«Ո՞ւր են ձեր գործընկերները…հա, Սահմանադրական դատարան են դիմել»

Բալասանյանը փնտրում է նիստը բոյկոտող անդամներին

Ավագանու նիստը դեռ չսկսված՝ Գյումրու քաղաքապետը հայացքն ուղղեց դեպի դահլիճի դատարկ աթոռները, հարց ուղղեց ավագանու ներկա անդամներին ու ինքնիրեն պատասխանեց.

«Ո՞ւր են ձեր գործընկերները…հա, Սահմանադրական դատարան են դիմել»,-նկատի ունենալով Գյումրու ավագանու նիստը բոյկոտող ԲՀԿ, ԳԱԼԱ, ՀՎԿ ավագանու անդամներին՝ ասաց Ս.Բալասանյանն ու սկսեց ընթերցել օրակարգ ընդգրկված հարցերը:

Գյումրու ավագանին

Նիստին ավագանու ներկա 17 անդամն էլ (ներառյալ Գյումրու քաղաքապետը) միաձայն էին քվեարկում: Ինչպես միշտ, առաջինը ձեռք էր բարձրացնում ու կողմ քվեարկում քաղաքապետը, ապա՝ մյուս անդամները:

Օրակարգ ընդգրկված 35 հարցից միայն 1-ը որոշակիորեն քննարկվեց: Բյուջեի վերաբերյալ հարց ուղղեց ավագանու անդամներից մեկը՝ հետաքրքրվելով, թե արդեն հստակ է, թե համատիրությունների ենթակայությամբ գտնվող որ շենքերի կտուրներն են վերանորոգվելու: Նախագիծը զեկուցող, քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Լենա Ջիլավյանը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ շենքերի կտուրների ուսումնասիրությամբ համատիրություններն են զբաղվում, իրենք առանձին-առանձին են ներկայացնելու այդ տվյալները:

Գյումրու ավագանին այս նիստի ընթացքում հողեր ու փողեր բաշխեց տարբեր կազմակերպությունների եւ անհատների: Ավագանու նիստը գրեթե ամբողջությամբ հողամասեր տրամադրելու, դրամական աջակցության հատկացման, պարտքեր զրոյացնելու մասին էր:

Գյումրու ավագանին

«Գյումրու զբոսայգիներ եւ պուրակներ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Հովսեփ Ավետիսյանը: Ս. Բալասանյանի խոսքով՝ ինքը Հ.Ավետիսյանին ծանոթ է, իր ընկերն է: Ավագանու անդամները ծափահարեցին այս որոշման համար, դեմ արտահայտվող չեղավ:

Այս ՀՈԱԿ-ի տնօրենը Սամվել Գալստյանն էր, ով, Գյումրու քաղաքապետի խոսքով, կենսաթոշակային տարիքի պատճառով ազատվել է աշխատանքից:

Գյումրու ավագանին միաձայն որոշեց նաեւ ավագանու հաջորդ նիստի օրը: Հերթական նիստը նախատեսվում է ապրիլի 7-ին: «Հաշվի առեք ձեր գործուղումները, տարբեր տեսակի այցերը»,-խորհորդ տվեց Ս.Բալասանյանը՝ հույս ունենալով, որ ապրիլի 7-ին բոլորը նիստին ներկա են գտնվելու:

Ավագանու նսիտը եզրափակեց Ս.Բալասանյանը՝ լավատեսական հույսեր հայտնելով:

«Կարծում եմ, որ ապրիլի 2-ից հետո մեր գործընկերները, հատկապես երբ որոշում կայացվեց, որ հակասահմանադրական չեն համապատասխան հոդվածները, նույնպես կգան եւ կլծվեն աշխատանքի: Ես վստահ եմ դրանում, դուք էլ եք վստահ, չէ ՞»,-նկատի ունենալով ԲՀԿ, ԳԱԼԱ, ՀՎԿ ավագանու անդամներին՝ ասաց Գյումրու քաղաքապետը:

Գյումրու ՏԻՄ ընտրություններից հետո թիվ 34 ԸԸՀ-ն ԲՀԿ-ից եւ ՀՎԿ-ից մեկական մանդատ վերցրել եւ փոխանցել էր «Բալասանյան» դաշինքին: Կուսակցությունները, այդ թվում եւ ԳԱԼԱ-ն, վարչական դատարան դիմեցին ու պահանջեցին անվավեր ճանաչել թիվ 34 ԸԸՀ որոշումը:

Սակայն ՀՀ վարչական դատարանը հոկտեմբերի 18-ին որոշեց մերժել «Բարգավաճ Հայաստան» եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունների հայցն ընդդեմ թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշման։

Այս գործը ներկայում քննվում է Սահմանադրական դատարանում, պատասխանը, հավանաբար, կհրապարակվի մարտի վերջին օրերին:

Անի Մկրտչյան

Դիտումներ՝ 185

Մեկնաբանել

comments