Հ/Ը-ները չեն վիրավորել ու չեն զրպարտել. հարթակ են տվել «Գյումրեցու ոգուն»

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Հայկանուշ Միքայելյանի նախագահությամբ, կայացավ Աժ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ընդդեմ «Գյումրեցու ոգի» կուսակցության նախնական դատական հերթական նիստը:

Պատգամավորը դատարան է դիմել զրպարտությունը հերքելու, փոխհատուցում ստանալու, վիրավորանքի համար հրապարակայնորեն ներողություն խնդրելու մասին հայցապահանջով:

«Գյումրեցու ոգի» կուսակցության կողմից 2016 թվականի սեպտեմբերի 30-ին Ցայգ, Շանթ Շիրակ հեռուստաընկերություններով նախընտրական քարոզարշավի շրջանակներում տեսանյութ է հրապարակվել՝ «Ճանաչեք» վերնագրով, տեսահոլովակի ցուցադրության ընթացքում մեկնանաբություններ են հնչել: ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի եւ իր փաստաբանների գնահատմամբ՝ տեսանյութում տեղ գտած մեկնաբանությունները պարունակում են վիրավորական տարրեր, զրպարտություն են:

Տեսանյութում խոսվում է այն մասին, որ Հովհաննես Մարգարյանը, 1988-ին լինելով Գյումրու հրուշակեղենի ֆաբրիկայի տնօրեն, յուրացրել է աղետի գոտուն օգնություն ուղարկած կաթի փոշի: Հովհ.Մարգարյանն էլ իրեն զրպարտելու, վիրավորելու, պատիվն ու արժանապատվությունը, գործարար համբավն արատավորող տեղեկություններ տարածելու համար «Գյումրեցու ոգի» կուսակցությունից պահանջում է ներողություն խնդրել, հերքում հրապարակել, փոխհատուցել մոտ 3 մլն դրամ:

Այսօր դատական նիստին դատարան էին հրավիրվել տեղի 3 հեռուստաընկերության լիազոր ներկայացուցիչներ: Ներկայացել էին Ցայգ ՍՊԸ-ի լիազոր ներկայացուցիչ Նազելի Բաղդասարյանն ու Շիրակ հանրային հեռուստաընկերության լիազոր ներկայացուցիչ Արմենուհի Մինասյանը: Շանթ ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Կարեն Մոււղնեցյանը դատարանին գրավոր էր ուղարկել դիրքորոշումը:

Պատասխանող կողմը ներկա չէր, դատական նիստը հետաձգելու վերաբերյալ դատարանը ստացել էր «Գյումրեցու ոգի» կուսակցության ներկայացուցիչ Գագիկ Թովմասյանի դիմումը:

Դատարանը որոշեց լսել դատարան ներկայացած հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին:

Շիրակի ներկայացուցիչ Արմենուհի Մինասյանը նշեց, որ տեսանյութը հեռուստաընկերությանը տրամադրել են պատրաստի տարբերակով, պատրաստմանը մասնակցություն չի ունեցել Շիրակ հանրային հեռուստաընկերության աշխատակազմը: Տեսանյութը նախընտրական քարոզչության ժամանակահատվածում է ցուցադրվել, եղել է վճարովի եթեր, որի մասին կա ապացուցող պայմանագիր: Պատրաստ են դատարանին ներկայացնել պայմանագիրը:

Ցայգի ներկայացուցիչ Նազելի Բաղդասարյանը եւս ավելացրեց, որ տեսահոլովակը ցուցադրվել է նախընտրական քարոզչության շրջանում՝ վճարովի եթերաշաժի ընթացքում: Պատրաստ են դատարանին տրամադրել համապատասխան պայամանգիրը, վճարված համապատասխան ծախսերը  եւ հիմքերը:

-Քարոզչության ժամանակահատվածում հնչած կարծիքը կարող է չհամապատասխանել տվյալ հեռուստաընկերության դիրքորոշման հետ, սրանով է բացատրվում քարոզչության ողջ մեխանիզմը: Զանգվածային լրատվության մասին օրենքը ենթադրում է, որ եթե որեւէ կողմին հասցվել է վիրավորանք, զրպարտություն, մեկամսյա ժամկետում դուք իրավունք ունեիք պատասխան հրապարակելու համար,-դիմելով պատգամավորի փաստաբաններին՝ ասաց Ն.Բաղդասարյանը:

Դատավոր Հ.Միքայելյանը ընթերցեց Շանթ ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Կարեն Մուղնեցյանի գրությունը.

«Շանթ ՍՊԸ-ն  հայցվորին որեւէ եղանակով չի զրպարտել, չի վիրավորել, չի արատավորել վերջինիս պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավ: Շանթ ՍՊԸ-ն չի կատարել հայցվորի վերաբերյալ որեւէ արտահայտություն եւ նախընտրական քարոզչության շրջանում ընդամենը կուսակցություններին՝ այդ թվում նաեւ Գյումրեցու ոգուն, տրամադրել է եթերաժամանակ, որը կուկացությունները կարող են օգտագործել ազատորեն՝ առանց հեռուստաընկերության վերահսկողության կամ գրաքննության ենթարկելու: Տվյալ դեպքում հեռեւստաընկերությունը հանդիսացել է ոչ թե տեղեկատվություն տարածող, այլ հարթակ…»:

Կ.Մուղնեցյանը եւս ավելացրել էր, որ ընկերությունը որեւէ օրենք չի խախտել:

Հեռուստաընկերությունների ներկայացուցիչները դեմ չեն, որ եթե դատարանը որոշի հերքման կամ ներողության հայտարարության տարածել, եթերաժամանակ հատկացնել Գյումրեցու ոգուն, բայց այդ հերքման կամ ներողության տեքստը չհնչի հեռուստաընկերության անունից:

Հովհ.Մարգարյանի փաստաբան Ալբերտ Դերձյանը որոշակի առարկություններ ուներ, մեջբերեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածը՝ մասնավորապես.

Հոդված 24. Հեռուստառադիոհաղորդումների չարաշահման անթույլատրելիությունը

Արգելվում է հեռուստառադիոհաղորդումներն օգտագործել՝

ը) զրպարտության, այլ անձանց իրավունքները, անմեղության կանխավարկածը խախտելու նպատակներով։

Այսինքն, ըստ փաստաբանի, հեռեւստաընկերությունները մինչ տեսանյութի հրապարակումը պետք է ստուգեին տեսանյութում տեղ գտածը:

Պատգամավորի մյուս փաստաբան Օհան Գեւորգյանը ներկայացրեց որոշ փաստաթղթեր ու ապացույցներ այն մասին, որ Հովհ.Մարգարյանը չի եղել դատված, չի ունեցել դատվածություն. այսինքն՝ տեսանյութում տեղ գտածի հերքումները ներկայացվեց դատարան:

Այս ապացույցները դատարանը ուղարկելու է պատասխանող կողմին՝ Գյումրեցու ոգուն, հաջորդ դատական նիստը կայանալու է մարտի 28-ին:

Անի Մկրտչյան

Դիտումներ՝ 130

Մեկնաբանել

comments