70-ամյա կնոջ 30 տարին տնակում է անցել

«Մե կռիշմ տան, էրթանք մեզի համար թոշակով ապրինք»

Շուշիկ70-ամյա տիկին Շուշիկը (երկրորդ անունը՝ Ժաննա) ցույց է տալիս տնակի փոքր բակի մի հատվածում դասավորված տարաները, շշերն ու պատմում, որ լվացքը ձեռքով է անում, ջուրը տաքացնում է արեւի տակ:

«70 տարեկան եմ, ձեռքով լվացք կենեմ. լվանալն ահավոր է: Այգու մե մասից կբերեմ ջուրը, կլցնեմ էդ շշերի մեջ, կդնեմ արեւի տակ, էնքան ժամանակ կմնա, մինչեւ որ տաքնա: Հետո էդ ջուրը կլցնեմ տաշտի մեջ ու ձեռքով կլվանամ: Էս ՝ իմ քաշածս: Մեր տաք ջուրը էդ է»,-շարունակում է տիկին Շուշիկը:

1988-ի Սպիտակի երկրաշարժի հետեւանքով Լենինականում 3 սենյականոց բնակարան է կորցրել նաեւ տիկին Շուշիկի ընտանիքը: Երկրաշարժին զոհվել է տիկին Շուշիկի դուստրը:

տնակ

1999 թվականին պետությունը նոր 3 սենյականոց բնակարան է հատկացնում ընտանիքին: Կինը պատմում է, որ այդ տարիներին տարբեր կառույցների է դիմել, խնդրել հաշվի առնել բազմանդամ ընտանիքի կարիքներն ու հատկացնել 2 առանձին բնակարաններ: Սակայն ապարդյուն: «Ասեցի, բայց հաշվի չառան»,-հակիրճ ասում է տիկին Շուշիկը:

Եւ 9 հոգուց բաղկացած բազմանդամ ընտանիքի մի մասն է տեղափոխվում նորակառույց: Իսկ տիկին Շուշիկը, ամուսինը, մեկ դուստրն ու որդին մնում են Բարեկամության այգու  234/280 տնակում: Այսօր տնակի հարակից հատվածն արդեն ունի սեփականատեր:

տնակ

«Աղջիկս ամուսնացավ, գնաց, հմի ես, ամուսինս ու տղես կապրինք ստեղ: Արդեն 30 տարի ստեղ կապրինք: Տղաս զինվորական թոշակառու է, 2-րդ կարգի հաշմանդամ: Մենք էլ ծերության թոշակ կստանանք»,-պատմում է կինը:

տնակ

Տիկին Շուշիկը չի բողոքում՝ նորմալ են ապրում: Սննդի, դեղորայքի գումարը, կոմունալ ծախսերը կարող են վճարել թոշակով:

տնակ

«Նորմալ կապրինք, բայց ուրիշ բան չենք կռնա էնե: Կոմունալը, լույսը, հեռախոսը կվճարենք, գազ չունիմ, դեղերի փողն էլ ամիսը 15-17 հազար կելնի, ըդքան դեղ կառնինք»:

Տնակը չունի կոմունալ հարմարություններ. տիկին Շուշիկն ասում է՝ քաղաքապետարանի բարեգործական բաղնիքի տոմս ունեն, գնում, լողանում են: Իսկ մինչ բաղնիքը՝ լողացել են հարեւան-բարեկամի տանը:

Ջուրը կրում են այգու հեռու մի անկյունից, գազի երես չեն տեսել արդեն 30 տարի: Այս ընտանիքը եւս ցանկանում է ապրել լուսավոր ու հարմարավետ բնակարանում:

«Մե կռիշմ տան, էրթանք մեզի համար թոշակով ապրինք, էնտեղ գազ կեղնի, ջուր կեղնի, բնականաբար, պտի օգտվինք. սպես էլ չի էղնի»,-եզրափակում է կինը:

տնակ

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամը Բարեկամության այգու տնակային թաղամասում սկսել է զբաղվել տնակների ազատմամբ եւ ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմամբ:

https://web.facebook.com/Gyumrinaranctnakneri/?fref=ts

տնակ

Անի Մկրտչյան

Դիտումներ՝ 50

Մեկնաբանել

comments