Հետաձգվում է Գյումրու ավագանու նիստը. նախընտրական իրավիճակ

Գյումրու ավագանու վերջին նիստը կայացել է նախորդ տարեվերջին, հաջորդ նիստը նախատեսվում էր 2017-ի փետրվարի կեսերին, սակայն այն չի կայանա:

Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Ռոբերտ Ասատրյանը «Ասպարեզի» հետ զրույցում տեղեկացրեց, որ այս տարի նստաշրջանի մեկնարկը տրվելու է փետրվարի 14-ին, եւ մինչեւ մարտի 14-ն ունեն ժամանակ ավագանու նիստ հրավիրելու: Ըստ Ռ.Ասատրյանի` փետրվարի կեսերին նիստ չի հրավիրվի, քանի որ ավագանու որոշումների նախագծերը դեռեւս պատրաստ չեն: Աշխատակազմի քարտուղարը միաժամանակ նշում է, որ ներկայում նախագծերի մշակման գործընթաց է, եւ դեռ ժամանակ ունեն նիստ հրավիրելու:

Փետրվարին ավագանու նիստ հրավիրելու մասին մի քանի անգամ հայտնել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, քաղաքապետի այս խոսքերը մի քանի անգամ էլ հաստատել են նաեւ Գյումրու քաղաքապետարանում, սակայն, ինչպես ակնհայտ է, նիստն հետաձգվում է:

Նիստի հետաձգման, նաեւ ներկայում որոշումների նախագծերի կազմման, մշակման գործընթացի անավարտ լինելը, մեր տեղեկություններով, պայմանավորված է նախընտրական իրավիճակով: Ինչպես քաղաքապետարանի աշխատակիցները, այնպես էլ «Բալասանյան» դաշինքով ընտրված ավագանու անդամները զբաղված են կայանալիք խորհրդարանական ընտրությունների կազմակերպչական աշխատանքներով եւ ժամանակ չեն գտնում նախագծեր մշակելու եւ կազմելու, առավել եւս` նիստի մասնակցելու:

Քաղաքապետարանի պաշտոնական կայքում, ի դեպ, արդեն հրապարակվել են ավագանու մշտական գործող 4` ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի,  մշակույթի, կրթության, սպորտի եւ սոցիալական հարցերի, իրավական հարցերի, քաղաքաշինության եւ հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովների կազմերը:

Այս խմբակցությունները քաղաքապետարանում ունեն արդեն իրենց նստավայրը. հարց է, թե վերջիններս ակտի՞վ են գործելու, թե՞ նախկին հանձնաժողովների նման ձեւական բնույթ են կրելու:

Անի Մկրտչյան

Դիտումներ՝ 260

Մեկնաբանել

comments