Շիրակի մարզից համեմատաբար ավելի շատ ընտրող կմասնակցի

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ «Ասպարեզը» զրուցել է «Լիության տուն» համայնքային կենտրոն ՀԿ-ի ներկայացուցիչ Գուրգեն Տարախչյանի հետ:

-Պարոն Տարախչյան, ի՞նչ եք կարծում՝ Շիրակի մարզի բնակչության քանի՞ տոկոսը կմասնակցի այս ընտրություններին:

-Առաջիկա ընտրություններին գործազրկության եւ արտագաղթի մեծ ցուցանիշ ունեցող մարզից համեմատաբար ավելի շատ ընտրող կմասնակցի, քան նախորդ ընտրություններին: Այն պայմանավորված կլինի 9 կուսակցությունների եւ մարզից կուսակցությունների ցուցակներում ընդգրկված թեկնածուների կողմից համոզելու եւ խոստումներ շռայլելու մեծ աշխատանքով:

Գյումրի-9 քաղաքական ուժ է մասնակցում ընտրություններին, ի՞նչ եք կարծում՝ ընտրողի համար դժվա՞ր է կողմնորոշվելը:

-Ընտրողները ծրագրերի ընտրության առումով դժվարանալու կամ կողմնորոշվելու առիթ չեն ունենա, որովհետեւ դրանք ավելի շատ խոստումների, քան թե իրատես ծրագրերի բնույթ ունեն: Եթե առաջանան կողմնորոշվելու դժվարություններ, ապա դա ավելի շատ պայմանավորված կլինի ընկեր-բարեկամ-ազգական հարաբերություններով, կամ՝ այլ ակնկալիքներով:

-Ինչպիսի՞ կարծիք ունեք ուժերի կարգախոսների մասին, արդյո՞ք իրատեսական են դրանք:

-Լավ կլիներ, որ բոլոր կարգախոսները դառնային իրականություն: Հայաստանը դրանց կարիքը իրոք ունի: Կարգախոսը դա նպատակ է, որին պետք է ձգտել եւ հասնել:

-Ինչպե ՞ս եք գնահատում Գյումրիում նախընտրական քարոզարշավի առաջին օրերի պասիվությունը:

-Կարծում եմ՝ այն պայմանավորված էր կուսակցությունների եւ թեկնածուների կողմից սեփական ձայների վերագնահատումով եւ փնտրտուքով:

-Լավ, իսկ ինչպիսի՞ քաղաքական ուժ եք ուզում տեսնել խորհրդարանում:

-Այնպիսի քաղաքական ուժ, որի աշխատանքը կնպաստի տնտեսության վերակենդանացմանը, պետությունը կդարձնի արտադրական միջոցների սեփականատեր` նրան հնարավորություն տալով մրցակցել մասնավորի հետ, խթանել տնտեսության աշխուժացմանը, ստեղծել սեփական ուժերով պետական արտադրական աշխատատեղեր: Պետական բյուջեի ավելացումը կնպատակաուղղի ստրատեգիական նշանակության ոլորտներին՝ բանակին եւ երկրի անվտանգությանը, կապահովի հասանելի կրթություն եւ բժշկություն:

Խառը տնտեսական համակարգով Չինաստանին հաջողվել է կերակրել 1 մլրդ-ից ավել բնակչության, գրավել աշխարհի զարգացած պետությունների տնտեսական շուկաները: Այս դեպքում արդեն քաղաքական կողմնորոշումները իրապես պայմանավորված կլինեն գաղափարական հենքով:

Զրույցը՝ Անի Մկրտչյանի

Գ.Տարախչյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Դիտումներ՝ 175

Մեկնաբանել

comments