«Շատ փնթի ձեւով է իրականացվում նոր ընտրական գործընթացի իրազեկումը»

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ «Ասպարեզը» զրուցել է  քաղաքագետ Գարիկ Քեռյանի հետ:

-Պարոն Քեռյան, ՀՀԿ-ն բազմաթիվ խոստումներ է տվել, որոնք այդպես էլ իրականություն չեն դարձել: Ինչպիսի՞ն է  ձեր դիրքորոշումը նախընտրական դաշինքների հանդեպ:

-Հայաստանում պատասխանատվության եւ հաշվետվության մեխանիզմը կատարյալ չէ եւ դա վերաբերում է ոչ միայն իշխող կուսակցությանը, այլեւ մյուս բոլոր կուսակցություններին: Դրա համար մենք այսօր ավելի շատ կանխակալ մոտեցում ունենք ՀՀԿ-ի հանդեպ, քան թե մյուսների, որովհետեւ կուսակցությունների մի մասը, ովքեր ընտրարշավին մասնակցում են եւս խոստումներ են տվել, եւս ունեցել են լծակներ` դրանք կատարելու, եւս եղել են իշխանության մաս: Իսկ որոշ ժամանակ իշխանության մաս չլինելով՝ նաեւ ընդդիմություն են եղել եւ իրենց ընտրազանգվածին ընդդիմադիր ուժի գործառույթների խոստումներ են տվել: Իսկապես այսօր չկա այդ քաղաքական կուլտուրան. որ մտնու՞մ ես քաղաքական պայքարի մեջ, մասնակցու՞մ ես նախընտրական գործընթացին՝ ուրեմն բարի եղիր նախընտրական ծրագրի կատարման մասին նաեւ հաշվետվություն տալ: Ինչ վերաբերվում է վերաբերմունքին, ապա սխալ կլինի շեշտել, թե ով է արժանի, ով է անարժան: Որեւէ կուսակցության հանդեպ՝ իշխող, թե ընդդիմադիր կանխակալ վերաբերմունք ունենալը ես սխալ եմ համարում:

-Նախընտրական դաշինքներում ընդգրկված են նաեւ այնպիսի անձինք, ովքեր իրենց անցյալով չեն փայլում: Նման պայմաններում ընտրողների համար դժվար չի՞ լինի ընտրություն կատարել:

-Դժվար բան է,բայց կարելի է դժվարությունն հաղթահարել: Դրա համար ընտրողն հնարավորություն ունի ընտրելու եւ՛ կուսակցությանը, եւ՛ անհատներին: Այսօր շատ փնթի ձեւով է իրականացվում մեր բնակչության համար նոր ընտրական գործընթացի իրազեկումը:

-Որոշ վերլուծաբանների կարծիքով՝ ՀՀ անկախության հռչակումից հետո մենք համապետական մակարդակով արդար ընտրություններ չենք անցկացրել: Դու՞ք ինչ եք կարծում:

-Նրանք, ովքեր պնդում են, թե  ընտրություններն արդար են կամ անարդար, դա զուտ տեսական դաշտում է վիճաբանություն:  Փաստացի տվյալներ, զուտ վիճակագրական արդյունքներ ու ապացույցներ առայժմ չկան, ուստի որքան որ պնդում են, թե արդար է եղել, այդքան էլ ընդդիմախոսները կարող են պնդել, որ անարդար է եղել:

Լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Զրուցեց Անահիտ Սիմոնյանը

Դիտումներ՝ 24

Մեկնաբանել

comments