չափի մասին հստակ տեղեկություն չի հայտնում. «Հիմա մենք չենք կարող ասել՝ ինչքան կլինի քառակուսի մետրի արժեքը»:

փակ շուկան

Տարածքի սեփականատերը այդպես էլ հստակ տեղեկություն չի հայտնում նաեւ, թե իրենից բացի` էլ կա՞ սեփականատեր:

Ամբողջ զրույցի ընթացքում Կ.Գոմցյանը շեշտում էր՝ «մենք գնել ենք». «մենք ծախսեր պետք է անենք»:

«Ձեզնից բացի` էլ կա՞ սեփականատեր, թե ՞ միայն Դուք եք» հարցին Կ.Գոմցյանը պատասխանում է. «Չեմ կարող ասել»:

փակ շուկան

Այցելությանս ընթացքում շուկայի առաջին մուտքը փակ էր (Լաչինի միջանցքի կողմի հատվածը), իսկ 2-րդը՝ բաց:

Շուկայի մյուս հատվածում ընթանում էին վերանորոգման աշխատանքներ: Տարածքի մարդիկ տեղեկացրին, որ փակ շուկայի առեւտրականները ժամանակավորապես տեղափոխվելու են այդտեղ, մինչեւ փակ շուկան բարեկարգվի:

«Մենք չիդենք մեր գլխի գալիքը, կարող է ըմպես հարկ դնեն, oր հեչ ձեռք էլ չտա: Կհասկնանք, oր կեղտոտ վիճակում հմի կենենք առեւտուրը, մենք էլ ենք կողմ, oր մտնինք սարքած, փակ, մաքուր շուկա. հա, բայց վարձի չափը չիդենք, էդ մեկը շատ վատ է: Իրանք պտի սարքեն-շինեն, պարզ է, oր ծախսածը պտի հանեն, մեր վրա դնեն հարկ»,-ասում են շուկայում:

Առեւտրականները միաբերան պնդում էին, որ շուկան ունի մի քանի սեփականատեր:

«Մեկը Լենտեքսի Կարենն է, մյուսը, հաստատ գիտենք, Բալասանյանն է՝ քաղաքապետը, Բալասանյանը փայատեր է»:

Ս.Բալասանյանը, սակայն, արդեն մի քանի անգամ հասցրել է այս խոսակցությունները հերքել: Այնուհանդերձ, շուկայում առեւտրականների մեծ մասը պնդում է, որ Ս.Բալասանյանը շուկայի սեփականատերերից է:

փակ շուկան

Գյումրու կենտրոնական շուկայի վերակառուցման եւ Շահումյան փողոցը, այսպես ասած, ազատագրելու մասին մի քանի ամիս է՝ խոսում է Սամվել Բալասանյանը: Սակայն այս հայտարարություններին բացասական են արձագանքում առեւտրականները՝ մտածելով, որ բացօթյա առեւտրի արգելման դեպքում թանկ են վճարելու փակ շուկայի տարածքի վարձակալության դիմաց:

Տարիներ առաջ, Գյումրու նախկին քաղաքապետի որոշմամբ, Շահումյան փողոցի հարեւանությամբ կենտրոնական շուկայի հարակից տարածքի հողամասերը առեւտրի տաղավարներ կառուցելու եւ ըստ նշանակության օգտագործելու նպատակով տրվել է որոշ քաղաքացիների: Այդ տարիներին Գյումրու քաղաքապետարանը կողմերի հետ կնքել է հողի վարձակալության պայմանագրեր, որոնք պետական գրանցում են ստացել անշարժ գույքի կադաստրի տարածքային բաժնում:

Սակայն 5 ամիս է՝ Գյումրու քաղաքապետարանը հողի վարձակալության նոր պայմանագրեր չի կնքում առեւտրականների հետ եւ դեմ է արտահայտվում տաղավարների տեղադրմանը: Հակառակ այս ամենին` մեր տեղեկություններով, շատ առեւտրականներ վճարում են տարածքի վարձակալության գումարը, այս առեւտրականների հողի վարձակալության պայմանագրերի ժամկետն արդեն 1-2 տարի առաջ է ավարտվել:

փակ շուկան

Այսօր շուկայում անորոշ վիճակ է. առեւտրականները լավ բան չեն կանխատեսում, բայց եւ պատրաստ են պայքարելու:

«Էս տաղավար կոչվածը մե օրմ կհանեն, մեզի էլ կառաջարկեն մտնել ու իրանց ուզած փողը տալ: Եթե չհամաձայնվանք, պարզ է, oր պտի առեւտրով էլ չզբաղվինք, էսպես անորոշ ու անհանգիստ վիճակ է»,-եզրափակում է առեւտրով զբաղվող կանանցից մեկը:

Անի Մկրտչյան

Դիտումներ՝ 137

Մեկնաբանել

comments