Գյումրիում կռվախնձոր դարձած պաշտոնի մրցույթը չկայացավ

ԿԳ նախարարությունը հերքում է, խորհուրդը` հաստատում

Այսօր Գյումրու թիվ 11 հիմնական դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը չկայացավ: Կառավարման խորհուրդը նիստ հրավիրեց, որը տեւեց շուրջ 40-45 րոպե, ապա որոշեց նոր մրցույթ նշանակել: Նիստից հետո մրցույթի չկայացման պատճառի մասին հայտարարությամբ ներկայացավ դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Գեւորգ Ալեքյանը.

«Ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ մրցույթի անցկացնելու մասին հայտարարությունը` որպես տեղեկատվություն, չի հրապարակվել ՀՀ կրթության եւ գիտության նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում: Հաշվի առնելով, որ ԿԳ նախարարության կողմից վերոհիշյալ տեղեկատվությունը չի հրապարակվել, որով եւ խախտվում են ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի 319-Ն որոշմամբ հաստատված պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության նշանակման կարգի 6.1. պահանջները, կառավարման խորհուրդը որոշում է կայացրել նոր մրցույթ նշանակել»:

Կառավարման խորհրդի նախագահը ներկա լրագրողներին տեղեկացրեց, որ, սահմանված կարգի համաձայն, մրցույթի անցկացման մասին նախապես գրավոր նամակով տեղեկացրել են ԿԳ նախարարությանը: Իսկ թե ինչու ուղարկված նամակը չեն ստացել, ու կարգի համաձայն կայքում մրցույթի հայտարարությունը չի հրապարակվել ԿԳ նախարարության պաշտոնական կայքում, առաջարկեց պատճառի մասին տեղեկանալ հենց նախարարությունից:

«Ասպարեզը» կապ հաստատեց ԿԳ նախարարության հետ, աշխատակցուհին փոխանցեց հետեւյալը. «Ինչ ստանում ենք, տեղադրում ենք, եթե չեն ստացել, ուրեմն չեն տեղադրել»,-նկատի ունենալով մրցույթի հայտարարությունը` եզարափակեց աշխատակցուհին:

Ինչեւիցե, թափուր պաշտոնի մրցույթին մասնակցության հայտ ներկայացրել էր 3 մանկավարժ` տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ա.Գրիգորյանը, Գյումրու թիվ 23 հիմնական դպրոցի ուսումնական գծով տնօրենի տեղակալ Մարինե Խոդիկյանը եւ Կապսի միջնակարգ դպրոցի տնօրեն Նելլի Խոջումյանը: Ն.Խոջումյանը մրցույթին ներկա չէր:

Այս դպրոցում տնօրենի թափուր պաշտոնի նոր մրցույթը կկայանա մարտի 7-ին:

Գյումրու թիվ 11 դպրոցի տնօրենի թափուր պաշտոնը վերջին օրերին դարձել է կռվախնձոր որոշ պաշտոնյաների միջեւ: Դպրոցը բավական մեծ է, գործում է Անի թաղամասում եւ ունի 900-ից ավել աշակերտ. դպրոցի պայմանները միահերթ գործելու դեպքում նախատեսված է 1000-ից ավել դպրոցականի համար:

Այս դպրոցում երկար տարիներ որպես մանկավարժ, ապա տնօրեն աշխատել է Հրայր Կարապետյանը, նրան` Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելուց հետո այս դպրոցի տնօրենի պաշտոնը թափուր մնաց: Շիրակի մարզպետի որոշմամբ՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց դպրոցի մանկավարժ Արմենուհի Գրիգորյանը, չանայած որ մինչ այժմ էլ դպրոցի տնօրենի աշխատասենյակի վերեւում, որպես տնօրեն, փակցված է Հր.Կարապետյանի անունը` «Տնօրեն` Հ.Ռ.Կարապետյան»:

Անի Մկրտչյան

Դիտումներ՝ 70

Մեկնաբանել

comments