Ս.Բալասանյանի փեսան թոռանը «Mercedes c class» է նվիրել

Գյումրու աղքատությունն ու Ռ.Սանոյանի մեծահարուստ դստեր ընտանիքը

«Ասպարեզը» պարբերաբար անդրադառնալու է աղքատությամբ եւ գործազրկությամբ առաջատար քաղաքի ավագանու անդամների ունեցվածքին:

Վերջին օրերին հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի քրոջ դուստրը` Լուսինե Սանոյանն ու իր ընտանիքը: Լ.Սանոյանը գիտությունների թեկնածուի աստիճան ունի, Գյումրու համայնքի ղեկավարի տեղակալ Ռուբեն Սանոյանի դուստրն է:

Լուսինե Սանոյանը «Բալասանյան» դաշինքով է ընտրվել ավագանու անդամ: 2016 թվականի հոկտեմբերի 2-ին Գյումրու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունում նրան առաջադրել եւ սատարել էր իշխող ՀՀԿ-ն:

 

Ռ. Սանոյանի՝ Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված կենսագրական տվյալներից տեղեկանում ենք, որ Լուսինեն Սանոյանների միակ դուստրն է: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Հորից եւ քեռուց պակաս ազդեցիկ չէ նաեւ Լուսինե Սանոյանի ամուսինը՝ Հրանտ Աբրահամյանը: Նա «Հայ բիզնես բանկ» ՓԲԸ-ի Գյումրու մասնաճյուղի ղեկավարի տեղակալն է: Բավական ջերմ հարաբերությունների մեջ է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի՝ «Նեմեց Ռուբոյի» հետ:

 

Լուսինե Սանոյանն աշխատում է քեռու սեփական կառույցում` «Գյումրի-գարեջուր» ՍՊԸ-ում, զբաղեցնում է հնեցման արտադրամասի բաժնի պետի պաշտոնը: Նա նաեւ Գյումրու ավագանու ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է:

Լուսինե Սանոյանն ունի գեղեցկության սեփական երեք սրահ, որից մեկը` «Սոլո բյութի» գեղեցկության սրահը, գտնվում է Գյումրու կենտրոնում, իսկ մյուս երկուսը` մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում:

Լ.Սանոյանն ամուսնու եւ որդիների հետ բնակվում է Գյումրու Շիրակացի փողոցի իրենց շքեղ առանձնատանը: Ընտանիքն աչքի է ընկնում նաեւ ակտիվ շրջագայություններով: 2016 թվականի վերջին Լուսինե Սանոյանը հանգստացել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում, իսկ մեր քաղաքներից նախընտրում է Ծաղկաձորը, որտեղ եղել է 2017-ի տոնական օրերին:

«Ասպարեզի» տեղեկություններով՝ Լուսինե Սանոյանը վարում է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա: Թվարկված կարողությունները եւ ճոխությունները եզրափակում է ավագ որդու՝ Հենրիկի «Mercedes c cllas» վերջին սերնդի թանկարժեք ավտոմեքենան, որի շուկայական արժեքը 60-100 հազար ԱՄՆ դոլար է: Հավաստի տեղեկություններով` մեքենան աղջկա որդուն՝ չափահաս դառնալու առիթով, նվիրել է քաղաքապետի տեղակալ պապիկը:

Լուսանկարները՝ Լ. Սանոյանի ֆեյսբուքյան էջից

Ռ.Սանոյանի լուսանկարը` քաղաքապետարանի կայքի

Հայկ Վարդանյան

Դիտումներ՝ 781

Մեկնաբանել

comments