Գյումրու թիվ 11 դպրոցի տնօրենի պաշտոնը` կռվախնձոր

Շիրակի մարզպետը` Սահակյանի եւ Կարապետյանի մեջտեղում

Գյումրու Անի թաղամասում գտնվող Միքայել Նալբանդյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցի տնօրենի թափուր պաշտոնն արդեն իսկ դարձել է կռվախնձոր` Շիրակի ՀՅԴ-ական մարզպետ Հովսեփ Սիմոնյանի եւ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի կրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀԿ-ական  Հրայր Կարապետյանի միջեւ:

Որոշ տեղեկությունների համաձայն` Հովսեփ Սիմոնյանը մեկ-երկու ամիս առաջ ՀՀԿ-ական պատգամավոր, «Շիրակ» ֆուտբոլային ակումբի եւ «Ա-Թիվի» հեռուստաընկերության սեփականատեր Արման Սահակյանի հետ համաձայնության է եկել, որ թիվ 11 հիմնական դպրոցի տնօրեն ընտրվելու եւ նշանակվելու է  Ա. Սահակյանի օգնական, մանկավարժ Մարինե Խոդիկյանը:

Սակայն կրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, «Բալասանյան» դաշինքի ավագանու անդամ Հրայր Կարապետյանը, ով ՀՀԿ-ի Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանի սանիկն է եւ նախկինում այդ դպրոցի տնօրենի պաշտոնն է զբաղեցրել, ցանկանում է այդ դպրոցում տնօրեն տեսնել նախկին փոխտնօրեն, ներկայում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմինե Գրիգորյանին:

Ա. Գրիգորյանն այս պաշտոնում նշանակվեց նախորդ տարվա ամռանը, երբ այդ նույն դպրոցի տնօրեն Հրայր Կարպետյանը նշանակվեց կրթության վարչության պետի պաշտոնում, իսկ վարչության նախկին պետ Սահակ Մինասյանին հանձնվեց Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի` այժմ Շիրակի համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը:

Շրջանառվող տեղեկություններով` Գյումրու թիվ 11 դպրոցի գրեթե ամբողջ անձնակազմը Հրայր Կարապետյանի բարեկամներն եւ մտերիմներն են. բնականաբար, Հր.Կարապետյանի համար կարեւոր է, թե դպրոցի ապագա տնօրենն ով է լինելու:

Հովսեփ Սիմոնյանի եւ Հրայր Կարապետյանի միջեւ որոշակի տարաձայնություններ նախկինում էլ են եղել, սակայն որոշ պաշտոնյաներ փորձել են հարթել դրանք:

Ոչ միայն Գյումրու թիվ 11, այլեւ թիվ 38 դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը բավական լարված մթնոլորտում է անցնելու: 2016-ի նոյեմբերի 26-ին լրացել էր թիվ 38 դպրոցի տնօրեն Գոհար Շահբազյանի պաշտոնավարման 5-րդ տարին, եւ մարզպետ Հ. Սիմոնյանը դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակել թիվ 42 դպրոցի տնօրենի տեղակալ Արփինե Նիկողոսյանին: Մարզպետի այս որոշումը առաջացրել էր դպրոցի մանկավարժների զայրույթը: Նրանք այս մասին տեղեկացրին ու բողոքեցին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին:

Մեր տեղեկությունների համաձայն` թիվ 11 հիմնական դպրոցի ուսուցչական կազմը եւս պատրաստ է նման քայլի:

Հայկ Վարդանյան

Դիտումներ՝ 79

Մեկնաբանել

comments