Գյումրիում բնական եղեւնին 15-20 հազար է

Ծառահատումները` սեզոնային բիզնես

Գյումրու կենտրոնական փողոցներում արդեն վաճառքի են հանվել բնական եղեւնիներ եւ սոճիներ:

«Ասպարեզ»-ի տեսախցիկը, օրինակ, մի քանի օր առաջ քաղաքի Անկախության հրապարակում արձանագրել է վաճառքի հանված բնական ծառեր: Տարեց վաճառողը պատմում է, որ դրանք իրեն տրամադրել է «ծառերի գործ անող» մի տղա: Կինը չուներ վաճառքի իրականացման թույլտվությունն հաստատող փաստաթուղթ:

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության (ԲՊՏ) կողմից դեկտեմբերի 10-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերին  ՀՀ ոստիկանությանը, մարզպետարանների եւ համայնքապետարանների ուղղվել է հատուկ գրություն՝ ծառագողության դեմ պայքարում ուժեղացված հսկողություն իրականացնելու նպատակով:


Դեկտեմբերի առաջին տասնօրյակում կատարած շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության եւ հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 630 հազար դրամի ընդհանուր գումարի վարչական տուգանքի 8 որոշում: Շրջակա միջավայրին հասցվել է  9,88 մլն դրամի վնաս:

Անտառների եւ կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից ՀՀ Լոռու մարզի «Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել է 186 հատ ծառի ապօրինի հատում եւ հաշվարկվել է 9573.0հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, որից 81 ծառի վերաբերյալ հաշվարկված 6200.0հազ.դրամ վնասի տվյալներն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին` հետագա ընթացք տալու համար:


Շիրակի տարածքային բաժնի կողմից ապօրինի ծառահատման դեպքի համար կայացվել է 50.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 101.25հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Սյունիքի տարածքային բաժնի կողմից ապօրինի ծառահատման 2 դեպքերի համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբկայացվել է 130.0 հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում: Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կիրառվել է նախազգուշացում եւ հաշվարկվել է 3.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից ապօրինի ծառահատման դեպքի համար կայացվել է 50.0 հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Տավուշի տարածքային բաժնի կողմից ապօրինի ծառահատման դեպքի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 205.0հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գյումրու մասնաճյուղի պետ Գրիգոր Հովհաննիսյանն ասում է, որ խստացված հսկողություն են իրականացրել հատկապես Ջաջուռի անտառտնտեսությունում: Այս վայրում ծառագողության  ամենախոցելի վայրը Ջարդի ձորի հատվածն է, որի անմիջական հարեւանությամբ գտնվում է Գյումրի-Վանաձոր մայրուղին:

«Շաբաթ, կիրակի օրերին եւս այնտեղ հսկողություն է իրականացվում»,-ասում է  Գ. Հովհաննիսյանը:

Միաժամանակ անդրադառնալով անտառապահների կադրերի բացակայությանը եւ նրանց համապատասխան հանդերձանքի թերի լինելուն՝ հագուստի, փոխադրամիջոցի, զենքի, ձիու, ավելացնում է.

-Անտառապահների խնդիրն ամբողջ Հայաստանում կա: Տրանսպորտ չունեն անտառապահները, իրենց սեփական մեքենայով գնում, մի ժամ կանգնում են, իջնում են ներքեւ տաքանում են, հաջորդն է գնում: Ծառահատումների ժամանակ էլ հեռախոսով շտապ զանգում են, լավ է, որ դրանք էլ կա,-ասում է Գրիգոր Հովհաննիսյանը:


Բնապահպան Գեւորգ Պետրոսյանն էլ բարձրաձայնում է այն մասին, որ փշատերեւների  անօրինական հատումների վտանգը առաջ է գալիս նախատոնական օրերին:

-Հիմնականում ծառահատումները լինում են բիզնես նպատակով: Ինչ-որ մարդիկ թույլտվություն են ստանում, նոսրացման անվան տակ ծառեր են հատում,-ասում է բնապահպանը եւ նշում, թե ինչպես նախորդ տարի Գյումրու գրեթե բոլոր փողոցներում վաճառվում էին բնական եղեւնիներ, որոնք այդպես էլ չիրացվեցին:

Այս օրերին Գյումրու փողոցներում վաճառքի հանված բնական եղեւնիների արժեքը պայմանավորված է հասակով: Գները սկսվում են 15 հազարից, ամենաթանկ եղեւնին արժե 20 հազար դրամ: Ըստ վաճառողների` եղեւնիները 5-7 մետր բարձրություն ունեն:

Նարեկ Կիրակոսյան

Դիտումներ՝ 0

Մեկնաբանել

comments