«Ո՞ւմ գրպանի հաշվին Գյումրի գնանք-գանք»

Ֆինանսների նախարարը չի ցանկանում տեղափոխվել Գյումրի

2017 թվականին Գյումրու բյուջեն կազմում է 3 միլիարդ 165 միլիոն 500 հազար դրամ,  2016-ի տարեկան բյուջեն 3 մլրդ 95 մլն դրամ էր: Ըստ ազգային վիճակագրական ծառայության` Գյումրիում աղքատությունը կազմում է 45 տոկոս. հանրապետության երկրորդ քաղաքը առաջինն է նաեւ գործազրկության ցուցանիշով: Սա, իհարկե, պաշտոնական տվյալներով, Գյումրու իրական պատկերը շատ ավելի տխուր է. աղքատությունը կազմում է ոչ թե 45 տոկոս, ինչպես համոզում են պաշտոնական տեղեկությունները, այլ` 60-70:

Նախորդ տարի Գյումրի ժամանած ֆինանսների նախարար Վարդան Արամյանից «Ասպարեզը» հետաքրքրվեց, թե մոտ 30 տարի աղետի գոտի համարվող, աղքատությամբ առաջատար Գյումրու խնդիրների լուծման համար քաղաքի բյուջեն ու պետական դոտացիան արդյո՞ք բավարար գումար են:

«Ֆինանսները միշտ քիչ են, պետք է պայմաններ ստեղծել, որ մասնավորը ներդրումներ կատարի, թե չէ միայն պետական աջակցությունը արդյունավետ չէ»,-ասաց նախարարը եւ տեղեկացրեց, որ եթե 3 միլիարդի փոխարեն 10 լիներ, կրկին քիչ կհամարվեր. «Պետությունը չի կարող շատ փող տալ, քանի որ մենք ունենք բանակի հետ կապված հազար ու մի խնդիրներ»,-նշեց ֆինանսների նախարարը:

Մասնավորին Գյումրու պայմաններով «գայթակղելու» կոչերին զուգահեռ Վարդան Արամյանը հիշեց վարչապետ Կարեն Կարապետյանի այցը Գյումրի, նաեւ վերջինիս ներդրումային ծրագրերի առաջարկն ու պահանջարկը, ապա ասաց.

-Մասնավորը այստեղ ներդրումներ չի անի քաղաքային վատ ենթակառուցվածքի պատճառով, բայց մենք անում ենք` որպես պետություն,-ասաց Վ.Արամյանը եւ բացառեց Գյումրուն հատուկ կարգավիճակ տալու առաջարկն ու պետական դոտացիայի ավելացումը:

Ֆինանսների նոր նախարար Վարդան Արամյանը դժվարացավ ասել, թե 2017-ին հրատապ խնդիրների լուծման ծրագիրը վերսկսվելու՞ է, թե՞ ոչ: Նախարարը պարզաբնեց` եթե ֆինանսավորում լինի, ապա պետք է հատուկ սկզբունքով որոշել, թե որոնք են հրատապ խնդիրներ ունեցող համայնքները:

-Մենք փորձելու ենք ձեւակերպել, թե որն է հրատապ խնդիր կոչվածը, քանի որ ամեն հարց հրատապ լուծում է պահանջում: Համայնքը պետք է ունենա իր սեփական տնտեսական ներուժը՝ հույսը չդնելով պետության վրա,-ասաց նախարարը:

«Ասպարեզը» նախարարին հարցրեց Գյումրին նախարարական կենտրոն դարձնելու նախաձեռնությունների մասին: Ֆինանսների նախարարը Գյումրի տեղափոխվելու եւ հանրապետության 2-րդ քաղաքում աշխատելու առաջարկը մերժեց:

-Ֆինանսների նախարարությունը պատրաստ է ամեն ինչի, բայց մենք օրը 4-5 անգամ կառավարություն խորհրդակցության ենք գնում: Գյումրուց ո՞նց գնանք-գանք, ու՞մ գրպանի հաշվին գնանք-գանք, թող այնպիսի նախարարությունների տեղափոխեն, որ այդքան էլ կառավարության հետ ամենօրյա աշխատանքը շատ չէ,-եզրափակեց նախարարը:

Նարեկ Կիրակոսյան

Դիտումներ՝ 4

Մեկնաբանել

comments