«Ո՞նց կարելի է 5000-10000 դրամով ծախվել եւ ասել, թե ընտրությունները կեղծվել են»

Ինչպիսի՞ն էր 2016 թվականը Հայաստանի համար քաղաքական զարգացումների առումով: Թեմայի վերաբերյալ «Ասպարեզը» զրուցել է քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ:

-Պարոն Համբարյան, ընդհանուր առմամբ ինչպիսի՞ն էր 2016 թվականը մեզ համար:

-2016 թվականը մեզ եւ ամբողջ աշխարհի համար բարդ տարի էր: Ես կառանձնացնեի քաղաքական հետեւյալ իրադարձությունները: Առաջինը ապրիլյան կարճատեւ պատերազմն էր, որը բացահայտեց մեր լճացած լինելու հանգամանքը: Նախեւառաջ, մենք պարզեցինք, որ, չգիտեմ ինչու, մեր բանակը զինված է 80-ականների զենքով, այն դեպքում, երբ իշխանությունները բավական երկար տարիներ մեր հասարակությանն համոզում էին, որ ՀՀ բնակչությունը վատ է ապրում` համեմատած հարեւան երկրների հետ այն պատճառով, որ մեր օլիգարխները իբրեւ թե զենք, զինամթերք են գնում մեր բանակի համար: Իրականում պարզվեց, որ նրանք գրպանում են բանակին հատկացվող գումարները, իսկ մեր բանակը զինված է 80-ականների զենքով: Ոմանք, իրենց տգիտությունը ցույց տալով, հայտարարեցին, որ 80-ականների զենքն ավելի լավն է, քան 21-րդ դարում արտադրված զենքը: Ես համարում եմ, որ 100 երիտասարդի կյանք խլած այդ 4-օրյա պատերազմը շատ մեծ գին էր, որը վճարեցինք թուրքերի կողմից սանձազերծված պատերազմում: Մենք հասկացանք, որ բանակի շքեղաշուք որոշ գեներալներ բացարձակ արժանի չեն այդ կյանքին: Հայաստանում ձեւավորվել է գեներալների տզրուկային համակարգ: Եթե համեմատում ենք գեներալների թիվը մեր բնակչության թվաքանակի հետ, ապա այսպիսի խայտառակ պատկեր ոչ մի տեղ չկա: Ով վերեւներում ծանոթ է գտնում, նույն րոպեին գեներալ է հռչակվում: Այդ գեներալները, երեւի թե, կյանքերի մեջ ավտոմատ էլ բռնած չկան կամ եթե Արցախյան առաջին պատերազմի ժամանակ բռնել են, ապա հիմա բացարձակ պատկերացումներ էլ չունեն նորագույն զենքի եւ զինամթերքի վերաբերյալ: Իրենք շատ կարեւոր գործով են զբաղված` որովայնը մեծացնելու եւ հասարակությանն իրենց ցոփ ու շվայտ կյանքն ապացուցելու քաղաքականությամբ:

Ցավոք սրտի, մենք տեսանք, որ մեր բանակն ունի խնդիրներ, որոնք պահանջում են օպերատիվ լուծումներ: Շատ ուրախ կլինեի, եթե նախագահ Սերժ Սարգսյանը շատ խիստ ձեւով պատժեր գող եւ թալանչի որոշ գեներալների, որոնց պատճառով ունեցանք այդքան քանակությամբ մարդկային զոհեր:

Ցավոք սրտի, պետք է նշենք, որ ճիշտ է` հայկական բանակը (Արցախի զինուժը) կանգնեցրեց թշնամու հուժկու հարձակումները եւ ցույց տվեց, որ բլիցկրիգի օպերացիան, որն իրենք նախատեսել էին, չիրականացավ, բայց մենք ունեցանք տարածքային կորուստներ, որը, ցավոք, շատ մեծ խրախճանքով ընդունվեց Ադրբեջանում եւ ինչպես ես կանխատեսում էի, 800 հեկտար տարածքի գրավումն ադրբեջանցիների կողմից ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից օգտագործվում է որպես հուսադրող իրադարձություն, որ իբր թե հայկական զինուժն այն զինուժը չէ, որը եղել է 90-ական թվականների սկզբին, որը ջախջախեց ադրբեջանական բանակին եւ պարտադրեց նրան կնքել զինադադար:

Երկրորդ իրադարձությունը, որը ես կառանձնացնեմ, դա «Սասնա ծռեր»-ի կողմից Երեւանի ՊՊԾ գնդի գրավումն է, որը ցույց տվեց, որ Հայաստանում ծայրահեղ լարված է սոցիալ-տնտեսական եւ քաղաքական  վիճակը: Եւ երբ քաղաքական ուժերը եւ հասարակությունը չեն կարող լեզու գտնել իշխանությունների հետ, ապա իրենց ձեռքին զենք են վերցնում: Նշեմ, որ սա իր մեջ շատ մեծ վտանգ պարունակող իրադարձություն էր: Սրանում մեղավոր էին ոչ թե այն մարդիկ, ովքեր այս ամենը կազմակերպեցին, այլ այն անձինք, ովքեր պարտադրեցին այս մարդկանց իրենց ձեռքը զենք վերցնել, որովհետեւ, եթե այդ «հանցագործները» ընդունելի չլինեին հասարակության կողմից, ապա հիմա նրանք ավելի վատ վիճակում կլինեին: Մեր բնակչության գրեթե 90 տոկոսը «Սասնա ծռեր»-ի այս քայլը բնութագրեց որպես հերոսություն: Մեր իշխանությունները պետք է իրենց մեջ ման գան, թե ինչու մարդկանց մեծ մասը կանգնեց «հանցագործների» կողքին: Այստեղ պետք է վերլուծվի, թե իրականում ով է հանցագործը եւ ով է հասարակությանը դրդում հանցանքներ գործել պետության դեմ:

Երրորդ կարեւոր իրադարձությունը, որը սպորտային է, դա մեր գյումրեցի դյուցազն Արթուր Ալեքսանյանի հաղթանակն էր օլիմպիական խաղերում` Ռիո դե Ժանեյրոյում, որն ՀՀ-ին բերեց այն ոսկե մեդալը, որը մենք չէինք տեսել 20 տարի: Այս իրադարձությունը ես քաղաքական եմ բնութագրում, որովհետեւ գլոբալացման այս դարաշրջանում ոչ մի բան քաղաքականությունից դուրս չէ: Նույն օլիմպիական խաղերը քաղաքականություն է, ինչպես նաեւ Միհրան Հակոբյանին օլիմպիական ոսկուց զրկելը: Դրանով մեզ ցույց տվեցին, որ փոքրիկ Հայաստանը չի կարող երկու ոսկե մեդալ ունենալ:

Երրորդ կարեւոր իրադարձությունը մեր ՏԻՄ ընտրություններն էին, որի ժամանակ թե Գյումրիում, թե Վանաձորում իշխանություններն հասկացան, որ իրենք չեն վայելում մեր հասարակության մեծամասնության աջակցությունը: Որքան էլ ՀՀԿ-ն օգտագործի տեղական էլիտային` իր դիրքերն ամրապնդելու համար, նրանց ընտրազանգվածը չի անցնում 30-35 տոկոսը:


Չորրորդ կարեւոր իրադարձությունը ես համարում եմ ՀՀ նոր վարչապետի նշանակումը: Սա երեւի թե մեր հասարակության վերջին հույսն է, որ անձը կարող է ՀՀ-ն դուրս բերել այն սոցիալ-տնտեսական խորը ճգնաժամից, որում մեր երկիրն հայտնվեց 2008 թվականից հետո, երբ Համաշխարհային տնտեսական ճգնաժամը չշրջանցեց մեզ եւ մենք հայտնվեցինք ամենավատ հորիզոնականում: Աշխարհում Հայաստանը տնտեսական անկման ցուցանիշով երեւի թե երկրորդ տեղում էր գտնվում եւ, որքանով ես եմ տեղյակ, կազմում էր 17 տոկոս: Հետագայում մեր իշխանությունները վարչապետ Տիգրան  Սարգսյանի գլխավորությամբ փորձում էին խաբել մեր հասարակությանը, իբր թե մեր երկրում տնտեսական աճ կա: Առանց ամոթի Տ.Սարգսյանը փորձում էր համոզել, որ այդ աճը չպետք է զգա հասարակությունը, այլ դա զգում է տնտեսությունը: Սա տարրական տգետ, դավաճան անձնավորության բարբաջանք է: Ուրիշ ձեւ ես չեմ կարող մեկնաբանել ամենատխրահռչակ վարչապետի հայտարարությունները: Ցավոք սրտի, տվյալ անձը բավական երկար ժամանակ մնաց վարչապետի պաշտոնում եւ Հայաստանի արտաքին պարտքն հանեց մինչեւ 6 մլրդ դոլար: Շնորհիվ տխրահռչակ Տ.Սարգսյանի, մենք նաեւ կունենանք 6 մլրդ դոլարից ավել պարտք, քանի որ տարիների ընթացքում տոկոսներն  աշխատելու են եւ այդ պարտքը ոչ թե նա է տալու իր ընտանիքով հանդերձ, այլ մենք եւ մեր սերունդները, որովհետեւ այդպես է ուզում Տ.Սարգսյանը: Իսկ նրա վարչապետությունն հավանության էր արժանանում Սերժ Սարգսյանի կողմից:

Եւ հիմա ամբողջ հասարակության հույսը Կարեն Կարապետյանի հետ է կապված: Իհարկե, 100 օրն արդեն լրացել է, բայց դա շատ քիչ ժամանակահատված է, որպեսզի ինքը կարողանա այդ ախոռները մաքրել: Բայց Կ.Կարապետյանն էլ շատ երկար ժամանակ չունի, քանի որ մոտենում են հաջորդ տարվա ՏԻՄ ընտրությունները եւ եթե Կ.Կարապետյանը չկարողանա շոշափելի արդյունքների հասնել, ապա  ՀՀԿ-ին շատ դժվար կլինի ստանալ հասարակության ձայների մեծամասնությունը:

Բացի այդ արդեն որերորդ տարին է` մեր իշխանությունները չեն բարձրացնում ոչ բնակչության մինիմալ աշխատավարձերը, ոչ էլ թոշակի եւ նպաստի չափերը:

Միջազգային ասպարեզում եւ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանն հանգիստ չի նստել եւ շարունակում է սպառազինությունների մրցավազքը եւ այդ երկիրը կրկին պատրաստվում է հարձակվել Արցախի վրա: Մենք ոչ մեկի վրա հույս դնել չենք կարող. ոչ մեր ռազմավարական գործընկերոջ` Ռուսաստանի, որովհետեւ նա միշտ էլ հայտարարել է, որ Արցախը կապ չունի Հայաստանի Հանրապետության հետ եւ իրենք պարտավորված չեն Արցախի պաշտպանությամբ զբաղվել եւ երկրորդ` մենք չպետք է մոռանանք, որ մեր ռազմավարական գործընկերը Իսրայելի եւ Թուրքիայի հետ շատ մեծ քանակությամբ զենք են վաճառում Ադրբեջանին: Նույն Ադրբեջանն իսրայելական անօդաչու թռչող սարքերի հետ մեկտեղ նաեւ արցախյան բանակի դեմ օգտագործում էր ռուսական արտադրության նորագույն զինտեխնիկա: Եթե իշխանությունը եղավ թույլ, հասարակության կողմից չընդունված, ապա միջազգային ասպարեզում նա եւս շատ թույլ կլինի, ինչից կօգտվեն մեր թե բարեկամները, թե թշնամիները:

-Արդյո՞ք ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում ընկած Մադրիդյան սկզբունքները կորցրել են իրենց արդիականությունը:

-Ես դրանց շատ կողմ չեմ, բայց խնդիրն հետեւյալն է` Ադրբեջանն ընդհանրապես դեմ է: Այդ երկիրը 1994 թվականին զինադադար էր աղերսում, սակայն հիմա հասել է այն մակարդակին, որ այդ տարբերակին էլ համաձայն չէ. այսինքն` տարածքներ Արցախի կարգավիճակի դիմաց: Այդ սկզբունքների հիմքում հենց դա է ընկած. այսինքն հայկական կողմը ետ է վերադարձնում ազատագրված տարածքների որոշ մասը, բայց դրա դիմաց Ադրբեջանը պետք է ճանաչի Արցախի անկախությունը: Հիմա ադրբեջանցիներն հայտարարում են, որ ոչ մի սկզբունք էլ չկա եւ հայկական կողմի հետ բանակցությունները Արցախի ապագա կարգավիճակի վերաբերյալ կվարվի միայն այն դեպքում, երբ հայկական «օկուպացիոն» զորքերը դուրս կբերվեն ադրբեջանական տարածքներից: Այդ դեպքում ադրբեջանական կողմը կհամաձայնվի, որպեսզի Արցախին տրամադրվի ինքնավարություն: Այսինքն մենք ետ ենք վերադառնում այն ժամանակները, որը եղել է մինչեւ 1988 թվականի փետրվարի 20-ը, երբ Արցախը ինքնավար մարզի կարգավիճակ ուներ Խորհրդային Ադրբեջանի կազմում: Եւ պարզվում է, որ այն տասնյակ, հազարավոր զոհերը, որոնք մենք տվել ենք 80-ական թվականների վերջին եւ 90-ականների սկզբին, շատ իզուր էին: Ադրբեջանական կողմը մեզ սա է պարտադրում: Իսկ մենք շատ տգետ, անողնաշար արտաքին քաղաքականություն ենք վարում: Ուզում եմ ասել, որ մենք ընդհանրապես արտաքին քաղաքականություն չունենք: Նախաձեռնող կողմ լինելու փոխարեն մենք անընդհատ պաշտպանվում ենք` փորձելով խաղաղասիրական եւ հիմար կարգախոսներով հանդես գալ այն դեպքում, երբ մենք շատ լավ գիտենք, որ խաղաղասիրությունն աշխարհում բացարձակ չի ընդունվում: Աշխարհում ընդունում են ուժեղներին: Դուք հեչ տեսե՞լ եք, որ որեւէ հաղթանակ տարածի քննադատեն: Չկա էդպիսի բան: Հաղթանակ տանողների կողքն ավելի շատ ընկերներ են կանգնում:

Մեր արտաքին քաղաքականությունն այնքան անողնաշար եւ հակահայկական է, որ նույնիսկ մեր գործընկերները ՀԱՊԿ-ի եւ ԵՏՄ-ի մեզ նույնիսկ չեն էլ հարգում: Մենք Տաջիկստանի կամ Ղրղզստանի չափ էլ չկանք, որոնք կարող են Ռուսաստանի դեսպանին կանչել եւ նոտա տալ: Մենք Բելառուսի դեսպանին նույնիսկ վախենում ենք նոտա տալ: Ո՞վ է Բելառուսի դեսպանը, իրենից ի՞նչ է ներկայացնում: Մենք մեր գործընկերների հակահայկական բարբաջանքներին բացարձակ չենք արձագանքում:

-Պարոն Համբարյան, եթե հաջորդ տարի ունենանք ապրիլյան պատերազմի կրկնությունը, ապա այն ինչպիսի՞ հետեւանքներ կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի համար:

-Եթե տեղի ունենա կարճատեւ պատերազմ, որի ժամանակ հայկական կողմը ունենա այն, ինչ ունեցել է ապրիլյան պատերազմում, ապա այդ դեպքում մեր իշխանությունները ցույց կտան իրենց սնանկությունը: Եթե այսպիսի պատերազմի դեպքում մենք մեր հակառակորդին կրկին պարտադրենք աղերսել խաղաղություն, ապա ես կհամարեմ, որ մեր իշխանություններն իրենց կողմից թույլ տված սխալներն ուղղել են: Եթե երկրորդ անգամ ինչ-որ հեկտար տարածքի կորուստը մեր իշխանությունները փորձեն մեկնաբանել, ապա իմացեք, որ մեր հասարակությունը դա չի ընդունի:

-Հաջորդ տարի մեր հանրապետությունում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ: Արդյո՞ք իշխող կուսակցությունը մեր խորհրդարանում կրկին մեծամասնություն կկազմի:

-Դա կախված է իշխող կուսակցության քաղաքականությունից եւ մեր հասարակությունից: Իշխող կուսակցությունն ամեն ինչ անում է, որպեսզի իր դիրքերն ապագա ԱԺ-ում պահպանի: Այսինքն, քանի որ մենք դառնալու ենք պառլամենտական հանրապետություն, ապա իշխանություններին անհրաժեշտ է ԱԺ-ում մեծամասնություն ձեւավորել: Իշխանություններ ասելով` ես նկատի չունեմ ՀՅԴ-ին էլ հետը, այլ` կոնկրետ ՀՀԿ-ին: Քանի որ ընտրությունների մեծամասնական համակարգը վերանալու է, եւ  դրան փոխարինելու է գալիս ռեյտինգային կամ վարկանիշային կոչվող համակարգը, ապա իշխանություններն իրենց վերարտադրության համար շատ խելացի եւ հետաքրքիր տարբերակ են մշակել` մարզերի էլիտային, ճանաչված դեմքերին, փորձում են ներգրավել իրենց շարքերը, նրանց պարտադրում են մտնել վարկանիշային ցուցակի մեջ եւ ձայներ ապահովել ՀՀԿ-ի համար: Դուք գիտեք, որ Շիրակի մարզում բազմաթիվ անձինք ընդգրկված են ՀՀԿ-ի վարկանիշային ցուցակի մեջ: Այդ անձանց միջեւ տեղի է ունենալու կատաղի պայքար, իսկ Սերժ Սարգսյանի համար կարեւորն այն է, որ այդ պայքարի արդյունքում, թեկուզ մարդիկ իրար հետ չբարեւեն, չխոսեն էլ, միեւնույն է, այդ բոլոր ձայները գնան հանրապետական կուսակցությանը: Իշխանությունների համար սա է խնդիրը եւ հենց սրանով է պայմանավորված, որ իրենք մարզային էլիտային ամբողջությամբ ընդգրկել են իրենց շարքերը եւ պարտադրում են մասնակցել վարկանիշային ցուցակով ընտրություններին:

Ընդդիմությունն էլ ունի մեծ շանսեր. իշխանությունների դեմ պայքարի հարցում, օրինակ, ՀԱԿ-ի ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը ոչ թե պետք է միայն ցուցակով առաջադրվի, այլեւ վարկանիշային ցուցակով առաջադրվի, որպեսզի հասարակությունը գնա եւ նրան էլ ընտրի: Սա էլ է ձայն բերելու: Մեր ընդդիմադիր դաշտի ճանաչված թեկնածուները բոլորն անխտիր պետք է վարկանիշային ցուցակով իրենց թեկնածությունը դնեն, որպեսզի կարողանան քարոզել ոչ միայն համապետական, այլ նաեւ համապատասխան ընտրատարածքի մասշտաբով եւ բերեն մեծ քանակությամբ ձայներ` ընդդիմության համար:

Ինչ վերաբերում է մյուս կուսակցություններին, աապ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերադարձով եւս սպասվում են մեծ փոփոխություններ: Եթե նա վերադառնա, ապա ԲՀԿ-ի վարկանիշը բավական մեծ աճ կարձանագրի: ՀՅԴ-ն կփորձի պահպանել իր դիրքերը. ես չեմ կարծում, որ նրան կհաջողվի 5-6 տոկոսից ավել ձայն ստանալ: Ընդդիմությունը կփորձի ավելի մեծ քանակությամբ ձայներ հավաքել: «Հայկական վերածնունդ»-ը եւս կփորձի պահպանել իր ներկայությունն ապագա ԱԺ-ում, քանի որ  ԱԺ ընտրությունները լինելու են եզակի համապետական ընտրություններ. մենք դառնալու ենք պառլամենտական հանրապետություն եւ 2018 թվականին մենք էլ նախագահական ընտրություններ չենք ունենալու: Հենց սրանով է պայմանավորված, որ գրեթե բոլոր քաղաքական ուժերը կփորձեն մասնակցել պառլամենտական ընտրություններին: Նոր քաղաքական ուժեր` հանձինս «Ելք» դաշինքի (երեք ընդդիմադիր ուժերի միավորում), նաեւ Վարդան Օսկանյանի ղեկավարած «Համախմբումը» եւս կփորձեն ԱԺ ընտրությունների արդյունքում 5 տոկոսանոց արգելքն հաղթահարել եւ հայտնվել ԱԺ-ում: Արդեն հայտեր են ներկայացնում Վիկտոր Դալլաքյանի եւ նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կուսակցությունները, որ նրանք եւս շատ ակտիվորեն կմասնակցեն հաջորդ տարի սպասվող ԱԺ ընտրություններին: Այնպես որ, մեզ շատ հետաքրքիր իրադարձություններ են սպասվում:

Ինչ վերաբերում է մեր հասարակությանն, ապա այն շատ անհաս է եւ շատ ցածր մակարդակի վրա է գտնվում: 5000-10000 դրամները վերցնում են, առանց ամոթի թույլ են տալիս, որ իրենց նստեցնեն երթուղային տաքսիներ, հոտի նման տանեն ընտրատեղամասեր: Ամոթ է, այդ 5000  դրամը բաժանեք 5 տարիների վրա, նայեք` որքա՞ն գումար կկազմի: Այդ 5000 դրամով հիմա նույնիսկ նորմալ սրճարան չես գնա: Ո՞նց կարելի է 5000-10000 դրամով ծախվել եւ ասել, թե ընտրությունները կեղծվել են: Բացարձակ չեն կեղծվել: Ընտրակաշառքը ո՞րն է: Եթե քո հասարակությունը մեծ հաճույքով հերթ է կանգնում միկրոավտոբուսների մոտ եւ առանց ամոթի գումարը վերցնում եւ դուրս է գալիս, մտնում  ընտրատեղամաս, ապա ի՞նչ ծախվելու մասին է խոսքը: Է, թող չծախվեն: Պարտադրել ե՞ն, որ ծախվեն: Ամեն ինչի մեջ իշխանությունների մեղավորությունը չպետք է փնտրել: Եթե այս իշխանությունները ձեւավորվել են հասարակության ընտրության հետեւանքով, ապա այս հասարակությունն արժանի է այս իշխանությանը:

Երեւանում մեծամասնական համակարգով իրենց թեկնածությունն էին դրել  Նիկոլ Փաշինյանը եւ հանրաճանաչ Սամվել Ալեքսանյանը, որին հասարակությունն ավելի շատ ընդունում է որպես Լֆիկ Սամո մականունով: Հիմա ո՞վ է մեղավոր, որ Ս.Ալեքսանյանին ձայն էր տվել 20000-ից ավել մարդ, իսկ Ն.Փաշինյանին կրկնակի ավելի քիչ: Ն.Փաշինյա՞նն է մեղավոր: Իհարկե ոչ: Եթե հասարակությունն արժանի է ունենալ Ս.Ալեքսանյանի նման պատգամավոր, ով ընդամենը զբաղված է կոճակ սեղմելով, ուրեմն մեր հասարակությունն արժանի է ունենալ այդպիսի կամ ասենք շմայսանման պատգամավորի: Եթե Երեւանի Էրեբունու շրջանի բնակչությունն արժանի է ունենալ Մհեր Սեդրակյանի նման պատգամավորի, ով առանց ամոթի հայտարարում էր`ավելի լավ է ապրել ռուսների լծի տակ, քան թուրքերի եւ պարսիկների, ուրեմն արժանի է ունենալ այդպիսի պատգամավոր:

Ժողովուրդը կարող է նմանների լծի տակից դուրս գալ` տարրականորեն ձայն չտալով նման մարդկանց: Օրինակ նախագահական ընտրությունների ժամանակ Գյումրու բնակչության 68 տոկոսը գնաց եւ ձայն տվեց ընդդիմության թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին` հայտարարելով, որ իրենք չեն գնա եւ չեն ընտրի Ս.Սարգսյանին: Ամեն ինչ չի կարելի կապել իշխանությունների հետ, հասարակության ունեցած դերը եւս մեծ նշանակություն ունի:

Նշեմ, որ քաղաքական կուսակցությունը, որը ժողովրդից գնում է իշխանությունը, հետագայում երբեք ժողովրդի շահերը հաշվի չի առնում: Մենք ունենք պատգամավորներ, ովքեր բացարձակ չեն երեւում դաշտում, որովհետեւ իրենք այնքան ապահովագրված են, որ գիտեն` բնակչության մեծ մասին կարող են գնել:

-Քանի որ մեր երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի կայունացումը կարեւոր է, ապա ուզում եմ հարցնել, թե մեր երկրի ոսկու պաշարները ե՞րբ են վաճառվել: Մենք չունենք այդպիսի պահուստային ռեզերվներ:

-Դրանք վաճառվեցին տխրահռչակ վարչապետ Տ.Սարգսյանի կառավարման տարիներին: Մենք հիմա ոչ մի գրամ ոսկու պաշար չունենք:  Գիտեք, ՀՀ բնակչությունն այնքան քիչ է, որ այն ընդամենը կազմում է Մոսկվայի մեկ պրեֆեկտուրայի բնակչության թվաքանակի չափ: Մոսկվայում պաշտոնապես 12 մլն մարդ է բնակվում, ոչ պաշտոնապես` 16 մլն: Պատկերացնում եք, չէ՞, Մոսկվայի որեւէ վարչատարածքային միավորի ղեկավարն ավելի մեծ լիազորություններ ունի, քան ՀՀ նախագահը: Այնքան հեշտ է մեր բնակչությանը պահելը եւ դա դժվար գործ չէ: Ես չեմ համարում, որ դժվարանում են: Այստեղ հատուկ ծրագիր կա: Բա որ Հայաստանի մայրաքաղաքը լիներ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի նման, Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի նման` 24 մլն մարդ,  այդ դեպքու՞մ ինչ էին անելու մեր իշխանությունները: 3 միլիոնին չեն կարողանում մարդավայել պահել: Եթե դուք դուրս գաք եւ տեսնեք, թե ինչ ձեւով են կառավարվում այդ երկրները եւ քաղաքները, ապա կհասկանաք, թե մեր երկիրը կառավարելն ինչքան հեշտ է: Առավել եւս, որ ունենք հայ ժողովրդի նման բնակչություն: Հայերը պահանջատեր էլ չեն: Եթե Մոսկվայում ամռանը տաք  ջուրը երեք օրով անջատեն, դուք կտեսնեք, թե մոսկվացին ինչ կանի համապատասխան պրեֆեկտուրայի դիմաց կամ էլ դրա ղեկավարի գլուխն ինչ կանի: Իսկ մեր ժողովուրդը պատերազմ տեսել է, սով տեսել է, ցուրտը տեսել է, ամեն ինչը տեսել է եւ դեռ պետք է տեսնի:

-Ի դեպ, մեր հարեւան Թուրքիայում եւս ցուցարարները բավական ակտիվ են:

-Բոլոր տեղերում էլ ակտիվ են ցուցարարները, եթե սոցիալական պահանջներ են ներկայացնում: Իսկ մեր իշխանությունները լճացել են այն բանից, որ մեր հասարակությունն հաշվի առնելով Արցախյան հիմնախնդիրը, շատ մեծ ակտիվություն չի ցուցաբերում: Դրանից էլ ոմանք լկտիանում են` մտածելով, որ հասարակության համբերության բաժակը Դանայան դատարկություն է եւ պետք է միշտ կուլ տան այդ ամենը, որովհետեւ մենք ունենք խնդիրներ հարեւան Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ: Միեւնույն ժամանակ մոռանում են, որ մեր հասարակությունը շատ լավ տեսնում է ոմանց ցոփ ու շվայտ, լկտի ապրելակերպը:

Գ.Համբարյանի լուսանկարները վերցված են իր ֆեյսբուքյան էջից

Հարցազրույցը` Անահիտ Սիմոնյանի

Դիտումներ՝ 7

Մեկնաբանել

comments