Ս.Բալասանյանի ուշացած ու զգուշավոր խորհուրդները

Այսօր Գյումրու ավագանին միաձայն որոշեց 168 սոցիալապես անապահով ընտանիքի հատկացնել 1 մլն 700 հազար դրամ: Յուրաքանչյուր ընտանիքի կանխիկ 10 000-ական դրամ է հատկացվելու:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հայտարարություն արեց ու առաջարկեց հետեւողական լինել, որ այդ 10 հազարական դրամները մարդիկ չհամարեն ընտրակաշառք ու թեման շահարկեն:

«Չասեն, թե կաշառք կտան: Սահակյան, ուշադիր եղիր, նման բաներ չխոսեն»,-դիմելով սոցիալական հանձնաժողովի նախագահ, ավագանու անդամ Մխիթար Սահակյանին՝ խորհուրդ տվեց քաղաքապետը:

Ս.Բալասանյանի հաջորդ զգուշավոր, բայց եւ ուշացած խորհուրդը վերաբերում էր տարածքների վարձակալության հարցին: Երբ Գյումրու ավագանին միաձայն որոշում կայացրեց «Գյումրի-2» սոցիալական աջակցության բաժնի տեղակայման նպատակով Շահինյան փողոց թիվ 8 հասցեի անշարժ գույքի վարձակալության ժամկետը երկարաձգել, Ս.Բալասանյանը հանձնարարեց իր տեղակալ Ռուբեն Սանոյանին` խորհրդակցել կրթության բաժնի պետ Հայկ Սուլթանյանի հետ ու մի հարմարավետ, սիրուն տեղ գտնել, թեկուզ մանկապարտեզի շենք, որպեսզի այսուհետ այլ տարածքներ վարձակալությամբ չվերցնեն:

Ինչպես «Գյումրի-2», այնպես էլ «Գյումրի-1» սոցիալական աջակցության բաժինների տարածքների համար համայնքը տարածքի վարձ է վճարում:

Մոտ 1-2 ամիս առաջ «Ասպարեզը» պարզել ու հրապարակել էր, որ համայնքապատկան միայն 3 կառույցի՝ Գյումրու Յու.Վարդանյանի անվան ծանրամարտի մանկապատանեկան, հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցների եւ կենտրոնական գրադարանի տարածքների վարձակալության համար համայնքի սուղ միջոցներից տարեկան հատկացվում է ընդհանուր 4 մլն 300 հազար դրամ:

Ս.Բալասանյանի հաջորդ ուշացած խորհուրդը քաղաքացիների՝ գույքահարկի, տույժերի զրոյացմանն էր վերաբերում:

Խնդիրն այն է, որ Գյումրու քաղաքապետարանը դեռեւս հստակ չափորոշիչներ չունի, թե որ դեպքում կարելի է արտոնություններ սահմանել եւ զրոյացնել քաղաքացիների հարկերն ու տույժերը:

Որոշ քաղաքացիներ այս դեպքում շրջանառում են քաղաքապետարանում բարեկամ ու ծանոթ ունենալու հանգամանքը: Հավանաբար, քաղաքացիների այս խոսակցություններն արդեն հասել են Ս.Բալասանյանին, որ խորհուրդ է տալիս չափորոշիչներ եւ հիմքեր սահմանել:

Ինչեւիցե, ավագանու նիստին շուրջ 1 մլն 887 հազար դրամի գույքահարկ, հողի հարկ, տույժեր զրոյացնելու մասին նախագծերը եւս միաձայն հաստատվեցին:

Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի 4 տրանսպորտային միջոցների գույքահարկը՝ 58800 դրամը զրոյացվեց: Զրոյացվեցին նաեւ Հայաստանի կույրերի միավորման Գյումրու ուսումնաարտադրական ձեռնարկության, 9 քաղաքացիների գույքահարկը, գույքահարկի տույժն ու հողի հարկը:

Անի Մկրտչյան

Դիտումներ՝ 281

Մեկնաբանել

comments