6-ամյա Արմենն արդեն դպրոց է գնում

Օգնեցին շատերը, բայց ոչ` պետական ու համայնքային կառույցները

Օրեր առաջ «Ասպարեզն» անդրադարձել էր Գյումրու Սահմանապահների 131/14 հասցեում բնակվող Աննա Էլբակյանի եւ նրա որդու` 6-ամյա Արմենի սոցիալական ծանր պայմաններին: Մայր եւ որդի բնակվում են ավտոտնակին կից գտնվող պահեստամասերի խորդանոցում:  Ճանապարհածախսի պատճառով Արմենը դպրոց չէր հաճախում, սովորում է Գյումրու թիվ 23 հիմնական դպրոցում:

Մեր անդրադարձից հետո մորը եւ որդուն օգնել են անհատ քաղաքացիներ, ՀԿ-ներ` տրամադրելով որոշակի սնունդ ու վառելիք: «Ասպարեզի» հրապարակումից հետո Արմենը վերսկսել է դպրոց հաճախել:

Արմենի կենսապայմանները հուզել են նաեւ Բասենի միջնակարգ դպրոցի աշակերտներին: Նրանք «Ձեռնարկատիրական եւ քաղաքացիական կրթություն» ծրագրի շրջանակներում պատրաստած իրենց ձեռքի աշխատանքները վաճառել են Երեւանի տոնավաճառներից մեկի ժամանակ, իսկ ստացված հասույթը հագուստի, սննդի եւ գրենական պիտույքների տեսքով նվիրել Արմենին:


Համայնքապատկան կամ պետական որեւէ կառույցի չի անհանգստացրել 6-ամյա Արմնեի կրթության բարձիթողի վիճակն ու սոցիալական ծանր պայմանները: Երեխայի մայրը` Աննա Էլբակյանն ասում է, որ Գյումրու քաղաքապետարանից մի աշխատակից է գնացել, հետաքրքրվել իրենցով եւ խոստացել օգնություն տրամադրել, բայց առ այսօր չի վերադարձել:

Կացարանի անմխիթար պայմանների պատճառով Արմենն հաճախակի է հիվանդանում: Մայրը պատմում է, որ վերջին ցուրտ օրերին տնակում ապրելն այլեւս անհնար է: Երբեմն գիշերում են հարազատների տանը, քանի որ իրենց կիսախարխուլ տնակը ջեռուցելու հնարավորություն չունեն:

Նարեկ Կիրակոսյան

Դիտումներ՝ 5

Մեկնաբանել

comments